Դեկտեմբերի 11-ին, ժ. 18:30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում հանրաճանաչ լրագրող Օսման Քյոքերը կներկայացնի իր «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը: Շնորհանդեսը հնարավոր է դարձել Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ:
«Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը լույս է տեսել 2005 թվականին Թուրքիայում եւ պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից: Գրքի մեջ հավաքված են հարյուր տարվա պատմություն ունեցող օսմանյան ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայկական համայնքի խաղաղ եւ, շատ դեպքերում, բարգավաճ կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: 500 բացիկների միջոցով ալբոմում ներկայացված են օսմանյան կայսրության տարածքում հայ համայնքի բնակության վայրերը քաղաք առ քաղաք` համապատասխան թվերով, եւ հայ համայնքի դերը հասարակության մեջ: Զուգահեռ Ստամբուլում եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներում անցկացվել է «Սիրելի եղբայրս» խորագրով բացիկների ցուցահանդես:
«Թուրքիայում մի ազգի` թուրքերի պատմությունն է միշտ ուսուցանվել, ասես երկրում երբեք այլ ազգեր չեն բնակվել: Երբ մենք խոսում ենք հայերի մասին, նրանք չեն ընկալվում որպես հասարակության մի մաս, նրանք խնդիրների աղբյուր են: Ես որոշեցի այս գիրքը հրատարակել այդ բացերը լրացնելու համար», ասել է Քյոքերը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:
Օսման Քյոքերը «Բիրզամանլար Յայընջըլըք» հրատարակչության հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է, որը հրատարակում է գրքեր Թուրքիայի բազմազգ ժառանգության եւ այդ ժառանգության անհայտացման վերաբերյալ: Նա ծնվել է Մարաշում եւ տարիներ շարունակ աշխատել որպես թղթակից, խմբագիր եւ հրատարակիչ: Իր աշխատանքի ընթացքում նա կենտրոնացել է պատմական թեմաների վրա. 1997-2001 թթ. ընթացքում եղել է Պատմության հիմնադրամի կողմից հրատարակվող «Հասարակական պատմություն» պարբերականի խմբագիրը: Թուրքիայի տարբեր քաղաքներում եւ այլ երկրներում նա ներկայացրել է Թուրքիայում բնակվող հայ ազգի պատմությունը:
Saturday, December 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment