«Լրագիր».16-12-2008. Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Չինաստան կատարած այցի ընթացքում այդ երկրի իշխանությանն է փոխանցել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության տեխնիկատնտեսական զեկույցը, որ Չինաստանը ծանոթանա դրան ու մտածի երկաթուղու շինարարությանն իր մասնակցության մասին: Այդ հանգամանքը բավական հետաքրքրական է: Խնդիրն այն է, որ Հայաստանն այդ զեկույցը կարծես թե առաջինը փոխանցում է Չինաստանին: Մինչդեռ մեր “քթի տակ” են Ռուսաստանն ու Իրանը: Հետեւաբար հետաքրքրական է դառնում, թե ինչու առաջինը Չինաստանին: Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանից եւ Իրանից ֆինանսավորման հույս չունի: Հավանաբար այո, առավել եւս եթե նկատի առնենք, որ Իրանն առ այսօր որեւէ հստակ հայտարարություն չի արել երկաթուղու շինարարության ծրագրի հանդեպ իր դիրքորոշման մասին, իսկ Ռուսաստանն էլ արել է բավական բազմիմաստ հայտարարություններ, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ ասել, թե արդյոք ինչ են մտածում ռուսներն այդ երկաթուղու շինարարության կապակցությամբ: Թերեւս դա է պատճառը, որ Հայաստանն առաջինը պաշտոնապես դիմում է Չինաստանին: Եթե անգամ եղել են Ռուսաստանին ու Իրանին հասցեագրված դիմումներ, ապա միեւնույն է, Չինաստանին դիմելու պարագան վկայում է, որ Ռուսաստանն ու Իրանը չեն տվել հուսադրող պատասխաններ:
Բնական է, որ հետաքրքիր է դառնում Չինաստանի հավանական պատասխանը: Դա իհարկե կախված է նրանից, թե չինացիներն իրենց համար ինչ շահ կտեսնեն Իրան-Հայաստան երկաթուղու մեջ: Առաջիկա երեսուն տարում այդ շահը կարծես թե չի երեւում, քանի որ Հայաստանի երկաթուղին հավատարմագրային կառավարման է հանձնված Ռուսական երկաթուղիներին, հետեւաբար եթե չինացիները մեզ օգնեն երկաթուղի կառուցել Իրանի հետ, ապա Հայաստանի տարածքում այդ երկաթուղին, միեւնույն է, կառավարելու են ռուսները: Դա առաջիկա երեսուն տարում: Մինչդեռ քիչ է հավանականությունը, որ դրանից հետո ռուսները թողնեն մեր երկաթուղին կառավարելը, քանի որ ըստ հավատարմագրային կառավարման պայմանագրի, նրանք պետք է կատարեն մոտ կես միլիարդ դոլարի ներդրում: Երեսուն տարին երեւի թե հազիվ այդ ներդրումները հետ բերի, ինչը նշանակում է, որ ռուսները կցանկանան մի քիչ էլ հավելյալ եկամուտ ստանալ, ոչ թե բավարարվել միայն այսպես ասած “էշ ծախել, էշ առնելով”, ինչպես իմաստուն հայ ժողովուրդն է ասում:
Իսկ քանի որ իրավիճակն այդպիսին է, կամ բավական ռեալ է հենց այդ հեռանկարը, ապա հայերից ոչ պակաս իմաստուն չինացիները հազիվ թե համաձայնեն ներդրումներ կատարել ռուսների կառավարման տիրույթում, առավել եւս, որ դժվար է նկատվում այդ ներդրումների մեջ Չինաստանի տնտեսա-քաղաքական շահը: Իհարկե, չինացիներն ունեն սեփական արտադրությունը արտասահմանյան, մասնավորապես եվրոպական շուկաներ հասցնելու խնդիր եւ դա կարող են անել կարճ ճանապարհով, հասնելով Իրան, մտնելով Հայաստան, հետո Սասուն եւ Վան, հետո Դարդանել ու դուրս գալով Եվրոպա` իրացնել սեփական արտադրանքը: Սակայն, այդ դեպքում երեւի թե Հովիկ Աբրահամյանը պետք է չինացիներին փոխանցեր նաեւ հայ-թուրքական սահմանի բացման մասին Թուրքիայի կառավարության որոշումը, համոզելով Չինաստանի կառավարությանը, որ այդ որոշումը կայացվելու է առաջիկա ամիսների ընթացքում եւ լինելու է անբեկանելի առաջիկա տարիներին: Դժվար է ասել, արդյոք այդ որոշումը փոխանցվել է Չինաստանի կառավարությանը: Եվ նաեւ դժվար է ասել, թե արդյոք իրանական կողմը համաձայն է, որ չինական կառավարության ներդրումներով կառուցվի հայ-իրանական երկաթուղին: Ընդհանրապես, դժվար է ասել, թե այդ հարցում ինչին է համաձայն իրանական կողմը, քանի որ այն քար լռություն է պահպանում, տպավորություն ստեղծելով, որ իր համար այդ նախագիծն այդքան էլ հետաքրքիր չէ:
Հնարավոր է նաեւ, որ մերոնք են Իրանին խնդրել ձայն չհանել, ավելորդ աղմուկից խուսափելու համար, մինչեւ որ կապահովեն նախագծի աշխարհաքաղաքական աջակցությունը: Եվ հիմա երեւի թե Հովեիկ Աբրահամյանը հենց դրանով էլ զբաղված է, այսինքն բարձրացնում է ոչ միայն խորհրդարանի, այլ Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարի դերը: Սակայն այդ առումով ակնհայտ է, որ Աբրահամյանը մի փոքր սխալ է թույլ տվել, որը կարող է լինել ճակատագրական: Բանն այն է, որ ինչպես ԱԺ դերը բարձրացնելու գործում նրա առաջին քայլը խորհրդարանի բակում մատուռ կառուցելն էր, այդպես էլ երկաթուղու դերը բարձրացնելու գործում նա պետք է երկաթուղու հավանական ճանապարհի որեւէ հատվածում մատուռ կառուցելու որոշում կայացներ, նոր միայն տեխնիկատնտեսական զեկույցները ցրեր աշխարհով մեկ: Կամ նույնիսկ կարելի էր մտածել երկաթուղու երկայնքով ամեն կիլոմետրը մեկ մի մատուռ կառուցել, որտեղ այդ երկաթուղով պոտենցիալ երթեւեկողները կարող էին ամեն կիլոմետրը մեկ իջնել ու գոհություն հայտնել Աստծուն, որ խերով-բարով անցել են այդ հերթական կիլոմետրը կամ տեղափոխել են իրենց բեռը: Կասկածից վեր է, որ եթե այդ զեկույցների մեջ ամրագրված լիներ մատուռների պարագան, ապա արտասահմանյան ներդրողները, նույնիսկ բուդդայական Չինաստանը, առանց մտածելու կորոշեին ֆինանսավորել այդ երկաթուղու շինարարությունը:ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Wednesday, December 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment