![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg-omgOxIlrHzhIZSNmGzmMa-MM43hql-C0N-PGAxYkV9xYi7P6ZcNp38G0_4xYNICNqPjyVNoNiszAucZaAtLAa-H88uPxraZsqXvA2A5Mq0SIZxjZE-ld4ywKc6RMhlrGpVHrupqQqls/s200/Vrasdan+Cherch.Web+jpg.jpg)
Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու խնդիրը կարծես թե դառնում է անլուծելի: Համենայն դեպս, անգամ Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած այցը չտվեց հստակ պատասխան, թե ի վերջո ազատ է Սուրբ Նորաշենը հայր Տարիելից, թե ոչ: Բանն այն է, որ երբ Վրաստան այցելած հայկական պատվիրակությունն այցելել էր նաեւ Սուրբ Նորաշեն, ապա հեռանալուց հոտո այնտեղ անմիջապես եկել էր հայր Տարիելն իր «շքախմբով»: Նրանց համար, ովքեր առաջին անգամ են լսում Տարիելի մասին, ասեմ, որ դա վրաց եկեղեցու քահանա է, որը փորձում է իր եկեղեցու տիրապետությունը հաստատել Սուրբ Նորաշենի վրա: Ինչպես երեւում է, Տարիելի զուրկ է դիվանագիտական սեթեւեթանքներից եւ նույնիսկ Հայաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը նրան չի կաշկանդում վրաց տեսանկյունից եկեղեցաշեն գործը շարունակելու հարցում: Ինչպես երեւում է, Տարիելին չեն կաշկանդում, կամ չեն ցանկանում կաշկանդել նաեւ Վրաստանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները:
Բայց այդ ամբողջ պատմության մեջ կա բավական հետաքրքիր մի նրբերանգ: Վրաստանում բնակվող հայերի թիվը, ըստ ոչ պաշտոնական հաշվարկների, կազմում է 300 հազարից մինչեւ 500 հազար մարդ: Եթե նկատի առնենք, որ Վրաստանի բնակչությունը մոտ 5 միլիոն է, ապա հայերը փաստացի կազմում են բնակչության մոտ տասը տոկոսը: Եթե հանենք Աբխազիան եւ Հարավային Օսիան, ապա հայերի տեսակարար կշիռը կարող է ավելի բարձրանալ, կամ թեկուզ դառնալ հաստատուն տասը տոկոս: Ավելին, Վրաստանում կա հայերով կոմպակտ բնակեցված մի ամբողջ շրջան, ինչը էլ ավելի է բարձրացնում հայկական գործոնի դերը այդ երկրում: Սուրբ Նորաշենի եւ Վրաստանում հայկական հուշարձանների խնդիրը վկայում է, որ Վրաստանի բնակչության մոտ տասը տոկոսը կազմող հայերը այդ երկրում բացարձակապես անկշիռ են: Ավելին, մի Տարիել քահանան կարծես թե կարողանում է ավելին, քան մի քանի հարյուր հազար վիրահայերը, ներառյալ նաեւ Ջավախքը, թեեւ կարող են լինել մարդիկ, որ կասեն, թե վիրահայերն այլ են, ջավախահայերն` այլ: Եվ երեւի թե հենց այդօրինակ մտայնության առկայության պատճառով է, որ ոչ վիրահայերը կշիռ ունեն Վրաստանում, ոչ էլ ջավախահայերը, ու նրանք անկարող են որեւէ ճնշում գործադրել Վրաստանի իշխանության վրա, որ այդ իշխանությունը օրինակ զսպի հայր Տարիելին:
Հետեւաբար, խնդիրը երեւի թե Սուրբ Նորաշենը չէ, այլ Սուրբ Նորաշենը խնդրի հետեւանք է: Խնդիրն այն է, թե ինչպես անել, որ Վրաստանի մի քանի հարյուր հազար հայերն այդ երկրում դառնան կազմակերպված համայնք եւ կարողանան գործոն լինել Վրաստանի կյանքում: Ընդ որում, խոսքը բացարձակապես այն մասին չէ, որ հայերը դառնան ապակառուցողական, անջատական գործոն: Օրինակ, որեւէ այլ երկրում ազդեցիկ հայկական համայնքներ ամենեւին էլ անջատական եւ ապակառուցողական չեն, որ կշիռ ունեն այդ երկրներում: Որեւէ երկրում որեւէ համայնք կշիռ է ձեռք բերում, երբ մասնակցում է այդ երկրի զարգացման գործընթացին, իրեն համարում է այդ երկրի քաղաքացի, տեր, պատասխանատու, երբ այդ երկրին որեւէ բան տալով ստանում է պահանջելու իրավունք: Վիրահայերի ահվածքը կարծես թե մի փոքր այլ է: Նրանք նախ մեղադրում են Վրաստանի իշխանությանը, որ հայերին թույլ չի տալիս առաջ շարժվել կարիերայի աստիճանակարգով, թե նրանք չեն փոխում իրենց ազգանունը: Սա ինքնին անհեթեթ մեղադրանք է, եթե նույնիսկ համապատասխանում է իրականությանը: Բանն այն է, որ խնդիրը պետական կառավարման համակարգում որեւէ պաշտոնի հասնելը չէ: Հայկական մտածողությունը կարծում է, որ օրինակ եթե Պատրիկ Դեւեջյանին նախարար են նշանակում, ուրեմն վերջ, Ֆրանսիան մերն է: Մինչդեռ հայկական գործոնի առկայությունն ամնեւին պայմանավորված չէ տվյալ երկրի կառավարման համակարգում հայերի առկայությամբ: Միացյալ Նահանգները դրա վառ օրինակն են: Գուցե այնտեղ դեր է տանում փողը, որ ամերիկյան քաղաքական իստեբլիշմենտի մի մասը քաշում է հայ համայնքից, հայ դատի հետապնդման պատրվակով, գուցե էլի ինչ որ բան է դեր տանում, սակայն փաստ է, որ խնդիրը որեւէ հայ նախարար, վարչության պետ կամ բաժնի վարիչ ունենալը չէ:
Ավելին, հեռատես համայնքը չի էլ փորձում ունենալ, որպեսզի տվյալ երկրի ճակատագրի համար պաշտոնական պատասխանատվության խնդիր չլինի, որովհետեւ, օրինակ, եթե հիմա նորանշանակ Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում չկարողանա լուծել տնտեսության զարգացման հարցը, ինչի նախարար որ նշանակվել է, ապա դա կարող է ազդել նաեւ հայկական համայնքի հեղինակության վրա, թեեւ միգուցե Շառլ Ազնավուրը մի համերգ տա ու փրկի այդ հեղինակությունը: Բայց բոլոր դեպքերում, համայնքի ուժը պաշտոնյա ունենալը չէ եւ ուժեղ համայնքը չունի էլ դրա կարիքը: Համայնքի ուժը նպատակների ու խնդիրների հստակ գիտակցումն է, ձեւակերպումն է, որպեսզի վիրահայության էներգիան անիմաստ տեղը չպարպվի ասենք Հայաստանում Վահան Տերյանի շիրմաքարի վրա առաջինը ծաղիկ դնելու կռվի վրա: Եվ ընդհանրապես, վիրահայության շահերը պետք է պաշտպանել Վրաստանում, ոչ թե Հայաստանում, ուր կան մի քանի խմբեր, կուսակցությունների եւ հայրենակցական միությունների տեսքով, որոնք Հայաստանի իշխանության դեմ բարձրացնում են վիրահայության խնդիրները, ներառյալ ջավախահայությունը:
Իհարկե, որեւէ կասկած չկա, որ այդ խմբերը իրենց մտահոգություններով անկեղծ են, մտածում են միայն վիրահայության մասին, մտածում են Ջավախքի մասին, ու ոչ թե դրանով Հայաստանում հետապնդում են իրենց անձնական եւ քաղաքական շահը, սակայն բանն այն է, որ այդ ամենը պետք է անել Վրաստանում, պետք է Վրաստանում կազմակերպել վիրահայությանն ու ջավախահայությանը, ոչ թե գալ ու կազմակերպվել Հայաստանում, Հայաստանի ընտրությունների ժամանակ վիրահայության եւ ջավախահայության անուններից հայտարարություններ անել, հետո մեղադրել Վրաստանի իշխանություններին հակահայ քաղաքականության համար: Վիրահայությանը պետք է Վրաստանում գործոն դարձնել, ոչ թե Հայաստանում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ»
No comments:
Post a Comment