Lragir.23-12-2008 Հայ-թուրքական երկխոսության «կայծակնային» հաստատման հնարավորության կապակցությամբ ոգեւորվածությունը, երեւում է, զիջել է տեղը այդ թեմայի շուրջ մտորումներին: Եւ ոչ միայն մտորումների: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից հետո Թուրքիայում լուրջ բանավեճ ծավալվեց հայկական խնդիրների շուրջ: Տպավորություն է ստեղծվում, թե վերջին տասնամյակներին առաջին անգամ թուրքական հասարակությունը զգացել է հայկական գործոնի ողջ լրջությունը թուրքական պետության հետագա ճակատագրի համար: Համենայնդեպս, այն, որ Թուրքիայի մտավորականությունը հայ ժողովրդի հանդեպ անհատական զղջման նախաձեռնություն է հանդես բերել, կարող է վկայությունը լինել այն բանի, որ Թուրքիայում մոտենում է ճշմարտության պահը: Կարելի է պնդել, որ Թուրքիայում միայն այժմ են սկսել գիտակցել, թե ինչպես կարող է հարյուրամյա վաղեմության պատմությունն արձագանքել ներկայում: «Սառը պատերազմի» դարաշրջանի ավարտով «ՆԱՏՕ-ի ավանգարդի» ռազմավարական դերակատարության կորուստն այս երկիրը թողել է մեն-մենակ իր հետագա ճակատագրի հանդեպ: Եւ այդ դերի կորստի առաջին արդյունքը պատմությամբ ձեւավորված սպառնալիքների հառնումն է: Առաջին հերթին, դա վերաբերում է քրդական անջատողականության եւ 1915 թ. իրագործված հայ ժողովրդի ցեղասպանության համար հատուցման սպառնալիքներին: Ասվածի լույսի ներքո միամտություն կլիներ ենթադրել, թե միայն Հայաստանի նախագահի հրավերով է Թուրքիայի ղեկավարն այցելել իր հարեւանին: Հայաստանը չափազանց թույլ է, որ ստիպի Թուրքիային հաշվի նստել իր հետ նույնիսկ նման ձեւականությունների պարագայում: Համապատասխանաբար, Հայաստանի հանդեպ Թուրքիայի բարեհաճության պատճառները պետք է փնտրել այլ գործոններում: Իսկ նման գլխավոր գործոնը Թուրքիայի միջազգային մեկուսացման քաղաքականությունն է, որտեղ հայկական խնդիրների կշիռը բավական մեծ է: Ահա այս հանգամանքն էլ Թուրքիայի նախագահին բերել է Հայաստան` հույս ունենալով վերջինիս դուրս բերել միջազգային քաղաքականության հակաթուրքական ծիրից: Թուրքիան սկսում է հասկանալ, որ ավելի լավ է ունենալ բարեկամ Հայաստան, քան հանձնել նրան իր ազդեցիկ հակառակորդների ձեռքը:Հայաստանում նույնպես հասկանում են Թուրքիայի այդ հոգսերը:Սակայն նկատելի է նաեւ այն, որ այստեղ պատկերացում չունեն, թե ինչպես վարվեն: Հայաստանը չափազանց շատ է խճճվել նշված միջազգային խնդիրների մեջ: Հենց այնպես դրանից դուրս գալն արդեն հեշտ չէ: Անկախության ողջ ընթացքում Հայաստանը Սփյուռքի հետ միասին Թուրքիայի համար ներկայացնում էին ընդամենը սպառնալիքների աղբյուր: Հայաստանն իր խնդիրներով միշտ եղել է հակաթուրքական ցանկացած քաղաքականության անբաժանելի մասը: Թուրքիայի համար լուրջ սպառնալիք ներկայացնող քաղաքական ծրագրերի մշակման եւ իրականացման ռեսուրսներ դարձան ցեղասպանության ճանաչման հարցը եւ Ղարաբաղի խնդիրը:Սակայն միայն վերը նկարագրված իրավիճակի ընկալումը երաշխիքներ չի տալիս, որ գոյություն ունեցող կծիկը կարելի է արագ քանդել: Այս իրավիճակը փոխել կարելի է միայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մեջ նոր խնդիրներ ներմուծելով: Խնդիրներ, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ձեւավորել: Սակայն նման ավանդույթ չկա: Հույսերը, թե հնարավոր է երկխոսության համար ջերմ մթնոլորտ ձեւավորել ղարաբաղյան խնդրի լուծման գործում Թուրքիայի ակտիվ ներգրավման միջոցով, արագ մարեցին: Թե Հայաստանի ներսում, թե միջազգային ասպարեզում ոչ մեկի մոտ ցանկություն չառաջացավ Թուրքիայի ներս թողնել «ղարաբաղյան այգի»: Մնացին միայն Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումներում բարիդրացիության մասին ընդհանուր խոսակցությունները: Ստերեոտիպերը տիրում են նաեւ Թուրքիայում: Առայժմ Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ Հայաստանի հետ խոսել որպես հավասարի: Դա նկատելի է տարածաշրջանում Թուրքիայի վերջին նախաձեռնություններից, որոնցում արտահայտվում է ավելի շատ տարածաշրջանի այլ խաղացողների հետ խնդիրները քննարկելու նրա ցանկությունը: Առայժմ ոչ Թուրքիան, ոչ առավել եւս Հայաստանի «հովանավոր» Ռուսաստանը ցանկություն չեն ցուցաբերել տեսնել ինքնուրույն հայ-թուրքական հարաբերություններ: Նրանց ավելի կբավարարեր ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանի ներգրավումը աննշան սուբյեկտի դերում (լավագույն դեպքում` կրտսեր եղբոր): Սակայն դրան հասնելն էլ հեշտ չէ: Չափազանց շատ շահեր են խաչվում Հայաստանում: Այս հանգամանքը բոլորը հասկացան, երբ այս տարվա նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված Ղարաբաղի հարցով հռչակագրի արդյունքում իր ավանդական դերում վերականգնվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բոլորին միանգամից պարզ դարձավ, թե ով է շարունակելու մնալ տարածաշրջանում իրավիճակի տերը: Թուրքիայի երազանքը` տարածաշրջանում արագ ծավալել Կովկասի կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծելու գործընթացը, վերածվեց պատրանքի: Արագ մարեց նաեւ Ռուսաստանի եռանդը: Հարավային Կովկասի բոլոր սուբյեկտների եւ ազդեցիկ հարեւանների հայացքը կրկին ուղղվեց դեպի ԱՄՆ եւ ՆԱՏՕ:Ամեն ինչ մնաց առկախ վիճակում, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունը: Սակայն Հայաստանի խնդիրները դրանից չթեթեւացան: Ում հետ եւ ինչ խոսել` Հայաստանի համար այդքան էլ պարզ չէ: Նաեւ պարզ դարձավ, որ Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու Թուրքիային: Ավելին, Հայաստանը ոչինչ չունի Թուրքիային զիջելու: Ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ 1915թ. Ցեղասպանության ճանաչման, ոչ էլ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների հարցերում` Հայաստանը չի կարող փոխել իր ունեցած դիրքորոշումը: Սակայն այս հանգամանքի հետ քչերն են հաշվի նստում: Հայաստանին առաջարկում են ապաշրջափակել Կարս-Գյումրի երկաթուղին, ինչպես նաեւ ներգրավել հեռանկարային էներգետիկ նախագծերին: Եւ այդ մտադրությունները ներկայացնում են որպես անգին պարգեւ, փոխարենը պահանջելով հրաժարվել մի շարք կենսական կարեւոր նշանակություն ունեցող հարցադրումներից: Գործին նման մոտեցումն, իհարկե, արդյունավետ չէ: Նույնքան անիմաստ է նաեւ Հայաստանի առաջարկը` հարաբերություններ առանց նախապայմանների (նախապայմանները հանելու պահանջը նույնպես պայման է): Համապատասխանաբար, հարաբերությունների նորմալացման ուղիները պետք է փնտրել այլ տեղում: Այս հանգամանքն արդեն շատերն են հասկանում: Բազմաթիվ քննարկումները Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին համոզում են, որ միայն փոխադարձ պահանջներից հրաժարվելու սկզբունքով չի հաջողվի կայուն հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ: Անհրաժեշտ են երկրների միջեւ ապագա հարաբերությունների արժեքին սկզբունքորեն նոր մոտեցումներ: Մոտեցումներ, որոնք հիմնված լինեն ռազմավարական նշանակության փոխադարձ շահերի վրա: Առաջին հերթին, երկրները պետք է ձեռք բերեն ընդհանուր, փոխադարձ ձեռնտու հոգսեր անվտանգության ոլորտում: Նման մոտեցումները կարող են այդ երկրները դարձնել գործընկերներ: Նրանք կդադարեն միմյանց աչքին «ոտքի տակ ընկած քար» երեւալ: Դրա համար բավարար ռեսուրս կա: Թուրքիայի ներկայիս վիճակը բավական խոցելի է, որպեսզի նա զերծ լինի ռազմավարական նշանակության լուրջ խնդիրներից: Ընդ որում, ռազմավարական նշանակության շահեր, որտեղ շատ բան Հայաստանի հետ է հյուսվում: Այսօր արդեն կարելի է լրջորեն խոսել այն մասին, որ Հայաստանը Թուրքիային կարող է հետաքրքրել այդ երկրի համար ավելի կարեւոր հարցերում, քան Լեռնային Ղարաբաղի հարցն է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու գաղափարի վրա Թուրքիայի սեւեռվածությունը կարելի է հանել, եթե Հայաստանի առաջարկներում գտնվեն Թուրքիայի կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանության համար ավելի արժեքավոր ռեսուրսներ: «Ոտքի տակ ընկած քարից» Հայաստանը Թուրքիայի համար կարող է դառնալ կարեւոր գործընկեր, եթե մշակվեն նոր մոտեցումներ Թուրքիայի որոշ առանցքային խնդիրներին:Վերանայման ենթակա է ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ թվում է «քաղաքական սրբություն»: Իր ժամանակին, երբ Խորհրդային Միությունն իր կազմում ձեւավորեց Հայկական ԽՍՀ, Թուրքիան կարող էր ավելի ռացիոնալ գնահատել այդ հանգամանքը: Հայ ժողովրդին ենթարկելով ցեղասպանության, Թուրքիան կարող էր 20-րդ դարի 20-ական թվականներին իր տարածքում հայերի համար կազմավորել ինքնավար պետական միավորում: Դա իմաստուն քայլ կլիներ եւ կկանխեր հարեւանությամբ ստեղծված հայկական պետության ապագա հակաթուրքական տրամադրությունները: Սակայն այդքան իմաստություն Թուրքիայի այն ժամանակվա ղեկավարներին չհերիքեց: Եթե թուրքերի նախնիներն այն ժամանակ մտածեին այդ մասին, նրանց ժառանգները ներկայում չէին կանգնի ներողություն խնդրելու խնդրի առջեւ: Ավելին, ստիպված չէին լինի կանգնել տհաճ քաղաքական իրողությունների առջեւ: Այն հանգամանքի, որ Հայաստանի անկախ Հանրապետության ստեղծումից ի վեր, երկու երկրները հայտնվեցին հարաբերությունների վակուումի եւ թշնամության մթնոլորտի առջեւ: Ռազմական հակամարտ բլոկներում գտնվելը դարձավ անհրաժեշտություն: Ի մասնավորի, Հայաստանը ռուսական քաղաքականության ծիրում անցած տասնյոթ տարիներին խաղում էր կովկասյան ուղղությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական զսպման գործոնի դերը: Այնպես որ, <անցյալի մեղքերի> համար ստիպված են վճարել մեկ դար անց: Ներկայում հարց է ծագում` արդյոք Հայաստանն իրավիճակը փոխելու ռեսուրսներ ունի, այն էլ այնպիսի, որոնք չհակասեն իր դաշնակցի` Ռուսաստանի ռազմավարական շահերին: Ինչպես թվում է, նման ռեսուրսներ կան, եւ գտնվում են նույն պատմականորեն պայմանավորված դասավորություններում:Նոր պայմաններում քրդական հարցը կարող է դառնալ Թուրքիայի անվտանգության գլխավոր խնդիրը, որն ավելի ու ավելի ակտուալ է դառնում: Եթե հաշվի առնենք նաեւ, որ Թուրքիան ունի իր <Ղարաբաղն> ի դեմս թուրքական Կիպրոսի, ապա անվտանգության նոր մոդելների փնտրտուքը կարող է Թուրքիային ստիպել Հայաստանին այլ աչքով նայել:Կարելի է պատկերացնել, թե որքան կարեւոր են Թուրքիայի համար քրդական անջատողականությանը դիմակայելու երաշխիքները: Այս պարագայում ավանդական հակառակորդները լուրջ քննարկելու թեմա ունեն:Ռուսաստանին Հայաստանի հետ միասին ձեռնտու է երաշխավորել ռազմաքաղաքական աջակցությունը Թուրքիային, քրդական անջատողականության դեմ պայքարում: Այդ դեպքում կարող է փոխվել տարածաշրջանի գեոքաղաքական տրամաբանությունը: Թուրքիան կարող է մտածել Հայաստանի հանդեպ մի շարք պահանջներ հանելու մասին, մասնավորապես Հայաստանի օգտին Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մասով: Քրդական շարժումը զսպելու երաշխիքներն ավելին արժեն, քան Ղարաբաղը եւ Թուրքիայի բոլոր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Եւ եթե հաշվի առնենք, որ երեք երկրները` պոտենցիալ դաշնակիցները, կարող են միասին ճանաչել Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ապա նման դաշինքի ամրությունը կարող է երկարաժամկետ լինել:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment