Monday, January 24, 2011

Ամերիկահայերի կատարած հայտնագործությունները` ի նպաստ Ամերիկայի և համայն մարդկության

Ankakh.com. 24-1-2011- 2009 թ. ապրիլի 24-ին ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չարտասանեց այդքան սպասված «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը` փոխարինելով այն «Մեծ եղեռն»-ով: Սակայն իր խոսքի մեջ ասաց հետևյալ նախադասությունը. «ԱՄՆ-ն ավելի հարուստ երկիր է դարձել հայկական ծագումով բազմաթիվ ամերիկացիների ներդրումների շնորհիվ…»:
Ամերիկահայ հայտնի հեռուստալրագրող, հրապարակախոս Ստեփան Փարթամեանը 2009 թ. հրատարակեց մի գիրք` «Yes, we have» (Այո, մենք արել ենք) վերնագրով և նախաբանում ներկայացնելով Օբամայի այդ խոսքերը` գրքում զետեղեց հարյուրից ավելի օրինակ, թե ինչ օգուտ են տվել Ամերիկային հայերը:
Գրքում ներկայացված են գյուտարարներ, գիտնականներ, մշակութային ու հասարակական գործիչներ: Այդ ամենը հագեցած է ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից հաստատված գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներով ու գրանցման տարեթվերով, ինչն ավելի է բարձրացնում գրքի նշանակությունը:
Ըստ Փարթամեանի` իր ձեռքի տակ մոտ 1000 տվյալ կա, սակայն գրքում զետեղել է միայն 124-ը:
Գրքի հենց առաջին էջում հեղինակը ներկայացրել է առաջին հային, ով Ամերիկա է եկել 1618 թվականին` Ամերիկայի ստեղծման առաջին օրերին: Անգլիական մի ընկերություն, որ գնել էր ամերիկյան հողատարածքներ և պատրաստվում էր մետաքսի գործ զարգացնել, այդ հային` որպես մետաքսագործի, բերել էր Պարսկաստանից:
Բայց հետաքրքիր փաստերը դեռ առջևում են. պարզվում է, որ 1911 թ. պաշտոնապես գրանցված մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը պատկանում է ամերիկահայ Գաբրիել Քազանջյանին:
Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծողը նույնպես հայ է. 1854 թ. Ստամբուլից Ամերիկա է հրավիրվում մի խելացի երիտասարդ քիմիկոս` Քրիստափոր Տեր-Սերոբյանը: Նա ստեղծում է մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստանում է 6000 դոլար, որով շարունակում է ուսումը, դառնում դեղագործ և կրկին վերադառնում Ստամբուլ:
Բանկոմատի գյուտը նույնպես հայի մտքի արգասիք է` Լյութեր Սիմիջյանի, որ և՛ թղթադրամի, և՛ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը արտոնագրում է 1960-ականներին:
Իսկ առաջին կոսմետիկ վիրահատությունը կատարել է ամերիկահայ վիրաբույժ Վարազդատ Քազանջյանը` 1914 թ.: Նա եղել է ատամնաբույժ և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի կողմից մեկնել ռազմաճակատ, որտեղ վիրաբուժական 2000 գործողություն է կատարել: Պատերազմից վերադառնալով` նա ուսումնասիրել է դրանք, Հարվարդի համալսարանում ստեղծել համապատասխան բաժանմունք և պատրաստել առաջին կոսմետիկ վիրաբույժներին:
Հայ գիտնականների դերը բժշկության ոլորտում միայն դրանով չի սահմանափակվում: Օրինակ` 1977 թ. Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, իսկ Ռեյմոնդ Դամադյանը ստեղծել է միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սքաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:
Մի շարք նշանավոր գյուտերի հեղինակ է ամերիկահայ Օսկար Բենքերը` Ասատուր Սարաֆյանը, որի ստեղծած գյուտերը իսկական հեղաշրջում են մտցրել տեխնիկայի բնագավառում: Օրինակ` նա է ինքնաշարժների ավտոմատ փոխանցման տուփի, ինչպես նաև բենզինային պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերի հեղինակը: Նրա հանճարեղ մտքի արգասիքն են նաև ուղղաթիռի տրանսմիսիայի` հանրահայտ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը և բազմագույն տպիչ սարքը, որոնք ԱՄն-ի կառավարության կողմից անչափ բարձր են գնահատվել:
Ստեփան Ստեփանյանին է պատկանում բեռնատարի թափքի բետոնախառնիչի գաղափարը, որը մեծ նշանակություն է ունեցել շինարարության զարգացման համար:
1944 թ. Արթուր Բուլբուլյանն արտոնագրում է օդաչուների համար նախատեսված թթվածնային դիմակի գյուտը: Փարթամեանը պատմում է, որ այս գրքի հրատարակումից հետո իրեն է զանգահարել մի տարեց օդաչու և ասել, որ միշտ ուզել է իմանալ, թե ինչու է այդ դիմակի վրա գրված «Բուլբուլյան»:
Հանրահայտ է նաև նշանավոր Ալեք Մանուկյանի գյուտը` ջրի ծորակը, որից կարող է և՛ տաք, և՛ սառը ջուր հոսել:
Բոլորիս քաջ հայտնի, խմիչքների և հյութերի համար նախատեսված ճկուն անկյունով ձողիկների ստեղծողը նույնպես հայ է` Արտաշես Հայկանյանը:
Հաշմանդամների խնդիրները թեթևացնող մի շարք գյուտերի հեղինակ է Էմիկ Ավագյանը, որ ի ծնե եղել է հաշմանդամ (մարմնի բոլոր մասերն անաշխատունակ են եղել): 1961 թ. ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է հաշմանդամների խնդիրների լուծման գործում մեծ ներդրումների համար: Նա է ստեղծել, օրինակ, ձեռքով աշխատող անվասայլակները:
Փարթամեանն իր գրքում ներկայացրել է նաև Արշիլ Գորկուն` որպես աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր. դա արվեստի միակ ուղղությունն է, որ ծնվել է ոչ թե Եվրոպայում, այլ Ամերիկայում: Նա ներկայացրել է նաև Սարոյանին` որպես ամերիկյան գրականության կարևորագույն անհատներից մեկի, Քրք Քրքորյանին, Սերժ Թանգյանին և մի շարք այլ հեղինակավոր հայերի, որոնք անփոխարինելի դեր են կատարել Ամերիկայի զարգացման և առաջընթացի գործում:
Ստեփան Փարթամեանը պատրաստվում է ևս մեկ գիրք հրատարակել, որը կներկայացնի հայերի կատարած գործերը ողջ աշխարհում, ինչպես նաև մեկ առանձին գիրք` նվիրված Թուրքիայում հայերի կատարած գործերին, որոնք մեծ նպաստ են բերել Թուրքիայի զարգացմանը:
Ի դեպ, Փարթամեանը եկել է Հայաստան՝ ընդմիշտ հայրենիքում ապրելու նպատակով: Նրա բոլոր ծրագրերը նվիրված են միայն հայկականին: Այդ ծրագրերին մենք կանդրադառնանք «Անկախի» հաջորդ հրապարակումներում:
Անի Գասպարյան

No comments: