«Ազատություն» . 13-2-2009- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հինգշաբթի օրը տեղեկացրեց, որ ռուսաստանյան իշխանական կառույցների ներկայացուցիչների հետ օրերս Մոսկվայում կայացած իր հանդիպումը, որի մասին տեղեկացրել էին մոսկովյան թերթերը, տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ ասաց, որ ռուսական կողմը հայաստանյան ընդդիմության հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Հայաստանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1643 բանաձեւի ընդունումից հետո:
«Մենք ընդհանրապես նման հանդիպումների համար դիմել ենք, բայց այս անգամ դա, փաստորեն, Ստրասբուրգից հետո եղավ, երբ պարզվեց, որ ռուսական կողմը կցանկանար այդ հանդիպումը ունենալ», - ասաց Զուրաբյանը:
Ընդդիմադիր գործիչը հրաժարվեց հայտնել, թե Ռուսաստանի իշխանական շրջանակներից կոնկրետ ում հետ է հանդիպել` շեշտելով, թե նման դիվանագիտական հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվում այն մասին, թե ինչը կարելի է հրապարակել, իսկ ինչը` ոչ: Ամեն դեպքում, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հանդիպման վերաբերյալ մամուլում հրապարակումների նախաձեռնողը նույնպես ռուսական կողմն է եղել:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը շեշտեց, որ «ռուսական կողմը սովորաբար շատ ավելի զգուշավոր է լինում» Հայաստանի ընդդիմության հետ շփումների հարցում:
«Ես կարծում եմ, այն հանգամանքը, որ նրանք, այնուամենայնիվ, այսպիսի կոնտակտների գնում են, նաեւ ուղղակի ապացույցն է նրա, որ Հայաստանի ընդդիմությունը լրջագույն գործոն է դարձել հայաստանյան ներքաղաքական կյանքում», - ասաց Զուրաբյանը:
Ընդդիմադիր գործչի մոսկովյան այցելության հետ կապված լուրեր են շրջանառվում, թե Հայ ազգային կոնգրեսը որոշակի աջակցություն է ակնկալում Ռուսաստանից: Անդրադառնալով այդ ասեկոսեներին, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Ընդհանրապես միշտ փորձում են ինչ-որ մի պիտակ կպցնել Շարժմանը: Կարծում եմ, սրանք դատարկ խոսակցություններ են: Հայ ազգային կոնգրեսը, որպես հավաքականություն, միացյալ ընդդիմություն է, որը ունի շատ հստակ դեմոկրատական օրակարգ եւ չունի որեւէ գեոքաղաքական ուղղվածություն»:
Ռուբեն Մելոյան
Saturday, February 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment