Saturday, December 6, 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԷՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵ՞Մ

A1+ 03 Դեկտեմբերի, 2008- «ԼՂՀ վերնախավը ՀՀ իշխանությունների կամակատարն է»,- համոզված է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Գառնիկ Մարգարյանը: Ընդունելով այս փաստը` նա բացատրում է, թե ինչու ԼՂ-ում չեն արձագանքում մասնավորապես ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններին: Ինչ վերաբերվում է ԼՂՀ ժողովրդին, ապա Գառնիկ Մարգարյանը բոլորին խորհուրդ տվեց գոնե մեկ անգամ այցելել Արցախ եւ հետո գնահատականներ հայտնել. «Ղարաբաղի ժողովուրդն այսօր ավելի ծանր սոցիալական եւ բարոյական վիճակում է, քան Հայաստանինը: Շատերին թվում է, որ ԼՂՀ-ում մարդիկ ապրում են դրախտային պայմաններում, սակայն մարդիկ զրկված են տարրական պայմաններից»: Անկախ ԼՂՀ-ում տիրող իրավիճակից, որն իր ազդեցությունն ունի ժողովրդի հոգեբանական վիճակի վրա, պարոն Մարգարյանը չի կասկածում. «Որեւէ խամաճիկ իշխանություն` լինի ԼՂ-ում, թե ՀՀ-ում, չի կարող ԼՂ հարցում որոշում կայացնել ժողովրդի փոխարեն»: Հիմք ընդունելով իր ղարաբաղյան աղբյուրները, որոնք, ըստ Գառնիկ Մարգարյանի, շատ ստույգ են` նա ասաց. «ԼՂ բնակչությունը միանշանակ դեմ է տարածքների հանձնմանը եւ դա թույլ չի տա: Իմ տեղեկատվությունը վերջին օրերին է վերաբերում»: Նա պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի վերջին այցը ԼՂՀ, ինչպես հարկն է` չլուսաբանվեց. «Ինչո՞ւ են լռում: Ինչո՞ւ չեն ասում, որ մարդիկ դուրս են եկել փողոց եւ ցանկացել են բողոքի ակցիա անցկացնել ազատագրված տարածքների հանձնման դեմ: Ակցիան ցանկացել են անցկացնել Ստեփանակերտի կենտրոնում, սակայն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում իշխանությունները ոստիկաններով փակել են ճանապարհը եւ մարդկանց թույլ չեն տվել հավաքվել կենտրոնում` նույն երեւանյան մեթոդներով»: Որքան էլ աշխարհի գերտետությունները հզոր լինեն, Գառնիկ Մարգարյանը վստահ է, որ որոշում կայացնողները ժողովուրդներ են. «Ես շատ հավաստի աղբյուրներից տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանը հասկացավ, որ կկորցնի հայ ժողովրդին եւ Մայնդորֆյան հռչակագիրը ստորագրվելուց հետո ՌԴ վերնախավը մտածում է, որ ավելի լավ է, որ ազատագրված տարածքները մնան ներկայիս կարգավիճակով, քան այդ տարածքներում սկզբում հայտնվի ռուսական զորքը, իսկ հետո ՆԱՏՕ-ն: Նրանք ընդունում են, որ ժողովրդի հետ պատերազմել չի կարելի: Նույնն իր ելույթում նշեց նաեւ Բուշը, երբ ասաց, որ Իրաք մտել է, քանի որ իրեն ԱՄՆ հետախուզությունը սխալ տեղեկատվություն է տրամադրել: Բուշն այդպես ասաց, որովհետեւ Իրաքում պարտվեց այդ երկրի ժողովրդին, եւ ոչ թե հանգուցյալ Հուսեյնին»: Վերադառնալով ԼՂ հիմնախնդրին` պարոն Մարգարյանն ասաց. « Մենք չպետք է մոռանանք, որ Եռաբլուրն այսօր այնպիսի սրբավայր է, ինչպիսին 1915թ. զոհերի հիշատակը անմահացնող Ծիծեռնակաբերդի կոթողը: Մարդկության պատմությունը մի ճշմարտություն է արձանագրել` արյան գնով ազատագրված տարածքները երբեք հենց այնպես չեն վերադարձվում: Մեր տարածքները մեզ վերադարձվել են 6000 զոհերի արյան գնով, եւ մի` ոչ լեգետիմ մարդու խաղալիք չի կարող ԼՂ հիմնախնդիրը դառնալ»: Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ եւրոպական կառույցները, ԼՂ հիմնախնդրի հետ կապված աչք փակելով մարտի 1-ի դեպքերի վրա, մասնակից դարձան այդ ոճրագործությանը. «Նրանք աչք փակեցին, որպեսզի կարողանան ճնշումներ գործադրել ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլեւ` ազգային այլ խնդիրների վրա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է»: Նա չի կիսում այն տեսակետը, թե Ռոբերը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում մեր ժողովուրդը անտարբեր է դարձել ԼՂ հիմնախնդրի նկատմամբ. «Այո, այդ մարդկանցից մեր ժողովուրդը հիասթափված է, սակայն դա չի նշանակում, որ պատրաստ չէ պայքարել Արցախի եւ արցախցիների համար»: Պարոն Մարգարյանը վստահեցրեց, որ Արցախի հարցում վտանգի սրման դեպքում գոնե իր կուսակցության 2000 ուսադիր կրող մարդիկ մեկ մարդու նման ոտքի են կանգնելու: Նա գտնում է, որ նոյեմբերի 2-ին Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը հայկական կողմին ոչինչ չի տվել եւ չի կարող խաղաղության երաշխիք լինել:
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ»
Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց այն, ինչ դեռեւս 3 տարի առաջ ասում էր իր ղեկավարած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը: «Մենք ասում էինք, որ տեղի է ունենալու կրիմինալ հեղաշրջում իշխանական բոլոր օղակներում, դա կայացավ փետրվարի 19-ին: Կրիմինալը որոշ «օլիգարխների» հետ բռնազավթեց իշխանության բոլոր թեւերը»: «Վերջին 10 տարիների ընթացքում սա միակ հզոր շարժումն է, որին հաջողվել է հայ ժողովրդին առաջնորդել դեպի արդարություն, դեպի ազատություն, դեպի համակարգային փոփոխություն»,-ասաց Գառնիկ Մարգարյանը: Գառնիկ Մարգարյանը վստահ է, որ Հայ ազգային կոնգրեսն մոտ ժամանակներս կգա իշխանության: Նա գտնում է, Տեր-Պետրոսյանը մինչ օրս ճշգրիտ քայլերով շարժումն առաջ է տանում եւ ԼՂ հիմնախնդրի հետ կապված նրա որոշումը միանգամայն ճիշտ էր եւ ժամանակին. «Ես համոզված եմ` աշխարհի խոշոր երկրների վերլուծական կենտրոնները, որոնք մշակում են իրենց երկրների քաղաքականությունը, նրանք հիմա միկրոսկոպի տակ ուսումնասիրում են, թե ինչ քայլ կատարեց Տեր-Պետրոսյանը: Սա ասում եմ ամենայն լրջությամբ: Ով քիչ թե շատ ծանոթ է հատուկ ծառայությունների աշխատանքին, հասկանում է` ինչ եմ ասում»: Գառնիկ Մարգարյանը նաեւ այն կարծիքին չէ, թե Շարժման զանգվածային միջոցառումները դադարեցվել են եւ գտնում է, որ այս պահին գուցե եւ ոչ ակնառու, ավելի զանգվածային միջոցառումներ է իրականացնում ՀԱԿ-ն: Ի դեպ, ԼՂ հարցում «Ոչ մի թիզ հող» հանձնողների եւ Տեր-Պետրոսյանի միջեւ հակասություններ փնտրողներին` Գառնիկ Մարգարյանն ասաց. «Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը կողմ է ոչ մի թիզ հող չհանձնելուն, սակայն կա աշխարհ, տարածաշրջանային խնդիրներ, քաղաքականություն…»

No comments: