A1+. 25-12-2008- ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի այսօրվա տարեվերջյան մամուլի ասուլիսը ավելի շատ դասախոսություն էր հիշեցնում: Նա ստիպված էր որոշ լրագրողների բացատրել, թե ինչ են իրենից ներկայացնում միջազգային կառույցները, եւ մի քանի անգամ կրկնել. «Եթե միջազգային կառույցները ասում են, որ քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակել, ձեր կարծիքով ցանկանո՞ւմ են քանդել Հայաստանը: Դուք մոռանում եք, որ մարդիկ խաղաղ կերպով իրենց բողոքն էին արտահայտում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը, իսկ իշխանությունները նրանց առավոտյան ջարդեցին, իսկ երեկոյան որոշների` սպանեցին: Դրա մասին է խոսքը: Եթե ԵԽ-ն դա նկատեց, Դուք կարծում եք, որ նրանք ցանկանում են ՀՀ-ում ինչ-որ բան քանդե՞լ»:
Կարապետյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Մարտի 1-ի սպանդն իր անջնջելի հետքն է ունեցել ՀՀ արտաքին հարաբերությունների բոլոր ուղղությունների վրա: «Եթե Մարտի 1-ի սպանդի արդյունքում մենք ունեցանք ոչ հայանպաստ բանաձեւեր, մենք ո՞ւմ պետք մեղադրենք, մեր իշխանությունների՞ն, որոնք քաջ գիտակցում էին, որ թուլացնում են Հայաստանը, մեր բոլորիս անվտանգությունը, թե՞ միջազգային կառույցներին»:
Վլադիմիր Կարապետյանը ցավում է, որ ՀՀ ԱԳ նախարարը վերջերս հայտարարեց, թե ՀՀ-ն կատարել է ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւում տեղ գտած պահանջները: «ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ի բանաձեւը վկայում է, որ մեր ԱԳ նախարարը ճիշտ չի ասում: Իշխանություները թերացել են կատարել այդ բանաձեւը, եւ ՀՀ-ն գտնվում է վերահսկողության տակ»: Կարապետյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնեն Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների նկատմամբ դատավարությունները: Ինչ վերաբերում է մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը ՀՀ իշխանությունները կհասցնեն իրականացնել 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, թե՞ ՀՀ պատվիրակությունը կզրկվի իր լիազորություններից, ապա Կարապետյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել իշխանություններին եւ հիշեցրեց, որ ՀԱԿ-ը բազմիցս էր նախազգուշացնում, թե ինչ է սպասվում ԵԽԽՎ-ում: Ըստ նրա` միջազգային կառույցների հետ հարաբերություններում եւ ԼՂ գործընթացքում, սեփական ժողովրդի նկատմամբ կիրառված ծանր զրահատեխնիկայի եւ մարտական հրազենի գործոնը ունեցան իրենց ազդեցությունը:
«ՊԱՀԱՆՋԵՔ ՈՉ ԹԵ ԲՐԱՅԶԱՅԻՑ, ԱՅԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Անդրադառնալով մեր պետության երկկողմ հարաբերություններին` ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հետ կապերի պատասխանատուն առաջընթաց չի արձանագրել. « ԱՄՆ-ն` ի դեմս համանախագահ Մեթյու Բրայզայի, ջանքեր գործադրեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, իսկապես անկեղծորեն ջանում էին օգնել կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, սակայն միաժամանակ զգացվում էր, որ ԱՄՆ-ն մի կողմ չի դնում ժողովրդավարության, ազատությունների խնդիրը ՀՀ-ում: Դրա վկայություն է պարոն Բրայզայի վերջին հայտարարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցելությունը ՀՀ-ում»: Կարապետյանը խորհուրդ տվեց ԼՂ հարցում ոչ հայանպաստ ձեւակերպումների համար պահանջներ ներկայացնել ոչ թե Բրայզային կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներին, այլ` ՀՀ իշխանություններին եւ ասաց. «Եթե Մեթյու Բրայզան ասում է, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել է 7 շրջանները վերադարձնել, ի՞նչ եք կարծում, Բրայզան ոչ հայանպաստ հայտարարություն է անո՞ւմ: Եթե հաջորդ օրը մեր իշխանություններից որեւէ մեկը չի հերքում Բրայզայի հայտարարությունը, դուք մտածեք, թե ովքե՞ր են ոչ հայանպաստ քայլեր անում, ովքե՞ր են համաձայնության եկել տարածքները հանձնելու շուրջ, ինչո՞ւ են համաձայնվել: Պարզապես այսօր համանախագահները բացահայտ խոսում են այն ամենի մասին, ինչ արդեն կա փաստաթղթերում»: Իսկ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում Կարապետյանը գտնում է, որ ՀՀ-ն իսկապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններ բարելավելու խնդիր ունի` նկատի ունենալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով սառեցումը, որը նա ոչ միայն տնտեսական է համարուոմ, այլեւ` քաղաքական: Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, ապա պարոն Կարապետյանը գտնում է, որ այս տարի ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտ են եղել:
Նա վստահեցրեց, որ այս տարվա ընթացքում ՌԴ լրատվամիջոցների կողմից որեւէ բացասական արձագանք չի եղել ՀՀ ընդդիմության նկատմամբ, ՌԴ ակտիվ ներգրավված է նաեւ ԼՂ հիմնախնդրի գործընթացում, ինչպես նաեւ Հարավային Կովկասի իրադարձություններին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` նա վստահեցրեց, որ մինչ օրս ՀՀ-ն չի կարողացել որեւէ օգուտ քաղել այդ հարաբերություններից.«Սահմանները շարունակում են մնալ փակ, որեւէ առաջընթաց չկա դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, իսկ Թուրքիան շարունակում է ստանալ դիվիդենտներ, աշխարհին ներկայացնել, որ ՀՀ-ի հետ բարելավել է իր հարաբերությունները` իրականում որեւէ քայլ չանելով: Անգամ ՀՀ իշխանությունները Թուրքիային հնարավորություն տվեցին ներկայանալու որպես միջնորդ ԼՂ հակամարտության հարցում»:
Կարապետյանը նաեւ նշեց, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին իր հայտարարությամբ խոչընդոտեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ այս տարվա ընթացքում որեւէ պետություն չի ճանաչել 1915թ, ցեղասպանությունը, որը մեր իշխանությունների արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցերից է: «Այս ամենը ՀՀ-ի ցածր վականիշի արդյունքն է` ի դեմս այսօրվա իշխանության եւ ԱԳ նախարարի փաստացի անգործության»: vԿարապետյանը այլ կերպ, քան ԱԳ նախարարի անգործություն չի կարող գնահատել այն փաստը, որ արդեն 8 ամիս է մենք դեսպան չունենք 5 առանցքային պետություններում` Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Լիբանան եւ Ժնեւ:
Խոսելով միջազգային կազմակերպություններում ՀՀ-ի վերաբերյալ ընդունված բանաձեւերի մասին` Կարապետյանն առանձնացրեց մարտի 14-ին ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը, որը գնահատեց` լուրջ հարված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: «Առաջին անգամ, այն էլ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունվել է մի փաստաթուղթ, որտեղ պահանջվում է հայկական զորքերի դուրս բերում «գրավյալ» տարածքներից, ինչպես նաեւ հաստատվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ բանաձեւի վնասակար դերակատարությունը մենք տեսանք նաեւ ԵԽ-ում` ամռանը Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւում»:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց, որ 2009 թ. ՀԱԿ-ը շարունակելու է պայքարել ՀՀ- ում ժողովրդավարության հաստատման համար:
Friday, December 26, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment