Saturday, December 13, 2008

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ

«Լրագիր». 13.12.2008- Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 11-ին տեղեկացրել է, որ Վրաստան կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրահայ համայնքի զարգացման հեռանկարի մասին հայեցակարգի մշակման վերաբերյալ: Նա առաջարկել է, որ փաստաթղթի մշակման նախաձեռնողը լինի ՀՀ սփյուռքի նախարարությունը` շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ստեղծելով աշխատանքային խումբ եւ հստակ ժամկետ ամրագրելով` կառավարություն ներկայացնել հայեցակարգը: Վիրահայ համայնքը, համարելով մեր կարեւորագույն համայնքներից մեկը, Տիգրան Սարգսյանը նշել է, թե այդ համայնքի վերաբերյալ կազմված հայեցակարգը շատ հարցերի պատասխան կտա նաեւ այլ համայնքների մասով:«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Թբիլիսիում, որ այս մշակումներին մասնակցի նաեւ համայնքի ղեկավարությունը: Իրենց տեսակետներն ու կարծիքները նույնպես կարեւոր են լինելու այդ հայեցակարգը մշակելու համար: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ աշխատանքային խմբում, բացի ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններից, լինի նաեւ արտգործնախարարության ներկայացուցիչը», ասել է Տիգրան Սարգսյանը: Նա հանձնարարել է այդ մասին արձանագրային որոշում կազմել եւ արդեն 2009թ. փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպել քննարկումը:

No comments: