Sunday, December 28, 2008

Իշխանությունները չեն հրաժարվել Հայաստանի ազատագրված տարածքը զիջելու մտադրությունից,- հայտարարում է «Միացումը»

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Միացում» ազգային նախաձեռնությունը դեկտեմբերի 18-ին ստացել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական պատասխանը նոյեմբերի 21-ին նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած «Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների քաղաքական եւ իրավական հետեւանքների վերաբերյալ» ծանուցման առնչությամբ: Նախաձեռնության տեղեկատվության բաժինը դեկտեմբերի 23-ին հանդես է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանը մեկնաբանող հայտարարությամբ, որում ասվում է. «Փոխնախարար Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ ստացված փաստաթղթի բովանդակությունը հերթական անգամ փաստում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել Հայաստանի ազատագրված տարածքը զիջելու հանցավոր մտադրություններից, այլեւ կարծում են, որ քարոզչական բնույթի հնարքներով հնարավոր է բթացնել Հայոց հանրության զգոնությունը համապետական կործանարար վտանգներով հղի իրենց վարած քաղաքականության սնանկությունը պարզունակ հավաստիացումների ներքո քողարկելու փորձերով: ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված ողջ տարածքի վրա ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու կամ գոնե Հայաստանի ազատագրված տարածքը շուտափույթ եւ հետեւողական քայլերով վերաբնակեցնելու փոխարեն ՀՀ բարձրագույն իշխանությունները Հայոց հանրությանը ձգտում են հանդարտեցնել անորոշ եւ կամայական մեկնաբանությունների առիթ ընծայող հետեւյալ «հիմնական սկզբունքներով». - Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո, - Լեռնային Ղարաբաղը պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: «Միացում» ազգային նախաձեռնությունը հրավիրում է հանրության ուշադրությունը հիշյալ «հիմնական սկզբունքների» ամբողջովին անընդունելի դրույթների վրա: Ստորեւ ներկայացնում ենք այդ սկզբունքների բովանդակային համառոտ վերլուծությունը. 1. «Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո»: Ինքնին զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ «սկզբունքների» տեքստում Արցախը հիշատակված է սոսկ որպես Լեռնային Ղարաբաղ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսպիսով, անտեսվում է ԼՂՀ ներխորհրդային իրավական դաշտի բոլոր կանոնների համաձայն ինքնորոշված եւ 1991 թվականից որպես անկախ պետություն հանդես գալու հռչակված իրողությունը: Այնուհետեւ` Ադրբեջանի ենթակայության ներքո ԼՂՀ չգտնվելու հանգամանքը վաղուց ի վեր կատարված փաստ է, որը որեւէ սակարկման կամ բանակցային քննարկման պարզապես ենթակա չէ: Բանակցությունները կարող են ընթանալ միայն հրադադարի ռեժիմի եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման շուրջ, որը ենթադրում է ներկա սահմանային գծի իրավական ամրագրում` որպես ԼՂՀ տարածքային ամբողջականություն` վերջինիս վրա ՀՀ ինքնիշխանության վերականգնմամբ: Ուստի, Ադրբեջանի ենթակայության տակ Արցախի չգտնվելու մասին խոսելը ժամանակավրեպ անհեթեթություն է եւ դիվանագիտական ապիկարություն, որն ամբողջությամբ խաթարում եւ շեղում է բանակցային գործընթացը ներկա իրողություններն ամրագրելու հրամայականից: 2. «Լեռնային Ղարաբաղը պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ»: ՀՀ եւ ԼՂՀ միջեւ «հայկական կողմի իրավազորության տակ անխափան ցամաքային կապի» մասին պնդումները լավագույնս ցուցադրում են ՀՀ ներկայիս իշխանությունների հանդգնությունը` Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու պատրաստակամությունը քողարկելու առումով: Այսօր Հայաստանի անբաժանելի մաս կազմող Արցախը միացված է Հայաստանին իր տարածքի ողջ երկայնքով` շուրջ 300 կմ Մռավի լեռնաշղթայից մինչեւ Արաքսի ափ եւ Իրան ձգվող սահմանագծով: Ուստի, ցամաքային կապի մասին հավաստիացումները ոչ միայն ժամանակավրեպ են, այլեւ ազատագրված տարածքները հանձնելու քողարկված հակապետական մտադրության մասին վկայություն: 3. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»: Միանգամայն համաձայնվելով նշված սկզբունքին` նախ, կամենում ենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցված «Լեռնային Ղարաբաղի» ժողովուրդ: Արցախահայությունը հայրենաբնակ հայության անբաժանելի մասնիկն է, որի անվտանգությունը տարանջատելի չէ մնացյալ հայության եւ Հայոց միասնական պետականության ընդհանրական անվտանգության ապահովման խնդրից: Այնուհետեւ` արձանագրում ենք, որ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիան կասեցնելուց հետո ստեղծված քաղաքական այժմյա իրողությունների սթափ, իրապաշտական եւ պետական շահի գերակայությամբ կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի (այդ թվում` արցախահայության) անվտանգության ապահովումը հնարավոր է բացառապես ներկա ռազմաքաղաքական համակարգի եւ տարածքային իրողությունների պահպանման պարագային: ՀՀ Արտաքին գործերի նախարարության մատնանշած «սկզբունքների» քննությունն ինքնին հերքում է մեզ հղված փաստաթղթում առկա այն հաստատումը, թե, իբր, «բանակցային գործընթացի արդյունքում վերոնշյալ «սկզբունքների» պայմանագրային ամրագրումը կընձեռի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքով արտահայտված հակամարտության կարգավորման հնարավորություն»: Քաղաքական իրողություններից անտեղյակ եւ Հայաստանի անվտանգության խնդիրներին իսպառ անհաղորդ ՀՀ դիվանագիտական կորպուսի պատասխանատուներին հիշեցնում ենք, որ համայն հայության եւ Հայոց պետականության անվտանգության միակ երաշխիքը արդար եւ սահմանադրական իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունն է, ինչպես նաեւ` ներկա պաշտպանական համակարգի ամրապնդումն ու բոլոր ազատագրված տարածքների համապարփակ վերաբնակեցումը: «Միացում» ազգային նախաձեռնությունը վերստին զգուշացնում է, որ Հայաստանի ազատագրված տարածքի որեւէ հատվածի ենթադրվող հանձնումը` Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործությունն է եւ Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անհանդուրժելի ոտնձգություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ցանկացած նկրտում առաջացնում է որոշում ընդունողների եւ այն գործադրողների պատմական, բարոյական եւ քրեաիրավական համընդհանուր պատասխանատվություն` որպես հայության բոլոր հատվածների նկատմամբ գործած ծանրագույն հանցանք եւ քստմնելի դավաճանություն»:

No comments: