Հայ-թուրքական համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու չարանենգ միջոց
«ԱԶԳ» 04-04-2009- Որքան մոտենում է Բարաք Օբամայի Անկարա մեկնելու օրը, այնքան աշխուժանում են Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու եւ դա Հայաստան-Թուրքիա մերձեցմամբ հիմնավորելու ջանքերը, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ նորմալացման հեռանկարը ստիպի ԱՄՆ նորընտիր նախագահին շրջանցել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ելույթում:
Ցեղասպանության ճանաչման նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու պարագայում խոսքը Թուրքիա այցելության նախօրյակին նամակով նախագահ Օբամային նախազգուշացնելու փորձերի մասին է: Թերեւս առաջին նախազգուշացումը Թուրքիային վերաբերող մարտի 31-ին հրապարակված զեկուցագրով արել է Վաշինգտոնում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն CSIS-ը, թե նախագահ Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանելու փոխարեն պետք է աջակցի Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցմանն ու խրախուսի կողմերին:
Կենտրոնի օրինակին հետեւել են ԱՄՆ Կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի անդամները: Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, ապրիլի 2-ին նրանք նամակով դիմել են Օբամային: Թեեւ նամակում բացահայտ չի նշվել ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն արտասանելու եւ Ներկայացուցիչների պալատին ներկայացված ցեղասպանության բանաձեւին ընդառաջելու այսպես կոչված աննպատակահարմարության մասին, բայց եւ այնպես ակնարկվել է, որ այդ գործելակերպը չի նպաստի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ջանքերին:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա մերձեցումը որպես ցեղասպանության ճանաչման կանխարգելիչ միջոց օգտագործելու ջանքերին, ապա դրա վառ օրինակը «Բարաք Օբամայի այցելությունից հետո Թուրքիայի հայկական սահմանի բացման հավանականության» մասին «Եվրոնյուսի» մարտի 28-ին տարածած կանխագուշակումն էր: Ապրիլի 2-ին «Թուրքիան եւ Հայաստանը պատրաստվում են հաշտվել» վերնագրով այս կանխագուշակումը փորձեց հաստատել «Ուոլ սթրիթ ջոռնլը»:
Այս թերթի հրապարակմանն իսկույն արձագանքեցին թուրքական կենտրոնական թերթերը, համանուն հանրային հեռուստատեսությունն ու CNN-Turk-ը: Դա լայն արձագանք գտավ նաեւ Հայաստանում: Մինչ արձագանքների բնույթին անդրադառնալը նշենք, որ «Ուոլ սթրիթ ջոռնլը», վկայակոչելով Բրյուսելում հավատարմագրված ամերիկացի դիվանագետներին, նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները «սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ պատմական տարաձայնությունները հաղթահարելու համար համատեղ հանձնաժողովի ստեղծման» հարցերում եկել են բանակցությունները սկսելու համաձայնության, ընդ որում ճշտվել են բանակցության պայմանները:
Թուրքական լրատվամիջոցները վերապատմում են ամերիկյան պարբերականի հրապարակումը: Նույնը կատարում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանը, սակայն կայքէջում նրա ներկայացրած հայերեն տարբերակում, ի տարբերություն թուրքերեն տարբերակի, նշվում է հայ-թուրքական համաձայնագրի մասին, որն, իբր, կարող է ստորագրվել ապրիլի 16-ին: Ըստ տրամաբանության պետք է ենթադրել, որ դա տեղի է ունենալու Երեւանում, քանի որ այդ օրը հրավիրվում է «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստ:
Ապրիլի 16-ին հավանաբար Երեւան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, սակայն ոչ թե հայկական կողմի հետ համաձայնագիր ստորագրելու, այլ խորհրդի նիստին մասնակցելու համար: Այլ կերպ` ենթադրվող համաձայնագիրը երկկողմ է, դա ստորագրելու համար կողմերը կամ պետք է անտեսեն «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, մասնակիցներին` նույնպես, կամ էլ դա ստորագրեն նիստի շրջանակներում, հակադրվելով ինչպես եկկողմ համաձայնագրի ստորագրման, այնպես էլ Երեւանում «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների նիստ գումարելու տրամաբանությանը:
Սա նշանակում է, որ հայ-թուրքական համաձայնագրի մասին հրապարակումով «Ուոլ սթրիթ ջոռնլը» ապատեղեկատվություն է տարածում, թերեւս դրանով էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման աննպատակահարմարությունը հայ-թուրքական մտացածին համաձայնագրի մոտալուտ ստորագրմամբ «հիմնավորելու» հարցում լրացնում է «Եվրոնյուսին»: Խոսքը տվյալ դեպքում ակնհայտ կեղծիքի մասին է:
Այդ կեղծիքին կամա թե ակամա տուրք են տալիս Թուրքիայում եւ հատկապես Հայաստանում ոմանք անտեղյակությամբ, ոմանք էլ քաղաքական հաշվարկներով, պարտավորվածությամբ կամ պնակալեզի հոգեբանությամբ: Չպետք է մոռանալ, որ «Ուոլ սթրիթ ջոռնլը» Իսրայելից ուղղորդվող «Նոր պահպանողականների» խոսափողն է: Հայերի, Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության նկատմամբ Իսրայելի եւ «Նոր պահպանողականների» որդեգրած դիրքորոշումը պարզաբանման կարիք չունի: Ինչ վերաբերում է «Ուոլ սթրիթ ջոռնլին», թեեւ այս թերթը բազմիցս վարչապետ Էրդողանին համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ, սակայն դա չի խանգարել, որ Հայոց ցեղասպանության հարցում լինի ոչ պակաս ժխտողական, քան «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղը»: Ի վերջո, ՄՈՍՍԱԴ-ը միշտ էլ ընդգծված ակնածանքով է վերաբերվել «գորշ գայլերին»:
Եթե ապրիլի 16-ին հայ-թուրքական համաձայնագիր ստորագրելու խնդիր լիներ, ապա երեկ Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ինչպես CNN-Turk-ն է նշում, ի լուր աշխարհի չէր հայտարարի. «Ձգտում ենք լուծում գտնել առկա խնդիրներին: Սակայն այս լուծումը խոցելու կողմեր ունի: Քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, անհնար է, որ մենք կարողանանք հանգել ողջամիտ որոշման»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment