A1+. 24-12-2008- ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, ասել է թե՝ միջազգային կարեւորագույն մի փաստաթղթով, ամրագրվեց Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների գոյության փաստը: Որքան էլ ոմանց համար անսպասելի, այնուամենայնիվ դա, գուցե ուշացած, բայց օրինաչափ հանգուցալուծում էր: Մոնիտորինգի կոմիտեի որոշումը դատարկ տեղում չծնվեց: Մարտի 1-ի վաղ առավոտյան վարչախմբի պարագլուխների կողմից հրահանգված՝ Ազատության հրապարակում իրականացված դաժան ջարդից, ապա նույն օրը երեկոյան արդեն տասնապատիկ դաժանությամբ իրակնացված հանցավոր սպանդից հետո, ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում սկսվեցին ընդդիմության գործիչների զանգվածային ձերբակալություններ:
Աննախադեպ բռնությունների քաղաքական բնույթը բացահատ էր ու անթաքույց, եւ դա ամբողջությամբ տեսանելի էր ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ օտարերկրյա պետությունների ու միջազգային հանրության համար: Պատահական չէ, որ հենց առաջին օրերին՝ մարտի 4-ին եւ 12-ին Եվրամիության նախագահությունը հանդես եկավ կոշտ հայտարարություններով՝ պահանջելով անմիջապես վերացնել արտակարգ դրությունը եւ ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին: Հետագայում էլ այսօրինակ պահանջներն ու հորդորները միջազգային կառույցների ու տարբեր երկրների անունից պարբերաբար կրկնվեցին, բայց Արեւմուտքը, այդուամենայնիվ, տեւական ժամանակ անհետեւողական գտնվեց իր իսկ պահանջների կատարման նկատմամբ:
Այդ ընթացքում Հայաստանում իշխող ապօրինի վարչախումբը ձեռնամուխ եղավ Համաժողովրդական շարժումը զգետնելուն՝ նրա կալանված ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր թխելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեկ-առ մեկ ահաբեկելու, գոյության միջոցներից զրկելու ճանապարհով: Մյուս կողմից՝ Համաժողովրդական շարժումը, առանց խուճապի մատնվելու, կարողացավ տպավորիչ զանգվածային հանրահավաքներով, երթերով, ճկուն մարտավարությամբ, գրագետ ու արդյունավետ քաղաքական ու դիվանագիտական աշխատանքով ոչ միայն դիմակայել, այլեւ առավել հզորանալ՝ շարունակելով մնալ երկրում քաղաքական օրակարգ թելադրողի ու բարոյական իշխանության կրողի դերում: Լրջագույն քաղաքական գործոն դառնալու իր հանգամանքով է, որ նրան միջազգային ասպարեզում շատ ավելի լուրջ են վերաբերում, քան իշխող վարչախմբին: Ու նաեւ դրա արդյունքն է ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի ընդունած որոշումը:
Վարչախումբն այսօր մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, ծանր պարտություն է կրում երեք հարթությունների վրա. ա) Հաջողությամբ աշխատում է Փաստահավաք խումբը՝ որտեղ ի հայտ են գալիս բազմաթիվ կարեւոր փաստեր եւ իրողություններ:
բ) ԵԽ-ում. ազատազրկվածներին, ու մասնավորապես «7-ի գործով» մեղադրվողներին քաղաքական բանտարկյալներ հռչակելը հիմնահատակ քանդում է վարչախմբի հորինած առասպելը մարտի 1-ին, իբր, պետական հեղաշրջում կազմակերպված լինելու մասին: Վարչախումբը, այս իր համար ճակատագրական պահին, քաղաքական մոտեցում ցուցաբերելու փոխարեն, ցուգցվանգի մեջ, փորձում է վերջին ճիգերը գործադրելով, ամեն տեսակ ապօրինությունների դիմելով ի կատար ածել հերթական այս դատական ֆարսը: Մինչդեռ դատավարության ապօրինությունը տասնապատկվում է այն հանգամանքով, որ մեղադրյալները արդեն իսկ հայտարարված են որպես քաղբանտարկյալներ:
գ) Դատավարություններում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած առաջին դատական նիստը ցույց տվեց, որ անհնար պետք է լինի իրականացնել հերթական դատական ֆարսը: Դատարանի շուրջ բազմահազար մարդկանց հաստատակամ ներկայությունն ու բողոքը, մեղադրյալների անկոտրում ոգին, փաստաբանական խմբի գրագետ աշխատանքը հօդս ցնդեցրին նախապես կազմված սցենարը: Դատարանում իրական մեղադրողները 7 քաղբանտարկյալներն էին, իսկ ամբաստանյալները՝ դատավորն ու դատախազները:
Հաջորդ նիստով ինչ-որ բան շտկելու, սեփական ճամբարում հնարավոր խուճապը կանխելու նպատակով, վարչախումբը դիմեց քայլերի, որոնք վկայում են որոշում կայացնողների ինքնատիրապետումն ու սառը դատողությունը կորցնելու, միակ հույսը իրենց ընտանի ապօրինություններն ու ահաբեկչությունը խորացնելու վրա: Քաղբանտարկյալների ոգին կոտրելու համար նրանց նկատմամբ բռնություններ են գործադրվում: Մասնավորապես՝ դեկտեմբերի 23-ի վաղ առավոտյան, դատական նիստից առաջ, իր բանտախցում դաժան ծեծի է ենթարկվել Գրիգոր Ոսկերչյանը, որը պատրաստվում էր այդ օրվա նիստում կարեւոր հայտարարություն անել: Նույն օրը ծեծի է ենթարկվել նաեւ քաղբանտարկյալ՝ Գեւորգ Մանուկյանը եւ Արմեն Խուրշուդյանը: Վատթարացվել են Գրիգոր Ոսկերչյանի ու Աշոտ Մանուկյանի բանտային պայմանները: Կանխելու համար դատարանի դահլիճում քաղբանտարկյալների հարազատների ու համախոհների ներկայությունը, նախապես տեղերի մեծագույն մասը զբաղեցրել էին քաղաքացիական հագուստով զանազան մարզված օպերատիվ աշխատողներով ու հանցավոր տարրերով՝ նպատակ ունենալով դատավարության ընթացքում քաղբանտարկյալների համար ճնշող մթնոլորտ ստեղծել:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի փոքրոգի ու հանցավոր այս քայլերը: Մենք հայտարարում ենք, որ արդեն միջազգայնորեն քաղբանտարկյալներ ճանաչվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, ու նրանց դեմ կատարվող ցանկացած դատական ու այլ գործողություն, այլեւս բացարձակ ապօրինություն է: Մենք պահանջում ենք Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականը, որի վերահսկողության տակ են գտնվում կալանավայրերը: Պահանջում ենք, որպեսզի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը քաղբանտարկյալներին ծեծի ենթարկելու նողկալի այս դեպքերի մասին անհապաղ հանդես գա արտահերթ զեկույցով: Մենք հորդորում ենք «Ժառանգություն» կուսակցությանը՝ նույն խնդրով, ինչպես նաեւ ընդհանրապես երկրում ծավալված ահաբեկչության մթնոլորտի օրակարգով հանդես գալ Ազգային ժողղովի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ:
Thursday, December 25, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment