HayInfo. 25-12-2008- Անկասկած, Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորություն կա: Այդ մասին հայտարարել է Քնեսեթի պատգամավոր, «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Շագալը: Նրա խոսքերով, թուրք մտավորականության հայտնի ներկայացուցիչների 1915թ. իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու կոչերի ֆոնի վրա, որոշ իսրայելական շրջանակների ու քաղաքական գործիչների մոտեցումն անսպասելի չի թվում: «Նրանց դատողությունները տրամաբանական են՝ եթե իրենք թուրքերը պատրաստ են արծարծել այդ թեման, ինչո՞ւ Իսրայելը պետք է ձեւացնի, թե այն գոյություն չունի»,-ասել է նա: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net«Մյուս կողմից, այստեղ ես ցանկանում են վերադառնալ իմ նախորդ պատասխանին, շատ բան կախված է նրանից, թե որքանով հետեւողական եւ սկզբունքային կլինի «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցությունը, որը Քնեսեթի 18-րդ գումարման նստաշրջանում կպաշտպանի Բաքու-Անկարա-Երուսաղեմ ռազմավարական առանցքի ամրապնդման կարեւորությունը: Ես գիտակցաբար միայն այս կուսակցությունն եմ նշում: Ելնելով քաղաքական նկատառումներից, ես դրանում անձամբ եմ համոզվել, նրանք կարող են պոպուլիստական քայլի գնալ ու փորձել եւս մեկ անգամ շահարկել Քնեսեթում «հայկական խաղաքարտը»: Այսինքն, կրկնել պատգամավորներ Օրոնի եւ Էլկինի անհաջող փորձը, որ ձեռնարկվեց 2008թ. գարնանը»,-ասել է Շագալը: «Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա այն մնում է անփոփոխ՝ այս թեմայի քննարկումը կարող է վնասել Իսրայելի պետական շահերին եւ վտանգավոր նախադեպ հանդիսանալ անկանխատեսելի աշխարհաքաղաքական հետեւանքներով Հրեական պետության համար»,-ասել է Շագալը, հաղորդւոմ է Day.az-ը: Նշենք, որ Շագալը, որը իսրայելա-թուրքական ռազմավարական դաշինքի լոբբիստն է եւ մարմնավորում է Ադրբեջանի հետ միջպետական գործընկերային հարաբերությունները, հեռանում է խորհրդարանական քաղաքականությունից: Շագալը, որը Իսրայելի ռուսալեզու լրագրողության վետերան է, հաղորդել է, որ պատրաստվում է վերադառնալ գործունեության այն ոլորտը, ուր նախկինում էր աշխատում: Նա դեռեւս չի մեկնաբանել այն լուրերը, թե նշանակվելու է մի պաշտոնի, որը հավասարապես վերաբերում է ինչպես դիվանագիտությանն, այնպես էլ լրատվամիջոցներին:
Friday, December 26, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment