«Ազատություն» 1-4-2009- Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալությունների տվյալներով, անշարժ գույքի գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել են 30-40 տոկոսով: Գործարքների քանակը, տարբեր գործակալությունների տվյալներով, նվազել է 50-90 տոկոսով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, մինչդեռ, գործարքների քանակը նվազել է ընդամենը 20 տոկոսով:
«Վերջին 10-15 տարվա ընթացքում Հայաստանում անշարժ գույք ձեռք էին բերում հիմնականում դրսից: Այսօրվա դրությամբ, քանի որ դրսում ճգնաժամ է, մարդիկ նպատակահարմար չեն գտնում կամ այդքան գումար չունեն... Հայաստանում սփյուռքից` նաեւ Ռուսաստանից, քիչ են գնումներ կատարվում կամ գործնականում չեն կատարվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ԱՍ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Թորգոմ Հովհաննիսյանը:
Մեկ այլ գործակալության («Կենտրոն») տնօրեն Վահե Դանիելյանի կարծիքով, գործարքներ չկան, քանի որ մարդիկ չեն ուզում ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը, իսկ սեփականություն ձեռք բերել ցանկացողները մեծամասամբ վճարունակ չեն:
«Կասկադ-ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վարդան Այվազյանի խոսքով, ազատվել են նաեւ շատ կոմերցիոն տարածքներ, ինչը բերել է դրանց վարձակալության գների անկմանը` 30-40 տոկոսով:
Վարդան Այվազյանը կարծում է, որ անշարժ գույքի գները այս մակարդակի վրա կպահպանվեն մի քանի ամիս, իսկ հետո կսկսեն բարձրանալ: Այլ է Վահե Դանիելյանի կարծիքը` գները կշարունակեն իջնել, եւ աշնան վերջին մոտ 60 տոկոսի գնանկում կարձանագրվի:
«Շեն» գնահատման կենտրոնի տնօրեն Վահե Ավետիսյանի կարծիքով, այսօր շատ են պոտենցիալ գնորդները, ովքեր պարզապես սպասում են, որ գներն ավելի նվազեն: Իսկ երբ մարդիկ սկսեն գործարքներ կատարել, գները նորից կբարձրանան:
Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, մինչդեռ, զգալիորեն տարբերվում են անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչների տվյալներից:
Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 2009 փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ընդամենը 20 տոկոսով, իսկ գները` 6 տոկոսով:
«Փետրվար ամսին [2009 թվականի] գործարքների քանակը Երեւան քաղաքում հունվարի համեմատ աճել է 41 տոկոսով», - հավելեց Մուրադյանը:
Լիլիթ Հարությունյան
Thursday, April 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment