Thursday, December 25, 2008

ԵԽԽՎ նոր բանաձեւի նախագիծը` ճնշման միջոց... ԼՂ հարցու՞մ

Hetq.22-12-2008- ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Փարիզում դեկտեմբերի 19-ին կայացած նիստում ընդունված բանաձեւի նախագիծը, Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկելու մասին առաջարկությամբ հանդերձ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որակեց որպես «Հայաստանի համար անբարենպաստ»։ Այն հրատապությունը, որով արտգործնախարարը հրավիրեց հատուկ ասուլիսը միայն այդքանն ասելու համար, ցույց տվեց, թե որքանով էր իշխանությունը շփոթահար այդքան կոշտ բանաձեւի նախագծի ընդունումից։ Իրականում, սակայն, իշխանությունը պետք է կանխատեսեր իրադարձությունների այսպիսի ընթացքը, որովհետեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հենց Երեւանում տված իր վերջին ասուլիսում զգուշացրեց, որ եթե քաղբանտարկյալների եւ ընդհանրապես մարտի 1-ի գործով դատապարտված անձնաց ազատ արձակման, համաներման խնդիրը չլուծվի, Հայաստանը լուրջ պրոբլեմներ կունենա եվրոպական այդ կառույցում։ Արդյո՞ք իշխանությունները չէին հավատում, որ Համարբերգն այսպիսի սկզբունքայնություն կդրսեւորի, կամ չափից ավելի վստահ էին, որ Դավիթ Հարությունյանի ղեկավարած ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, որը Փարիզ էր մեկնել ողջ կազմով, կկարողանա չեզոքացնել անցանկալի ձեւակերպումներով ու վտանգներով հղի բանաձեւի ընդունումը, ինչը հաջողվել էր թե՛ հունիսին 1609 եւ թե՛ սեպտեմբերին 1620 բանաձեւերի ընդունման ժամանակ, դժվար է ասել։ Չի բացառվում, որ իրականում հայկական պատվիրակությունը փափուկ բարձ է դրել ոչ թե եվրոպացիների, այլ հենց Հայաստանի քաղաքական մեծամասնության գլխի տակ՝ ամբողջությամբ իրեն վերագրելով նախորդ բանաձեւերի հաջողությունը։ Ամեն դեպքում, այն փաստը, որ հանձնաժողովը նույնիսկ բանի տեղ չդրեց ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած մոտ 40 էջանոց հիմնավորումները, ցույց տվեց, որ ոչինչ գործնականում կախված չէ եւ չի էլ եղել հայկական կողմի հնարամտությունից։ Դրան զուգահեռ արմատական ընդդիմությունը, 1609 եւ 1620 բանաձեւերի բովանդակությունից խիստ դժգոհ եւ հիասթափված լինելով, մինչեւ վերջին պահը համոզված էր, թե «ծեր սինիորայի» ներկայացուցիչները շարունակելու են խուսափել մարտիմեկյան գործով անցնողներին քաղաքական բանտարկյալներ որակելուց։ Չնայած դրան, մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւի նախագծի բովանդակությանը ծանոթանալուց անմիջապես հետո Հայ ազգային կոնգրեսը տարածեց հայտարարություն, որով հանձնաժողովի մոտեցումն ամբողջությամբ իր վարած պայքարի արդյունքը եւ հետեւանքը համարեց։ «ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի որոշումը Հայաստանում շուրջ մեկ տարի ծավալված Համաժողովրդական շարժման փայլուն հաղթանակն է»,- ասվում է հայտարարության մեջ։ Թե կոնկրետ ի՞նչ էր արել Կոնգրեսը բանաձեւում «Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության» փաստի արձանագրման համար, դժվար է ասել։ Խնդիրն այն է, որ Եվրոպայից ժամանած տարբեր պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումների ժամանակ այդ մասին բոլոր պնդումները, դրա համար բերվող փաստարկները, ըստ էության, մինչեւ հիմա անտեսվել կամ շրջանցվել էին։ Այս իմաստով մոնիտորինգի հանձնախմբի ընդունած բանաձեւը ոչ այնքան անակնկալ էր իշխանության, որքան ընդդիմության համար, թեեւ երկու բեւեռների արձագանքից բացարձակապես հակառակ տպավորությունը ստեղծվեց։Այս հակասական գնահատականները, ինչպես նաեւ մոնիտորինգի հանձնաժողովի սկզբունքայնությունը ցույց են տալիս, որ իրականում նման որակումներով բանաձեւի ի հայտ գալը ոչ հայկական պատվիրակության վատ աշխատանքի արդյունք կարող էր լինել, եւ ոչ էլ ընդդիմության ինչ-որ եթերային «փայլուն հաղթանակի»։ Այն, թերեւս, պայմանավորված էր բոլորովին այլ գործոններով, որոնք միանգամայն տեղավորվում են արեւմուտքի շահերի համատեքստում, եւ ահա թե ինչու։Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի հենց նախօրեին անակնկալ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար Հայաստանին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար հատկացնելու հարցը կրկին քննության առնել 2009 թվականի մարտին։ Ընդ որում` հիմնավորումն այն էր, որ Կորպորացիան բավարարված չէր Հայաստանում ժողովրդավարական կառավարման մակարդակով եւ հույս էր հայտնել, որ երկիրը «կկատարի իր պարտավորությունները, կիրականացնի իրական բարեփոխումներ»։ Այլ կերպ ասած՝ Կորպորացիան զգուշացրեց, որ Հայաստանը մինչեւ 2009 թ. մարտ ժամանակ ունի «կատարելու իր պարտականությունները», եթե իսկապես ուզում է ստանալ գումարը։ Արդյո՞ք դա պետք է պատահական զուգադիպություն համարել...Գուցե այդպիսին համարվեր, եթե մինչ այդ տարօրինակ զարգացումներ չծավալվեին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Իրար ետեւից ԱՄՆ պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան ներկայացուցիչ՝ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը եւ նրա օգնական Մեթյու Բրայզան հայտարարեցին, որ հակամարտության կարգավորման ելակետը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ապահովումը։ Մեթյու Բրայզան նույնիսկ ասաց, թե կարգավորման համաձայնագրի առաջին կետը պետք է վերաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս խիստ միակողմանի հայտարարությունների վերաբերյալ չափազանց կոշտ պատասխանով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հայտարարեց, թե նման կարծիք հայտնողներն իրականում հանդես են գալիս հակամարտության կարգավորման դեմ։ Հատկանշական էր նաեւ, որ չնայած հայտարարվեց, թե համանախագահները մադրիդյան հայտնի սկզբունքները փոփոխությունների ենթարկելու նոր առաջարկություններ են ներկայացրել, սակայն ՀՀ արտգործնախարարը շատ հստակ հայտարարեց, թե այդ սկզբունքները որեւէ փոփոխությունների չեն ենթարկվել։ Իսկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի բանաձեւի ի հայտ գալուց անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը անակնկալ, հապշտապ այցելեց Ստեփանակերտ։ Թե կոնկրետ ինչի՞ համար, մնաց անհայտ։Այս իրարամերժ հայտարարություններից, գործընթացներից կարելի է մեկ եզրակացության գալ. հայկական կողմը համառորեն պայքարում է ԼՂ հարցի հետ կապված ինչ-որ նոր «պրոյեկտների» դեմ, իսկ միջազգային հանրությունն այդ նպատակով աստիճանաբար մեծացնում է ճնշումները Հայաստանի նկատմամբ։ Եվ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից հերթական տրանշի տրամադրման հետաձգումը, ինչպես նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի վերջին բանաձեւը ուղղակի եւ աննախադեպ ծավալի այդ ճնշումների արտահայտությունն էր։Այս համատեքստում միանգամայն տրամաբանական էր Հայ ազգային կոնգրեսի կողմից համահանրապետական մասշտաբների հանրահավաքներ անցկացնելու գործընթացները վերսկսելու մասին ՀԱԿ առաջին համաժողովի ընդունած քաղաքական որոշումը, ինչը փաստացի ՀՀ իշխանությունների նկատմամբ նաեւ ներքին, քաղաքական ճնշումն ուժեղացնելուն ուղղված քայլ էր։ Այսինքն՝ ԵԽԽՎ հանձնաժողովի բանաձեւն ուղղված էր առաջին հերթին այդ ներքին ճնշումների համար նպաստավոր ֆոն եւ շարժառիթ ստեղծելուն։ Այս պայմաններում չափազանց կարեւոր է, թե ինչ դիրքորոշում կորդեգրի իշխանությունը, որը պարտադրված է լինելու հաշվի առնել բոլոր վերոնշյալ իրողությունները։ Իշխանությունն, իհարկե, կարող է խռովածի դիրք գրավել եւ շարունակել մարտի 1-ի գործի վերաբերյալ որդեգրած քաղաքական կուրսը՝ անտեսելով նույնիսկ ԵԽԽՎ-ում բանաձեւի հնարավոր ընդունման եւ դրա արդյունքում այդ կառույցում ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարը։ Սակայն դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ արդյունքում համահասարակական ընդվզումը կարող է անխուսափելի դառնալ ՀԱԿ-ի վերաակտիվացման ֆոնին եւ երկիրը տանել նոր ցնցումների, բախումների։ Ներկայիս զարգացումները իշխանություններին այլընտրանք չեն թողնում, քան ընտրել երկորդ տարբերակը։ Այսինքն՝ տուրք տալ ԵԽ-ի կողմից թելադրված «խաղի» կանոններին, համաներում իրականացնել մարտի 1-ի գործով անցած բոլոր կալանավորվածների, դատապարտվածների նկատմամբ եւ խաղը սկսել բոլորովին մաքուր էջից։ Իհարկե, սա եւս ամրապնդելու է ընդդիմության դիրքերը, որը կսկսի շահարկել իշխանության նկատմամբ հաղթանակ տանելու գաղափարը, որն իրականում այլ բան չէ, քան ԵԽԽվ-ի ձեռքով կրակից շագանակներ հանելու միջոց։ Սակայն այս դեպքում իշխանությունն առնվազն երկու խնդիր կլուծի. նախ` կթուլացնի Եվրոպայի կողմից զգացվող ճնշումները ԼՂ հարցում եւ թույլ չի տա, որ ԵԽ-ն ծառայեցվի որպես նման ճնշում գործադրելու միջոց։ Երկրորդ՝ որոշակիորեն կվերականգնի սասանված հեղինակությունը՝ անուղղակի կերպով լուծելով նաեւ իշխանության լեգիտիմության հարցը։ Դա ընդդիմությանը ինչ-որ չափով կզրկի մոտիվացիայից, պայքարի նպատակայնությունից։ Եթե նկատի առնենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւը անակնկալ էր ընդդիմության համար, ապա պետք է ենթադրել, որ վերջինս լիովին պատրաստ չէ հնարավոր համաներումից հետո քաղաքական զարգացումներին։ Եթե իշխանությունն արագ չկողմնորոշվի, ապա մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն ընկած ժամանակահատվածում ՀԱԿ-ը լիովին կարող է կոնսոլիդացնել ուժերը, մշակել պայքարի նոր մարտավարություն՝ հիմնված այդ բանաձեւով պայմանավորված ԵԽ-ի օժանդակության վրա։ Դա էգլ ավելի ծանր դրության մեջ կդնի իշխանությանը՝ դրդելով նորանոր արկածախնդրությունների։ Գեւորգ Դարբինյան

No comments: