Saturday, April 25, 2009

ԱՊՐԻԼՅԱՆ ԿՈՉ

Այսօր աշխարհի համայն հայությունը գուժում է իր միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը: Լրանում է Ցեղասպանության 94-ամյակը, մարդկային պատմության սևագույն էջերից մեկը, երբ իր չորս հազարամյա պապենական հողերից բովանդակ Արևմտահայությունը, ջարդի, տեղահանության և բռնագաղթի ենթարկվելով հայրենազուրկ դարձավ: Այսօր, Մեծ Եղեռնի 94-ամյակին, բացակա է Ցեղասպանության 50-ամյակի ոգեկոչման օրերի համազգային Մեծ Զարթոնքը, 60-ամյակի օրերի Զինյալ Ազատագրական Պայքարի հերոսական խիզախումները, ինչպես նաև ի գին մեծ կորուստների եւ տառապանքների Արցախյան ազատամարտի տարիների անկոտրում Ոգին: Այսօր տարված ենք ինքներս մեզ խաբելով, ձևական և ցուցադրական հայտարարություները չափազանցնելով, գիտակցաբար թե անգիտակցաբար մոռացության մատնելով մեր բուն նպատակըª բռնագրավված հայրենիքի և հայրենահանված ժողովուրդի սրբազան Դատը` հողային պահանջատիրությունը: Հայ Դատ հասկացությունն այսօր ինքնակամորեն սահմանափակել ենք միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումի գործընթացով: Ցեղասպանության միջազգային ճանաչումը նույնիսկ վերածել ենք լոկ բարոյական ինքնամխիթարման կամ հայցող աղերսանքի: Չե՞նք գիտակցում իրողությունը, թե փորձում ենք այսպիսով մեր անգորործությունը, թուլամորթությունն ու մերկությունը քողարկել: Քաղաքական հանձնառությունից և հետևողականությունից հրաժարվելով Սփյուռքը կատարում է աննախադեպ սխալ: Նորանկախ Հայաստանին զորակցելու և զորացնելու փոխարեն, փորձում է բաժին փնտրել Հայաստանի ցամաքած և թալանված քաղաքական թատերաբեմում: Բուն առանցքայինը` Հայկական Դատի հետապնդման ռահվիրա դիրքը լքելով, սպասում է տնտեսապես թույլ և քաղաքականապես չկայացած նորանկախ Հայաստանը ստանձնի Հայ Դատի հետապնդման գործը, այսպիսով, կատարելով սկզբունքային աններելի սխալ: Իսկ ի՞նչ էր սպասվում Հայաստանի Հանրապետության հազար ու մի պատճառով խոցելի ու տկար իշխանությունից. ստանձներ մեր Դատի հետապնդման պատասխանատվությո՞ւնը, վարեր հեղափոխական արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ խախտեր միջազագային օրենքն ու ստանձնած հանձնարարությունները: Սփյուռքը, առանց տատանումի և ամբողջականորեն, պետք է գիտակցեր և համոզվեր, որ ՀՀ հաջորդական իշխանությունները, որոնք նույնիսկ չեն փորձում միասնական լինել սեփական ժողովրդի հետ և չեն հարգում նրան, Հայկական Դատի գծով կարող էին կատարել միմիայն մեկ բան` հայ ժողովրդի անունից կատարել սակարկում ու զիջում մեր պատմական իրավունքներից` Արևմուտքի տնտեսական նպաստների, վարկերի և օժանդակության դիմաց, ինչպես նաև ապահովել ժամանակավոր շահեր` ենթարկվելով նրանց հորդորներին, հայտարարելով իրենց պատրաստակամությունը ՙանցյալի մեջ չապրելու՚, ՙանկարելի բաների մասին չխոսելու՚ և ընդունելով որ ՙՀայոց Ցեղասպանության ճանաչումը իրավական հիմք չի ստեղծում հողային հատուցման համար՚: Հայաստանի իշխանություններից Հայկական իրավունքների հետապնդում պահանջելն ապացուցում է Սփյուռքի կամ քաղաքականության կամ արժանապատվության այբուբենի հետ աղերս չունենալը: Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն մշակել, ահա այն առավելագույնը, որ կարող է հետապնդել Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ գլխավոր պարտավորությունը ոչ թե Արեւմտահայաստանի Դատի հետապնդումն է, այլ սկսած գործի` Արցախյան հաղթական ազատամարտի արդար քաղաքական լուծում ապահովելը, չզիջելով հայապատկան տարածքները, չհավատալով, որ երբևիցե միջանցքներով կարելի է երաշխավորել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, և մանավանդ չապավինել միջազգային խաղաղապահ ուժերի հոգատարությանն ու նրանց կողմից ապահովվելիք անվտանգության: Ցեղասպանության 94-ամյակին Սփյուռքը պետք է գիտակցի, որ Հայաստանին, Արցախին և Ջավախքին օժանդակելն իր ազգային պատքն ու պարտականությունն է, սակայն դա չպետք է առիթ հանդիսանա, որ ինքնակամորեն հրաժարվի իր քաղաքական առաքելությունից և իր Դատի հետապնդումից: Սփյուռքը առավելապես պետք է գիտակցի, որ միաջզգային օրենքը նեցուկ ու աջակից է Ցեղասպանության ենթարկված և տեղահանված ժողովուրդների, այս պարագային Սփյուռքահայության, դատի և նրա կազմակերպված պահանջատիրական պայքարի նկատմամբ: Դա նաև կնշանակի կրկնակի օժանդակություն նորանկախ մեր երկրին: Վերածնունդի համախմբում հայրենասիրական կազմակերպություն Երևան, 24 ապրիլ 2009

No comments: