Saturday, April 25, 2009

«Թող այլեւս ոչ մեկի աչքից արցունք չհոսի»

Արեւմտյան Հայաստանի Կարսի նահանգում ծնված 102-ամյա Ադելինա տատը, որն ականատեսն է եղել 1915թ. Մեծ Եղեռնի, սարսափով է հիշում է դրան նախորդող օրերը: Թուրքերը հայերի տներից ստիպողաբար, ծեծելով խլում էին ցորենի, գարու վերջին պաշարները, ինչպես նաեւ առգրավում զենքն ու բոլոր ծակող, կտրող գործիքները: «Մենք ավանի հարուստներից մեկն էին, սակայն տանն այլեւս բան չէր մնացել»,- պատմում էր նա: Ադելինա տատը հիշում է, թե ինչպես թուրքերն ընդամենը կես ժամ ժամանակ տվեցին' տներից ու քաղաքից հեռանալու համար: Սակայն հայերից շատերը չէին հավատում, որ թուրքերի վայրագությանը եւ մի քանի որ անց մյուսների պես դարձան Մեծ կոտորածի անմեղ զոհերը: Գաղթի ճանապարհն 8 ամյա երեխայի համար ամենաահասարսուռն է եղել: Ճանապարհի սկզբում նա կորցնում է տատին ու պապին, այնուհետեւ'ծնողներին ու երկու մեծ եղբայրներին: Իր հետ Արեւելյան Հայաստանի սահման կարողացել են հասնել միայն փոքր քույրն ու եղբայրը: Իսկ հնարավոր էր դարձել նրանց անվտանգ տեղ հասնելը միայն ռուսական զորքերի օգնությամբ: Ադելինա տատը հիշում է, որ Արեւելյան Հայաստանում իրենց նախ տարան մանկատուն, իսկ ապա որդեգրեցին քրոջն ու եղբորն, հետո էլ իրեն: Նրանք տարբեր ընտանիքներում մեծանալով, հետագայում գտնում են միմյանց: Իր ապրումներն ու հիշողությունները նա անմահացրել է իր օրագրում, որը սրբորեն պահում է մինչ օրս: Ադելինա տատն այսօր ապրում է Արաբկիր համայնքում' թոռնիկների հետ: Նա ատելությունը թուրքերի նկատմամբ չի սահմանափակվում միայն մանկական հիշողություններով. նրա ավագ որդին' Տիգրանը, Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ զոհվել է: 1 դար ապրած Ադելինա տատի ցանկությունն այսօր մեկն է. «Թող այլեւս ոչ մեկի աչքից արցունք չհոսի»: Ինքը սակայն չի կարողանում զսպել արցունքները, երբ հիշում է Հայոց մեծ Եղեռնի տարիները:

No comments: