Saturday, April 4, 2009

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ, ԻՐ ԱՐԵՎԻՆ, ԱԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՄԵԾ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»

«ԱԶԳ» 04-04-2009- Գնահատելով տեղական ինքնակառավարման մարմինների մարտի 29-ի ընտրությունները, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը երկրի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության ձեռք բերած հաջողության առնչությամբ ասել էր. «Թուրքիայի որոշակի շրջաններում ներկայություն է պահպանում «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը միայն: Տիրացան նաեւ Իգդիրին, այսինքնՙ արդեն Հայաստանի սահմանին են հենվում: Մեր կուսակցությունը կարող է ուրախանալ, որ հաղթեց Անկարայում, իսկ Ժողովրդա-հանրապետականըՙ Իզմիրում հաղթելու համար: Սակայն դա Թուրքիայի անվտանգության տեսանկյունից խնդրահարույց այդ շրջաններում մեզ չի օգնում, պետք է ուշադիր հետեւել այդ շրջաններին»: Խոսքն Իգդիրի քաղաքապետի պաշտոնում «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության քուրդ թեկնածուի ընտրության մասին է: Այս խոսքերին, ինչպես մարտի 31-ի համարում նշել է «Միլլիեթը», իսկույն արձագանքել են Թուրքիայի ազգային մեծ ժողովում քրդական այդ կուսակցության պատգամավորները, թե փոխվարչապետ Չիչեքն, իր արեւին, Մեծ Հայաստանի, Մեծ Քուրդիստանի մասին է ակնարկում: Ապրիլի 1-ին Լոնդոն ուղեւորվելուց առաջ Անկարայի օդանավակայանում Չիչեքի խոսքերին արձագանքեց նաեւ վարչապետ Էրդողանը: Նա մասնավորապես ասաց. «Այս երկիրը պատկանում է մեզ բոլորիս: Չենք կարող թույլ տալ, որ այստեղ խտրականություն դրվի մարդկանց միջեւ: Ի՞նչ է նշանակում հենվել են այս կամ այն երկրի սահմանինՙ ասելը: Մի՞թե կարելի է որեւէ քաղաքում թեկնածուի քաղաքապետ ընտրվելու առնչությամբ այդպիսի հետեւություն անել: «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն էլ հաղթեց Կարսում, Արդահանում: Ինչպե՞ս եք մեկնաբանելու այս հաղթանակը: Մի՞թե սրանք սահմանամերձ քաղաքներ չեն: Երկրի արեւելյան, հարավարեւելյան շրջաններում մեր կուսակցությունն ստացավ ձայների 34, իսկ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունըՙ 24 տոկոսը: Երկու շրջաններում էլ ընդհանուր հաղթանակը մեզ է պատկանում: Ընտրությունների արդյունքները պետք է այս տեսանկյունից գնահատվեն»: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: