
Tert.am.24-4-2009-Թուրքական լրատվամիջոցներին հայտնի են դարձել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանված «ճանապարհային քարտեզի» մանրամասները։ Ինչպես հաղորդում է Sabah թերթը, Շվեյցարիայում ընդունված որոշումները կարող են հրապարակվել մայիսին։
«Գործընթացն արդեն սկսված է։ Երկու երկրների հարաբերությունները բարելավելու նպատակով ստեղծվելու են հանձնաժողովներ՝ բարձր և ցածր մակարդակով», - հրատարակությանը հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, ով, սակայն, նախընտրել է անհայտ մնալ։
Հիշեցնենք, որ ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը չորեքշաբթի հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։
Համաձայն Sabah-ի տեղեկատվության՝ Շվեյցարիայում ձեռք է բերվել պայմանավորվածություն 5 կետերի շուրջ։
Մասնավորապես, որոշում է կայացվել այն մասին, որ Հայաստանը կընդունի 1921թ. Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև Կարսի պայմանագիրը և որ այն չի դառնալու քննարկման առարկա։
Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ստեղծվելու է պատմաբանների հանձնաժողով՝ այդ թվում՝ երրորդ երկրի պատմաբանների մասնակցությամբ։
Ըստ Sabah-ի՝ ենթադրվում է երկու երկրների միջև սահմանի բացում և առևտուր իրականացնելուն ուղղված աշխատանքների նախապատրաստում։
Բացի այդ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման շրջանակներում երկու երկրները նախնական փուլում փոխադարձ հիմքերի վրա հավատարմագրելու են իրենց դեսպաններին Թբիլիսիում, իսկ այնուհետև դեսպանատներ են բացելու Երևանում և Անկարայում։
Ինչպես հաղորդում է Sabah-ը, Լեռնային Ղարաբաղի հարցը պայմանավորվածությունում արտացոլված չէ։ Միևնույն ժամանակ, հաղորդվում է , որ «ճանապարհային քարտեզը» դե-ֆակտո կապված է այդ հարցի հետ։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրերս սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու՝ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Ադրբեջանին ներկայացնելու նպատալով։
No comments:
Post a Comment