
Tert.am. 24-4-2009- Ռուս քաղաքական գործիչ, սոցիալիզմի տեսաբան Լեվ Տրոցկու կարծիքը Հայկական հարցի վերաբերյալ այսօր առավել հետաքրքիր է դառնում։ Իր «Թուրքիայի քայքայումը և Հայկական հարցը» հոդվածում նա փաստերի համադրությամբ և դրանց վերլուծությամբ մի շարք ուշագրավ եզրակացությունների է գալիս. խոսում է երիտթուրքերի իսլամիստական մղումների մասին։ Փաստորեն, մենք՝ Թուրքիայում 1929թ.–ից ապրած և 10-ականների երկրի առօրյային քաջ ծանոթ ժամանակակցի աչքերով կարող ենք գնահատել և վերլուծել Հայոց Ցեղասպանության իրագործման պատճառները և աջակից հանգամանքները։
Ի դեպ, Տրոցկին իր հոդվածը գրել է 1915թ.–ից առաջ՝ տվյալ հարցին հանգամանալից անդրադառնալով 1912-1913թթ., և Տրոցկու վերլուծության մեջ հստակ նշմարվում են Հայոց Ցեղասպանության արմատները, որոնք հրապարակախոսը տեսնում է Համիդյան վարչակազմի և 1908-1913թթ. Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող ջարդերի մեջ։
«Այսպիսով, Հայկական հարցը կրկին արդիականություն է ձեռք բերում: Չնայած, այն երբեք էլ չէր մահացել, այլ պարզապես լսելի չէր 1897-1901թթ ժամանակահատվածում, երբ 1894-1896թթ հալածանքները Թուրքիայի հայ բնակչությանը հասցրեցին կատարյալ հուսալքության և սպառեցին հեղափոխական կազմակերպիչների ռեսուրսները: Հարկ է ավելացնել, որ հայերը կորցրել էին նաև հույսը և դիվանագտական ներգրավածության ուժի հանդեպ հավատը, այդ իսկ պատճառով հեղափոխական շարժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Սկսած 1901թ. որոշակի շարժ է նկատվում այս շարժման մեջ, ինչն ավարտվում է 1904թ. Սասունի ապտամբությամբ, որը ղեկավարում էր Անդրանիկը: Այս ապստամբությունը, սակայն, դրական արդյունքների չհանգեցրեց, և Անդրանիկն իր կողմնակիցների մի մասի հետ ստիպված էր լքել հայրենի լեռները: Սակայն հենց այս ժամանակվանից սկսած ուժեղացված հեղափողական քարոզները, մարտերին ժողովրդի պատրաստավելը և ապստամբական բռնկումները չդադարեցին: Եվ եթե թուրքական սահմանադրությունը մի փոքր էլ ուշանար, ապա շատ հնարավոր է, որ թուրքական Հայաստանը դառնար նոր փառահեղ ապսամբության թատրոն, որում, բացի հայերից, կմասնակցեին նաև թուրքերը:
Սակայն թուրքական սահմանադրութունը նոր հույսներ ներշնչեց հայ բնակչությանը: Ճիշտ է, թուրքերը սահմանափակվում էին հայերի վիճակը բարելավելու խոստումներ տալով, սակայն հայերը հավատում էին մարդկանց, ովքեր կոտրել էին Աբդուլ-Համիդի բացառիկ իշխանությունը: Հայերը նրանց ներեցին անգամ Ադանայի ջարդերը, որոնց ժամանակ հալածվել էին տասը հազար հայեր, քանի որ նույնիսկ այդ մղձավանջային ջարդերից հետո նրանք չէին դադարում հավատալ երիտթուրքերի երդումներին: Թուրքերի հետ ձեռքը ձեռքին տված աշխատելու անկեղծ ցանկությունը հանգեցրեց նրան, որ հայկական «Դաշնակցություն» կուսակցությունը ձևական փաստաթուղթ ստորագրեց երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության հետ` սահմանադրական ռեժիմը սատարելու և տեղական ինքնակառավարում իրականացնելու մասին, որի հետագա զարգացումը պետք է հանգեցներ մշակութաազգային ինքնավարության: Սրանից մի փոքր ավելի ուշ, հայկական նույն կուսակցության պնդմամբ, թուրքական կառավարությունը, չնայած թուրքական ռեակցիոն տարրերի հակազդեցությանը, որոշեց զինվորական պարտականության կանչել նաև քրիստոնյաներին:
«Հայկական հարցի» գոյության պատճառները հարկավոր է փնտրել թուրքական իշխող կուսակցության ավանդական «հակաազգային» քաղաքականության և հայկական շրջանների բնակչության տնտեսական վիճակի մեջ: Տխրահռչակ երիտթուրքական օսմանիզմը շատ արագ փոխվեց իսլամիզմի, իսկ հետո թուրքիզմի: Երիտթուրքերը Սալոնիկի կոնգրեսի ժամանակ (1910թ. հոկտեմբեր) հայտարարեցին մահմեդական ազգերի առավելությունը մասին ոչ մահմեդականների հանդեպ և թուրքական տարրը հռչակվեց որպես պետության հիմք: Մասնավորապես, «գյավուրները», հայտարարվեցին ոչ ապահով տարր:
Հայերի համար մեծ դժբախտություն է հանդիսանում իրենց հարևան քրդերի արտոնյալ վիճակը: Քրդերի հանդեպ վերաբերմունքը Համիդի ժամանակներից շատ քիչ փոխվեց: Աբդուլ Համիդը, ինչպես հայտնի է, սիրալիրութուն էր ցուցաբերում քրդերի հանդեպ` նրանց նախ և առաջ համարելով Ռուսաստանի դեմ խաղաքարտ: Երիտթուրքերը շարունակեցին նույն քաղաքականությունը:Քաղաքական պատճառների թվում, որը կյանքի կոչեց հայկական հարցը, հանդիսանում է հայերի գրեթե լիակատար անիրավությունը: Մենք արդեն տեսել ենք, որ հայերի հանդեպ հալածանքները հանցագործություն չեն համարվում: Եթե նույնիսկ երբեմն գործը հասնում էր դատարան, ապա այն լուծվում էր հալածողի օգտին, քանի որ ոչ մի մահմեդական չի համարձակվի որոշում կայացնել «գյավուրի» օգտին: Ընդհանուր առմամբ, օրենքն այս հարցում տարբերություն չի դնում մահմեդականի և ոչ մահմեդականի միջև: Սակայն չինովնիկները, ովքեր Համիդի ժամանակներից էին ժառանգել տվյալ վերաբերմունքը, օրենքի տառին չէին ենթարկվում, հատկապես, խուլ գավառներում»:
No comments:
Post a Comment