Saturday, December 6, 2008

«ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»

Հայտարարում է «հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքի կազմակերպիչ Բասքըն Օրանը Նախորդ օրը «Նոյյան տապանը», հենվելով պոլսահայ «Մարմարա» եւ թուրքական «Վաթան» թերթերի վրա, տարածել էր հաղորդագրություն հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների նախաձեռնության մասին: Նույն օրը դրան անդրադարձավ NTV-MSNBC-ին, իսկ երեկ՝ Թուրքիայում հրատարակվող կենտրոնական թերթերը: Նախաձեռնությունը ենթադրում է ինտերնետային էջ բացել եւ հունվարի 1-ից ստորագրություն հավաքել: Ինտերնետային ստորագրահավաքը նախաձեռնել են Անկարայի համալսարանի պրոֆ. Բասքըն Օրանը, Ստամբուլի մասնավոր «Գալաթասարայ» համալսարանի պրոֆ. Ահմեդ Ինսելը, ինչպես նաեւ «Բահչեշեհիր» համալսարանի դոց. Ջենգիզ Աքթարը եւ կառավարամետ «Ենի շաֆաք» թերթի Ալի Բայրամօղլուն: Ի դեպ, նախաձեռնող կողմի բոլոր 4 անդամներն էլ եղել են հանգուցյալ Հրանտ Դինքի մերձակա շրջապատում: Ինչ վերաբերում է ստորագրահավաքի համար ներկայացվող տեքստին, ապա դա ունի հետեւյալ ձեւակերպումը. «Խիղճս չի տանում 1915-ին օսմանցի հայերի ենթարկված Մեծ աղետի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունն ու ժխտումը: Մերժում եմ այս անարդար վերաբերմունքը, վշտակցում իմ հայ եղբայրներին ու քույրերին եւ ներողություն եմ խնդրում նրանցից»: Այս նախաձեռնությունը Թուրքիայում աննախադեպ է, ինչո՞վ է դա պայմանավորված: Այդ հարցին NTV-MSNBC կայքէջում պատասխանել են նախաձեռնողները: Բասքըն Օրանն ասել է. «Խղճի տեր յուրաքանչյուր ոք կստորագրի այս տեքստը: Կարող են նաեւ քննադատել: Սակայն Անատոլիայում 1,8 մլն հայ կար, 60 հազար է մնացել: Այդ մարդիկ, հավանաբար, չգոլորշացան, մեծ ողբերգություն ապրեցին: Ոչ ոք չի կարող դա ժխտել: Սակայն բանավեճի առարկան դա չէ, այլ դրա առնչությունը ցեղասպանությանը: Չորս նախաձեռնողներից ոչ մեկս «ցեղասպանություն» բառը չենք օգտագործում, որովհետեւ իրավաբանական հասկացություն է: Մինչդեռ հայերը դա քաղաքական իմաստով են օգտագործում: Երկրորդ՝ ցեղասպանությունը Եվրոպայում եւ Թուրքիայում տարբեր ձեւով է ընկալվում: Թուրքիայում օգտագործվում է միմիայն հրեաների Հոլոքոսթը արտահայտելու համար: Համոզված եմ, որ այս (1915-ի) իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելը ե՛ւ գիտականորեն, ե՛ւ քաղաքականապես սխալ է: Բանավեճի առարկան հենց «ցեղասպանություն» բառն է: Թեեւ ես պատասխանատու չեմ օսմանյան շրջանում կատարվածի համար, սակայն չեմ կարող պատասխանատվություն չկրել Թուրքիայի Հանրապետության փոխարեն, որն ավելի քան 85 տարի իրողությունը ժխտել եւ քողարկել է»: Ջենգիզ Աքթար. «Չենք պատրաստվում հավաքված ստորագրությունները ներկայացնել որեւէ հիմնարկի: Սակայն հայերը մեծ վիշտ են ապրել եւ ոչ ոք երկրում չի կարողանում ասել, որ նրանք մեղք են: Արդեն մենք, իբրեւ ազգ, ներողություն խնդրել չգիտենք: Տեքստում նշված «Մեծ աղետ» հասկացությունը հենց իրենք հայերն են օգտագործում: Դա էապես տարբերվում է «ցեղասպանություն» հասկացությունից, որը շրջանառության մեջ է դրվել 1948-ին, մինչդեռ 1915-ին այդպիսի հասկացություն չկար: (Անատոլիայում) այլեւս հայ չկա, սակայն թուրքերն ու քրդերը շարունակում են մնալ իրենց տեղում»: Ալի Բայրամօղլու. «Ստորագրահավաքի գաղափարը մի քանի տարվա վաղեմություն ունի: Առաջ քաշեց Ջենգիզ Աքթարը: Նրան միացա ես, ապա Ինսելն ու Օրանը, եւ որոշեցինք իրականացնել: Սա չքաղաքականացված անհատական նախաձեռնություն է: Չի կարելի զուգահեռներ անցկացնել ստորագրահավաքի եւ Ֆրանսիայի խորհրդարանի վերջին զարգացումների միջեւ, որոնք, իմ կարծիքով, Թուրքիայի տեսանկյունից դրական են եւ մենք սպասում էինք այդ ընթացքը»: Ահմեդ Ինսալ. «Մեր նպատակը հայ եղբայրներից ներողություն խնդրելու միջոցով նրանց նկատմամբ կրած վշտերի համար խղճի պարտքը կատարելն է: Անտարբերության գլխավոր պատճառը իրազեկության բացակայությունն է: Մեզ տասնյակ տարիներ այնպես են դաստիարակել, թե իբր ցավալի իրադարձություններ չեն եղել: Ուրացումն ինքնին անարդարության դրսեւորում է: Նույնիսկ չգիտենք, հայերը կատարվածի համար ում են մեղադրում. թուրք ազգի՞ն, Թուրքիայի Հանրապետությա՞նը, թե՞ Օսմանյան կայսրությանը: Չենք էլ կարողանում հարցը քննարկել: Քանի որ վախի երեւակայական աշխարհում մենք չափազանցում ենք մեր խնդիրները, ուստի դրանով ինքներս մեզ կաշկանդում ենք: Ինձ չի հետաքրքրում, թե հայերը ում են մեղադրում: Դա հայերի խնդիրն է: Ես պարզապես անձնական ներողություն եմ խնդրում, այլ ոչ թե թուրք ազգի անունից: Իհարկե, այս նախաձեռնությունը չի նշանակում ժխտել Թուրքիայում մահմեդականների դեմ հայ ավազակախմբերի իրագործած կոտորածները: Սակայն երկրում, ըստ օսմանյան մարդահամարների, ավելի քան 1 մլն հայ էր բնակվում: Նրանց մի մասը ստիպված երկրից հեռացավ, մյուսը՝ սպանվեց, մի մասին էլ քշել են Թուրքիայից: Նույնիսկ փորձել են նրանց հետքը ջնջել»: Վերոհիշյալ գնահատականները ցույց են տալիս, որ «հայերից ներողություն խնդրելու» այս նախաձեռնությունը, անձամբ հեղինակների խոստովանությամբ, ընդամենը թուրքական ժխտողականությունն ընդունելի դարձնելու փորձ է, ինչը անհամեմատ մեծացնում է Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացը կասեցնելու թուրքական պետական առաջադրանքի արդյունավետությունը: Ինչ վերաբերում է նախաձեռնության հեղինակներին, ապա նրանց առաջադրանքը ցեղասպանության ճանաչման գործընթացի վերահսկումն է, վերահսկողության արդյունավետությունն էլ, ինչ խոսք, մեծացնելու է «հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքը: Չնայած այս ամենին, ստորագրահավաքին կտրականապես հակադրվել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն, ասելով. «Սահմաններ ունի նաեւ մտքի ազատությունը: Նկատի ունեմ ներողություն խնդրելու կամայականությունը: Կարծում եմ, նրանք այդ իրավունքը չունեն, որովհետեւ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան նախատեսում է պատժել մարդկության դեմ հանցագործություն կատարածներին, իսկ չկա մեկը, որ հայերի պնդումների համար դատապարտվի: Ներողություն խնդրել ուրիշներից մի հանցանքի համար, որի մեղավորներն անհայտ են, ճիշտ չէ: Էլ չեմ խոսում այն մասին, որ հայկական կողմը հանցանքի ողջ պատասխանատվությունը բարդում է թուրք ազգի վրա: Այս մտավորականները թուրքական հասարակությունից տարանջատվելու եւ ներողություն խնդրելու ի՞նչ արտոնություն ունեն: Եթե անհրաժեշտ է ներողությունն, ապա դա պետք է փոխադարձ կատարվի: Այս նախաձեռնությունը անփառունակ եմ համարում նաեւ ժամանակացույցի առումով, որովհետեւ բազմաթիվ այլ մտավորականներ համոզված են, որ Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը քայլեր եթե չկատարի, ապա Օբամայի վարչակարգը կճանաչի ցեղասպանության պնդումները: Եթե այս ստորագրահավաքը ԱՄՆ-ում կամ այլ երկրներում խթանի հայկական պնդումներին ցուցաբերվող աջակցությունը, ապա Թուրքիան վերստին կոշտ դիրքորոշում կբռնի, իսկ դա, ինչ խոսք, ավարտին կհանգեցնի Թուրքիա-Հայաստան երկխոսությունը, հանդիպումների գործընթացն ու բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: