Saturday, April 4, 2009

ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Այս տարի ապրիլի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում>> (Մատթ.21:9): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումներիª Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. <<Օրհնություն Դավթի որդուն>> (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում մանուկների օհնության կարգ է կատարվում: Ապիրլի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Արարատի մարզի Շահումյան գյուղում կօծի Ս. Աստվածածին եկեղեցին: Վարդան Վարդանյանի բարերարությամբ հիմնովին վերանորոգվել է եկեղեցին, բարեկարգվել է բակը, կառուցվել են հովվատուն և մատաղատուն՝ համապատասխան հարմարություններով: Եկեղեցաշեն և ազգօգուտ ծառայության համար Նավասարդ սրբազանը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից օրհնության և գնահատանքի գիր կշնորհի բարերարին: Տոնական Ս. Պատարագից հետո Նավասարդ սրբազանը մանուկների օրհնության կարգ կկատարի: Տոնական միջոցառում կկազմակերպվի, որին կմասնակցեն գյուղի բնակիչները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ հյուրեր: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

No comments: