Wednesday, December 17, 2008

ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր».16-12-2008. Ինչ ուզում են ասեն, բայց իրոք հետաքրքիր երկիր է Հայաստանը: Խոսքի, մտքի, կարծիքի ազատ արտահայտման նկատմամբ արգելքներն առկա են ամեն քայլափոխին: Իշխանությունների և անձամբ իշխանավորների կողմից կատարած բացահայտ անօրինականությունը մատնացույց անելու համար կարող ես զրկվել ամեն ինչից. ազատությունից, աշխատանքից, ինչքից, և պատահում է` նաև կյանքից: Այն անձանց գործունեությունը, որոնք ցանկանում են բոլորիս հասցնել իրենց խոսքը առ այն, որ անթուլադրելի է և հղի է աղետալի հտևանքներով հայրենիքի մի մասը օտարին զիջելը, հանդիպում է բացահայտ և տարաբնույթ արգելափակումների իշխանական համակարգի բոլոր օղակների կողմից: Այստեղ նույնիսկ հրահանգներ իջեցնելու կարիք էլ չկա: Բացարձակ ազատություն է և էտալոնային դեմոկրատիա միայն մեկ հատվածում. նրանց համար, որոնք քարոզում են տարածքներ հանձնելու անխուսափելիությունն ու բարեբերությունը հայ ազգի համար: Հակառակ կարծիք ունեցողները համարվում են իշխանության թշնամիներ, ինչը մեզանում հավասարեցվում է պետության ու ազգի թշնամի լինելուն, իսկ դրսի համար էլ` ներկայացվում որպես մարդկության և, առհասարակ, քաղաքակրթության թշնամիներ: Մոսկովյան Հռչակագրի ստորագրման պահից անցել է արդեն մեկ ամիս: Իսկ մեզանում դեռ շարունակվում են «հասարակական քննարկումներն» ու «հասարակական բանավեճն» այդ կատարված իրողության առնչությամբ: Քննարկումների ու բանավեճի կայացման փաստն առավել մեծ գոհունակությամբ արձանագրում և մատնանշում են հատկապես այն կազմակերպություններն ու գործիչ կոչվածները, որոնց համար նմանատիպ փուչ գործընթացները ոչ միայն ինքնանպատակ են, այլ նաև` հենց նպատակ: Խնդրո առարկա հարցի վերաբերյալ գործնական մոտեցման իմիտացիոն ծխածածկույթն ապահովելու համար: Ոնց որ թե Ղարաբաղյան հարցը դրամաշնորհային հերթական շահած մի ծրագիր է, որի գումարը հանգիստ իրացնելու համար պետք է ցույց տալ, որ «մի բան արվում է»: Բայց եկեք հըլա միմյանց, իսկ առաջին հերթին` ամեն ոք ինքն իրեն հարցնի, թե էս ինչն ենք քննարկում: Ստորագրված փաստաթղթի պոստֆակտում քննարկումը որն է: Չէ որ դա ինքնին ծիծաղելի է, իսկ տվյալ դեպքում` բացահայտ աբսուրդ: Այդ քննարկում կոչվածն իմաստ ունի նույնքան, որքան որ իմաստ ունի մարդու մահից հետո նրա հետագա բուժումը կազմակերպելու մասին ծավալած խոսակցությունը: Խոսակցությունն այսօր կարող է և պետք է գնա միմիայն այդ Հռչակագրից բխող հտևանքների մասին: Մեզ համար, համենայնդեպս, ոչ բարենպաստ: Մենք ամենևին չենք պատրաստվում ներկայանալ հանրությանը փորձագետի, վերլուծաբանի, կամ այսօրվա մոդայիկ մեկ այլ կերպարանքով, կամ էլ միայն իրեն հայտնի Աշխարհի գաղտնիքներին տիրապետողի խորիմաստ ու մտախոհ կեցվածքով: Բայց այդ ամենով հանդերձ, մեզ իրավունք ենք վերապահում մեկ անգամ ևս շեշտել և պնդել, որ այդ Հռչակագիրը և նրա հետևանքները հայանպաստ չեն և չեն կարող լինել: Որովհետև դրանք չեն կարող այդպիսիք լինել «ի վերուստ»: Որովհետև այն ամենը` բանակցային գաղտնիքներ, պայմանավորվածություններ, սրա-նրա շահեր և բազմաթիվ այլ գործոններ, որոք հիմք են հանդիսանում ցանկացած նմանատիպ փաստաթղթի ստորագրման համար, հիմնվում և արտացոլում են նախևառաջ այն, ինչն անվանում են կյանքի դիալեկտիկա: Իսկ այդ կյանքի դիալեկտիկան մեր պարագայում հուշում է, որ չի կարող նախապատրաստվել և մյուս կողմերի ստորագրությամբ վավերացվել նպաստավոր մի փաստաթուղթ այնպիսի մի պետության համար, որտեղ Սումգայիթի քսանամյա տարելիցի հենց հաջորդ գիշերը իշխանությունները սեփական մայրաքաղաքում իրականացրին սեփական ժողովրդի ջարդ, այնպիսի մի պետության համար, որի ղեկավարը, ունենալով լեգիտիմության ահռելի դեֆիցիտ, հենարան ու աջակցություն է փնտրում ուր ասես, նույնիսկ Թուրքիայում, բայց ոչ սեփական երկրում ու սեփական ժողովրդի մոտ: Այն պետության, որի նախագահի փոփոխության փաստն արդեն տաս ամիս է, որ համառորեն չի ցանկանում նկատել տարածաշրջանով ակնհայտորեն հետաքրքրված աշխարհի հզորագույն տերությունը: Այն պետության, որտեղ ժողովուրդը ատում է սեփական իշխանությանը, իսկ իշխանությունն էլ` սեփական ժողովրդին: Որտեղ ձեռքն ընկած անհաձայններին իսկույն բանտախուց են կոխում, իսկ ձեռքները չընկածներին էլ դարձնում տնավեր: Որտեղ հասարակություն կոչվելու հավակնություն ունեցող բնակչությունը բաժանված է երկու անհաշտ մասերի: Մի կողմում` իշխանությունն ու նրա հետ կապված, և դրա շնորհիվ կերատաշտից օգտվող զանգվածը, մյուս կողմում` այն զանգվածը, որին թալանելու ու կեղեքելու շնորհիվ բարգավաճում է առաջինը: Եվ թերևս հենց այս վերջին դիմակայությունն է ամենահանգուցայինը և առանցքայինը մեզանում «հասարակական անհամաձայնություն» անվանում ստացած ամբողջ կծիկի մեջ: Հարցն այն է, որ իշխանություններին հակադրվող այսօրվա զանգվածը`աննշան, չնչին բացառությամբ, ցանկանում է տապալված տեսնել այս իշխանությունը ոչ նրա համար, որպեսզի վերականգնվի արդարությունն ու օրինականությունը, և պետությունն ու հասարակությունը սկսեն ապրել մարդավայել կարգով: Ավելի պարզ ու առարկայական ասած, որպեսզի կանխվի ու վերջ տրվի տարիներ ձգվող այս թալանին: Ոչ: Իշխանության տապալումը ճնշող մեծամասնությանը պետք է զուտ և ընդամենը նրա համար, որպեսզի այդ նույն թալանը հիմա էլ իրականացնեն իրենք: Եվ այս ֆոնի վրա` Ղարաբաղյան հարցը` շահարկվող, ծամծմվող, չարչրկվող, իսկ պահերով էլ` բացահայտորեն արհամարհվող, եթե չասենք` բռնաբարվող: Եվ այս իրողության պարագայում որն է մեր կողմից ներկայացված այն հասարակական պահանջը Ղարաբաղյան հարցի հանդեպ, որը պետք է հաշվի առնեն և չկարողանան շրջանցել օտարները, որն է այն հասարակական պատվերը, որը պետք է ներկայացնի և որից ոչ մի պարագայում չպետք է կարողանա հետ կանգնել Հայաստան պետության ղեկավարը: Իրոք, ո±րոնք են դրանք: Եվ եղել են, արծարծվել են արդյոք գեթ մեկ անգամ: Երբևիցե: Եվ դրա համար էլ` կամ դրա շնորհիվ, երկրիդ ղեկավարը ստորագրում է այն, ինչը որ իրեն դեմ են տվել: Որ ասենք, թե ստորագրում է անխոս ու հնազանդ, հավանաբար կնեղանան: Էհ, մենք էլ կասենք` խրոխտ ու հպարտ: Սակայն ինչը կփոխվի դրանից: Ստորագրվելու կարող էր դեմ տրվել և ավելի ծանր փաստաթուղթ: Եվ էլի կստորագրվեր: Քանզի մեր կողմից բանակցողներն ու ստորագրողները չունեն այդ առումով որևիցե վախ-պատասխանատվության զգացողություն, քանզի չկա այդ հարցի վերաբերյալ հասարակության մեջ ձևավորված հստակ տեսակետ: Կամ եթե ուզում եք` ձևավորված ու կայացած պահանջ-սպառնալիք: Այսօրվա «թուղթը» ավելի սոսկալի չեղավ զուտ այն պատճառով, որ Մինսկի խմբի մյուս երկու տերությունները Ռուսաստանին բացահայտորեն ասին, թե` «հոպ, տղաներ: Հո էդպես չի: Մենք մի քիչ աչքներս թեքեցինք, դուք արդեն վերմակը վռազ ձեր վրա էք քաշում»: Մեր դերակատարումն այդտեղ սահմանափակվել է ստորագրություն դնելով: Այնպես որ, Ղարաբաղյան խնդրի առումով իշխանությունն այսօր վայելում է բնակչության մեծամասնության, եթե չասենք աջակցությունը, ապա լոյալությունը` հաստատ: Իսկ որպես կազմակերպություն այդպես էլ չձևավորվող ու չմիավորվող հատուկենտ խմբերի ու անհատների կողմից հասարակական կարծիքի վրա ներազդելու ուղղությամբ գործադրած բոլոր ճիգերը որևիցե արդյունք դեռևս չեն տալիս: Հողերը հանձնել-պահելու առումով հասարակություն կոչվածն այսօր արտաքնապես անհաղորդ է, ինչը նշանակում է, որ ներքուստ` տալուն համաձայն: Ընդ որում, անհրաժեշտ է դա շեշտել հատուկ, խոսքը գնում է որ միայն հայաստանաբնակների, այլ նաև ղարաբաղաբնակների մասին: Բավական է մենք պահպանենք մեր իսկ կողմից հնարած անհեթեթ տաբուն ամեն ինչի վերաբերյալ, ինչը վերաբերում է Ղարաբաղին և հնչում է այնտեղից: Իբր` «գործին չվնասելու» պատրվակով: Երևի հենց այդ հանգամանքով քաջալերված ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը վերջերս, հավանաբար «ուղեղների լվացում» կոչվող կազմակերպված ծրագրի շրջանակներում ջանում էր բոլորիս համոզել, թե ԼՂՀ, որպես հակամարտող կողմի դուրս մղումը բոլոր գործընթացներից` այս անգամ արդեն Հայաստանի նախագահի կողմից ստորագրած փաստաթղթի միջոցով, մեր համար ոչ մի էական մինուս էլ չէ: Վաղն էլ նույն հաջողությամբ «կբացատրեն, որ հողերը հանձնելն ու ասենք Ադրբեջանի կազմի մեջ մտնելն էլ իր մեջ ոչ մի վատ բան չի պարունակում: Իլհամ Հեյդարովիչին էլ կհիշեցնենք, որ մեր պապերն ու հայրերը, ինչու չէ, նաև մեզանից ոմանք, Ձեր լուսահոգի հայրիկի հետ աշխատել ենք: Ու լավ էլ աշխատել ենք… Ինչ էլ գրվի, ինչ էլ խոսվի, ի վերջո գալիս ենք միակ հարցադրմանը. «հողերը տալիս ենք, թե ոչ»: Եվ քանի որ հայերս հենց այդ հարցում ունենք «հարուստ փորձ և ձևավորված, բարի ավանդույթ», հենց դա էլ` անձնատուր լինելը, զիջելը «փոխզիջման» անվան տակ դրված է այսօր մեր առջև: «Փոխ» նախդիրը եւ ինչ-ինչ երաշխիքներն այսօր, այս իրողության ու գործընթացների մեջ նույնքան են իրական, որքան որ իրական են զիջող կնոջ ականջին փսփսացած հետագայի վերաբերյալ ինչ-ինչ հավաստիացումները: Տարբերությունը միայն նա է, որ զիջող կինը գոնե որպես «քյար» հետը տանում է պահի տակ ստացած հաճույքը: Զիջող ազգը նույնիսկ դրանից էլ է մնում զրկված: Չզիջելու կողմնակիցներին պատասխանում են` նպատակ ունենալով, իհարկե, սարսափեցնել հասարակությանը, թե եթե չզիջենք` պատերազմ կլինի: Նախ, բոլոր երեք նախագահներին էլ, որոնք այսօր իրար հերթ չտալով ներկայանում են որպես պատերազմը շահողներ, պետք է հստակ հարցնել, թե ինչու Դուք, պարոնայք, հենց այդ երեքդ, հանդիսանալով պատերազմի հիմնական ժամանակահատվածում գլխավոր գործող անձինք, չհասցրեցիք պատերազմը մի հանգրվանի, որ այսօր բացառվեր մեր վրա մատ թափ տալը այդ նույն Ադրբեջանի կողմից: Չէ որ դրա բոլոր հնարավորություններն ունեիք: Իսկ երկրորդը` փոխզիջման ջատագով պարոնայք, նշեք գոնե մեկ դեպք, երբ հող ու երկիր զիջելով պատերազմ է կանխվել: Պատերազմը կանխվում է միայն մի դեպքում` եթե դիմացինը համոզված է, որ դու պատրաստ ես պատերազմի: Իսկ մեկ անգամ զիջողից, հենց զիջած կնոջ օրինակով, միշտ էլ նորանոր զիջումներ են պահանջելու: Եվ բոլոր կողմերից: Այնպես որ «փոխզիչման» մեղրածոր ճառերով համեմված բուն զիջելու գործընթացին մեր կողմից չդիմադրելը դա ոչ այլ ինչ է, քան հասարակական դավադրություն: Ինքներս մեր դեմ, մեր Հայրենիքի դեմ: Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած պահանջներն ու պայմաններն ավելի քան պարզ են ու հստակ: Նաև ինչ որ տեղ ազնիվ: Թե իր ժողովրդի, թե հայերիս համար: Դա հետևյալն է. «Հայերի ձեռքին չեմ թողնելու որ մնա մեզանից վերցրած հողերից և ոչ մի թիզ»: Ալիևի քարտեզը, ինչպես ասում են, պարզից պարզ է: Իսկ որն է Հայաստանի նախագահի գծած քարտեզը: Մի ցույց տվեք տեսնենք: Հո օտար մարդ չենք: Հայ ենք, էլի: Դեպքերի ընթացքը հուշում է, ցավոք, որ ամենայն հավանականությամբ, դա նույն քարտեզն է: Ժողովուրդ: Մեզ ուրիշ ոչ մի բան չի մնում, բացի նրանից, որ Շարժման 20-ամյակի տարում կազմակեպենք մի նոր Ղարաբաղյան Շարժում: Նախ, հաշվի առնելով հայերի նվիրական հակումները առ սերիալներ, անվանել այն «ՇԱՐԺՈՒՄ -2»: Նպատակն ու ծրագիրը մնում են անփոփոխ. փրկել Ղարաբաղը: Սակայն այս անգամ արդեն` Հայրենի իշխանություններից ու նրանց սատարողներից: Ինչը շատ անգամ դժվար կլինի, քան նախորդ դեպքում:ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: