Համոզմունքն է հիմնավորում կոմպոզիտոր Արա Գեւորգյանը
«Ազգ». 19-12-2008. 2009 թվականից կոմպոզիտոր Արա Գեւորգյանի հիմնական սպասելիքը մեկն է, մաղթանքը եւս. «Թող 2009 թվականը ցեղասպանության ճանաչման տարի դառնա»:
Սեփական մաղթանքի եւ ցանկության իրականացումը կոմպոզիտորին ռոմանտիկայի ոլորտը չի տանում, ակնկալիքը բարձրաձայնելու համար հիմքեր ունի:
«Նման սպասելիքի հիմքեր ունեմ, որովհետեւ երկխոսությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված է: Մի քանի տարի առաջ անհավանական էր թվում, որ թուրք մտավորականները հայերից ներողություն կխնդրեն (ճշտենք խմբագրության կողմից՝ ստորագրահավաքը ցեղասպանության ճանաչման հետ կապ չունի): Այսօր ստորագրահավաք է տեղի ունենում: Համախոհների շարքերը մեծանում են եւ, կարծում եմ, առաջիկայում նրանք կընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Ես վանեցու թոռ եմ եւ ինձ պահանջատեր եմ համարում», «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արա Գեւորգյանը: Ցեղասպանության ճանաչումը արվեստագետի համար դարձել է ոչ միայն արդարության հաստատման ձգտում, այլեւ ապագայում խաղաղության գրավական: «Եթե թուրքերը ճանաչեն Եղեռնի փաստը, կարող եմ հանգիստ լինել, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի, եւ իմ երեխան իր երկրում կապրի խաղաղության պայմաններում», համոզված է Արա Գեւորգյանը:
Իր ստեղծագործությունները կոմպոզիտորը կոչել է կորուսյալ հայրենիքի շրջանների անուններով, իսկ «Ադանա» երգը 17 երկրների երգիչների կողքին կատարում է նաեւ թուրք արվեստագետը: Մշակույթը եւ սպորտը համարում է երկխոսության հաստատման միջոց եւ ողջունում է ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը: «Ես ներկա էի այդ խաղին եւ ասեմ, որ ոգեւորությունը մեծ էր: Երկխոսության քայլն արվել է մեր կողմից, համոզված եմ, որ արդյունք կտա», ասաց բանախոսը: Նրան անգամ չի վհատեցրել Թուրքիայի վարչապետի քննադատությունը թուրք մտավորականների նախաձեռնությանը: «Ճանաչման հարցը նախագահը կամ վարչապետը չի որոշում: Հասարակության մեջ շարժ կա եւ պատմությանը կտրվի արժանի գնահատական», համոզված է նա:
Անցնող տարին հաջող էր ոչ միայն հայ-թուրքական երկխոսության մեկնարկով, այլեւ ստեղծագործական հաջողություններով: Նվաճումներից առաջինը համարում է հայ օլիմպիականների օրհներգի ստեղծումը: «Բառերի հեղինակը Արամայիս Սահակյանն է: Երջանիկ եմ, որ այն հաջողություն բերեց մեր մարզիկներին», ասաց Արա Գեւորգյանը: Մինչեւ տարեվերջ կթողարկվի կոմպոզիտորների համերգների ծաղկաքաղը ներկայացնող սկավառակը: Պատրաստ է նաեւ «Սիրեցէք զմիմեանս» ստեղծագործության տեսասկավառակը: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ձայնագրությամբ սկավառակը Արա Գեւորգյանը վաճառքի չի հանում: Մտավախությունը մեկն է. «Ինձ անհանգստացնում են անօրինական կրկնօրինակողների քայլերը: Ես փնտրում եմ միջազգային ընկերություն, որը կթողարկի այդ սկավառակը: Պատրաստ եմ անգամ կրկնօրինակման իրավունքն անվճար նրանց ընձեռել: Ստեղծագործությունը խաղաղության մասին է եւ ուզում եմ, որ տարածվի աշխարհով մեկ», ընդգծեց Արա Գեւորգյանը:
Հաջորդ տարին կոմպոզիտորի համար նշանավորվեու է խաղաղության կոչով ու խաղաղությանը նվիրված համերգների շարքով, որոնք տեղի կունենան աշխարհի տարբեր անկյուններում: Համերգաշարը կավարտվի Հայաստանում 2010 թվականին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, December 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment