Azg. 24.12.2008- Երեկ Ազգային ժողովն այս տարի վերջին անգամ փորձեց իր հեղինակությունը բարձրացնել` արտահերթ նիստ հրավիրելով: Ճենաց աշխարհում 41 հոգանոց պատվիրակությամբ մի լավ բանակցած (իմա` հանգստացած) ԱԺ նախագահը նոր ուժերով ձեռնամուխ եղավ արտահերթ նիստում մի շարք հրատապ օրենսդրական նախաձեռնություններ քննարկելուն, որոնց մեջ են Երեւանի քաղաքապետի ընտրությունը հորով-մորով անելու օրենքը երկրորդ ընթերցմամբ, «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները, «Համահայկական բանկի մասին» օրենքը եւ այլն:
Ու մինչ «Ազգն» ԱԺ պատգամավորներից փորձում էր ճշտել, թե ո՞րն էր անցնող տարվա ամենահիշվող քաղաքական ֆրազը, եւ ստանում էր ամենաանսպասելի պատասխաններ, որոնց անդրադառնալու առիթ կունենանք, դահլիճում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց համահայկական բանկ ստեղծելու նպատակներն ու մեխանիզմները: Գաղափարն, ի դեպ, ողջունում էին բոլոր պատգամավորները, բայց առաջարկներ եւ հստակեցումներ անողների պակաս չկար կոալիցիոն պատգամավորների մեջ, եւ հատկապես «Ժառանգությունն», ինչպես միշտ, համարյա ամբողջ կազմով շատ բան էր գտնում նախաձեռնության մեջ քննադատելի:
Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկարություն (ԲԲԸ) է լինելու, հիմնադիրներից է լինելու ԿԲ-ն կամ ՀՀ-ն, հիմնադիր կարող է լինել իրավունքի որեւէ սուբյեկտ: Այս բանկը կառավարելու են ընդհանուր ժողովը, բանկի խորհուրդը, գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, իրավասությունների շրջանակը սահմանվելու է գործող բանկային օրենսդրությամբ, չնախատեսված պարագայում` համահայկական բանկի կանոնադրությամբ:
Վերջին դրույթը բավական ընդդիմախոսներ ունեցավ, քանի որ անվերահսկելի մեծ լուսանցք էր թողնվում բավական արտոնություններ, մյուս բանկերից շատ ավելի լիազորություններ ունեցող մի բանկի համար, որը, ճիշտ է, շատ ավելի խնդիրներ է լուծելու, քան սովորական բանկը: Որպեսզի շատ չծավալվենք` պատգամավորների կարծիքներով պատկերացում տանք համահայկական բանկի ստեղծման օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Ստյոպա Սաֆարյանը, նկատի ունենալով այն արտոնությունները, որ մյուս բանկերը չունեն, ենթադրեց, թե գործող բանկային օրենքն այնքան վատ է, որ այս նոր բանկի վրա դրա դրույթներից շատերը չենք ուզում տարածել: Նա բարձրաձայնեց այն շշուկները, թե ո՞ւմ համար են ստեղծում այս արտոնյալ բանկը. ըստ այդ շշուկների` Ռոբերտ Քոչարյանի: Ըստ նրա` բանկի վերահսկողությունը ԱԺ-ին վերապահելու ձեւեր պետք է մտածել եւ ոչ թե բանկի կանոնադրությանն ու նրա կառավարողին թողնել շատ լիազորություններ: Վիկտոր Դալլաքյանը, գաղափարն ընդունելի համարելով, վերահսկողության մեխանիզմի մասին առավել հստակ առաջարկ արեց. կառավարությունը կարող է մշակել ծրագիր, որ իրականացնելու է այս բանկը, ծրագիրը կարող է քննարկվել ԱԺ-ում եւ ընդունվել ի գիտություն, իսկ առավել կարեւորեց, որ այս բանկը ԿԲ կցորդը չդառնա: Իսկ Հերմինե Նաղդալյյանը հիշեցրեց ԱԺ դահլիճում Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ միտք կար, թե եկել է համարձակ տնտեսական ծրագրերի ժամանակը, եւ այս` համահայկական բանկի ստեղծումն այդ գաղափարի իրագործումը համարեց: Արտակ Դավթյանը, նկատի առնելով այն քննադատությունները, որ նախագիծը շատ մանրամասնված չէ, ասաց. «Անկարելի է ընդգրկել անընդգրկելին», այսինքն` չի կարելի ոլորտի ողջ օրենսդրությունը ներմուծել մեկ օրենքում:
Մի խոսքով` շատ կարեւոր մի բան է կատարվում` ընդունվում է օրենսդրական փաթեթ, որով կստեղծվի համահայկական բանկ եւ կլուծվեն համահայկական խնդիրներ, սակայն հատուկ ընթացակարգով, հապճեպ քննարկվող փաթեթը, որ 24 ժամվա մեջ երկու ընթերցմամբ էլ պետք է ընդունվի եւ այն էլ` Նոր տարվա նախաշեմին, երբ ոչ ոք գլուխ չունի լուրջ բանով զբաղվելու, ցույց է տալիս, որ մենք չենք փոխում մեր գործելակերպը. լավ բանն անգամ անում ենք հնի իներցիայով` արագ-արագ, խորամանկությամբ: Մինչդեռ արժեր հանգիստ պայմաններում շուռումուռ տալ այս օրենսդրական նախաձեռնությունը, որ այսպիսի անհեթեթ ձեւակերպում, ինչպիսին ներքոհիշյալն է, ընդդիմախոսների կողմից անմշակ անվանված օրենքում չլիներ. «Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձեւավորմանը եւ այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում». բանկը հիմա ներուժ է ձեւավորո՞ւմ, թե բանկային գործառնություններ իրականացնում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment