ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնրադ Ադենաուերի քաղաքական հիմնադրամի (ԿԱՀ) Բեռլինի գրասենյակում օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն`«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները Ադրբեջանի տեսանկյունից» թեմայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից, հիմնական ելույթի համար հրավիրված էին Ադրբեջանի նախագահի ենթակայությամբ գործող ռազմավարական գիտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Նուրիեւը եւ գերմանական ռազմական ակադեմիային կից միջազգային անվտանգության ֆորումի անդամ Յոհաննես Ռաուն:
Հիմնադրամի աշխատակից Պետեր Հեֆելենի վարած խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը եւ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը: Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույցը ներկայացրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքների համատեքստում:
Դրան ի պատասխան անվտանգության հարցերով գերմանական միջազգային ինստիտուտի աշխատակից Ուվե Հալբախը եւ Եվրախորհրդում քրիստոնեա-ժողովրդավարական եւ քրիստոնեա-սոցիալական կուսակցությունների ներկայացուցիչ Ռայներ Դորնզայֆերը նշել են, որ ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն գտնում են, որ հակամարտության կարգավորումը պահանջում է հաշվի առնել նոր իրադարձություններն ու փաստերը: Ուվե Հալբախը ավելացրել է, որ տարածքային ամբողջականության պահանջը բացարձակ չէ եւ հաճախ ոչ գործնական է` բերելով Վրաստանի օրինակը: Իսկ Ռայներ Դորնզայֆերը խորհուրդ է տվել Ադրբեջանին դասեր քաղել Գերմանիայի անցյալից, որը, ըստ նրա, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստիպված եղավ հաշտվել ստեղծված իրականության հետ, ինչի շնորհիվ էլ հաջողվեց խաղաղություն եւ անվտանգություն ապահովել Եվրոպայում:
Նա համոզմունք է հայտնել, որ տարածքային ամբողջականությունից հրաժարվելով` Ադրբեջանը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստանի հետ միասին Եվրախորհրդի կողմից լայն աջակցություն կստանա հակամարտության հետեւանքների վերացման գործում: Իր հերթին` Գայանե Ափինյանը Նուրիեւի` ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման սպառնալիքներին ի պատասխան հիշեցրել է, թե անցած պատերազմում ինչ զոհեր պահանջվեցին հակամարտող կողմերից եւ ինչպիսի անշահավետ պայմաններում Ղարաբաղի ժողովրդին հաջողվեց պաշտպանել իր բնական ազատության իրավունքը: «Այսօր, չնայած Ադրբեջանի խելահեղ սպառազինմանը, Լեռնային Ղարաբաղն իր պետականության բարձր կազմակերպվածության շնորհիվ անհամեմատ ավելի հզոր է եւ պատրաստ է պաշտպանել իր ազատությունը», - ասել է նա: Գ. Ափինյանն Ադրբեջանի ներկայացուցիչներին խորհուրդ է տվել հրաժարվել ռեւանշիստական նկրտումներից եւ հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախ ապրելու իրավունքը:
Friday, December 26, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment