Sunday, December 28, 2008

ՀՈՂԵ ՑԼԻԿԸ ԿՀԱՐԹԵՑՆԻ ՍՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

A1+. 27-12-2008- Ի՞նչ է սպասվում 2009 թվականին հայերիս, ինչպիսի՞ն կլինի տարին եւ ի՞նչ կբերի այն մեզ: Այս հարցերի պատասխանը «Ա1+»-ը փորձեց պարզել աստղաբան Ալինա Դերձյանից: «2009 թվականը կլինի սկսածը ավարտին հասցնելու տարի, կլինեն պաշտոնների փոփոխություններ, կամ երկրի արտաքին հարաբերությունների հետ կապված այնպիսի զարգացումներ, որոնց արդյունքներն անմիջապես չեն երեւա: Բացի այդ, կլինեն շատ նորարական գաղափարներ, որոնք քննություն պետք է բռնեն կոնսերվատիզմի հետ պայքարում»,-ասաց նա: Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ նրա, 2009-ը կարող է ունենալ հանդարտեցնող միտում, կլինի կատարված իրադարձությունների վերլուծություն եւ սրված հարաբերությունների հարթեցում` փոխհամագործակցության հիմքերով: Աստղագետի խոսքով, տարվա ընթացքում հատկապես կարեւոր կլինի Սատուրն եւ Յուպիտեր մոլորակների շարժը: «Սատուրնը, որը շատ կարեւոր մոլորակ է, դեկտեմբերի 31-ին կեսգիշերից քիչ առաջ դառնալու է ռետրո եւ հետ է ընթանալու: Սա կարող է նշանակել, որ երկրում տիրող իրավիճակը բուռն բացասական զարգացումներ չի ունենա, ավելին, հնարավոր է որոշ հետընթաց, որը կարող է շարունակվել մինչեւ հունիս ամիսը: Այս ընթացքում որեւէ լուրջ բարեփոխում կամ իրավիճակի լավացումը բավական պրոբլեմատիկ կլինի: Հունիսից հետո մոլորակը իր երթը կշարունակի նորմալ ուղիով »,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա, այն, որ Պլուտոն մոլորակը մտնում է Այծեղջյուրի համաստեղություն, կարող է բերել ազգերի եւ նրանց առաջնորդների ավելի լուրջ մոտեցում սեփական պատմությանն ու արժեքներին: Բացի այդ, հաջորդ տարի հնարավոր են այնպիսի համաշխարհային պրոբլեմներ, որոնց ազդեցությունը կզգացվի նաեւ մեր երկրում.«Այս դեպքում Հայաստանի ներքին իրավիճակը կարող է ուղղակի աննկատելի լինել: Սակայն, հույս կա, որ Վեներան եւ Լուսինը կմեղմեն այդ ազդեցությունը, եւ մարդիկ կփորձեն միմյանց ընդառաջ գնալ, փորձել իրար հասկանալ, եւ երկար սպասված երկխոսութունն ինչ-որ ձեւով կկայանա: Ինչպես սերմը պիտի որոշ ժամանակ հողի մեջ մնա ծիլեր` հետագայում պտուղ տալու համար, այնպես էլ այն ամենն, ինչ տեղի կունենա 2009 թվականի մարտ -հունիս ամիսների ընթացքում` կլինեն այդ սերմերի ծիլերը, իսկ արդյունքները կերեւան ավելի ուշ »,- կանխատեսեց Ալինա Դերձյանը: Աստղագետի խոսքով, բավական հետաքրքիր ազդեցություն են ունենալու նաեւ մոլորակների միավորումները: «Նոր տարվա գիշերը լինելու են մի քանի մոլորակների միացումներ` Մարս-Պլուտոն, Յուպիտեր-Մերկուրի, Լուսին-Վեներա: Առաջին միացումը խոսում է կոնֆլիկտային վիճակների մասին, քանի որ Պլուտոնն ու Մարսը ագրեսիա են հաղորդում, սակայն այն կմեղմի Յուպիտեր- Մերկուրի միաձուլումը, եւ ես հույս ունեմ, որ այդ իրավիճակները հնարավոր է հարթել եւ դրանք հայերի համար այնքան ծանր չեն լինի, քանի որ մարդիկ կհասկանան, որ ուրիշի դժբախտություն չի լինում»,-ասաց նա: Աստղաբանությունը երկրները նույնպես բաժանել է ըստ համաստեղությունների, օրինակ` Ռուսաստանը` Ջրհոսի նշանի տակ է, Աֆղանստանը` Կարիճի եւ այլն: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ կարծիքները տարբեր են: «Հայաստանն իմ կարծիքով գտնվում է Այծեղջյուրի համաստեղության տակ: Ներկա նախագահը կենդանակերպի նշանով Խեցգետին է: Այդ նշանի մարդիկ կարողանում են ճկունություն ցուցաբերել: Եւ՛ Խեցգետինը, եւ՛ Այծեղջյուրը միմյանց հանդեպ 180 աստիճանի վրա գտնվելով` մշտական երկխոսության ու համագործակցության կարիք ունեն»,- նշեց աստղաբանը: Որպես ապացույց, որ երկնքում կատարվող երեւույթները միանշանակ ազդեցություն են ունենում երկրի վրա կատարվող դեպքերի հետ, պատմեց, թե ինչպես է «զուգադիպել» մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի զարգացումն այդ օրվա մոլորակային դիրքերի հետ: «Սարսափելի ճշտությամբ համընկավ արտակարգ դրության հայտարարման ժամն այն պահի հետ, երբ երկնքում շատ բարդ դրություն էր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է 2009 թվականի հունվարի վերջին ԵԽԽՎ-ում Հայաստանի համար նախանշված կարեւոր քննարկման վերաբերյալ կանխատեսումներին, ապա աստղաբանի հաշվարկով, հնարավոր է, որ մեր երկիրը ձայնի իրավունքից չզրկվի, սակայն կիրառվեն բավական խիստ պատժամիջոցներ, կամ քննարկումը հետաձգվի եւ հարցը նորից մնա չլուծված: Ի դեպ, Ալինա Դերձյանը բոլոր այս կանխատեսումները կատարել է հորար (ժամային) մեթոդով` երեւույթի ծագման, կամ ի հայտ գալու պահի աստղացույցի հիման վրա: « Օրինակ` երբ մարդու մոտ առաջանում է իր կյանքի որեւէ ոլորտի հետ կապված հարց, ապա ֆիքսելով հարցի ծագման ժամը եւ ձեւակերպումը` հնարավոր է կառուցել հորոսկոպը եւ տալ նրան հուզող հարցի պատասխանն առանց կառուցելու եւ նախապես ուսումնասիրելու նրա անհատական աստղացույցը: Վերոհիշյալ բոլոր կանխատեսումներն արվել են այդ մեթոդի հիման վրա»,-«Ա1+»-ին ասաց նա:

No comments: