Thursday, April 2, 2009

Հայ-թուրքական սահմանի բացման մասին

HayInfo.1-4-2009- Որքան մոտենում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցի օրը՝ այնքան թուրքական ԶԼՄ-ներում, քաղաքական և փորձագիտական շրջանակներում ակտիվանում են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման շուրջ քննարկումները։ Այդ հարցն Ադրբեջանում հիստերիայի նոր ալիքի բարձրացման պատճառ է դարձել։ Եթե մեկ ամիս առաջ Ադրբեջանը իր ռազմավարական գործընկերոջը նրբանկատորեն հասկացնել էր տալիս, որ սահմանի բացումը չի բխում բարեկամ երկու պետությունների շահերից, ապա այսօր Ադրբեջանն ուղղակի ասում է, որ իր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը՝ վերջինիս և եղբայր Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է։Ադրբեջանի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն այս առիթով հայտարարել է, որ առաջիկա տարիների ընթացքում սահմանի բացումը միանշանակ հակասում է Ադրբեջանի ազգային շահերին. «Թուրքիայի ներկայիս վարչակազմը, արագացնելով հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը, Ադրբեջանին բարդ դրության մեջ է դրել։ Մենք ժամանակ չունենք վերանայելու մեր արտաքին քաղաքականության սկզբունքները» ,-ասել է Ահմեդօղլուն։ Եվ այսպես շարունակ...Սահմանի բացման հարցում ի՞նչ է ասում պաշտոնական Երևանը։ Ի վերջո, լուրջ գործընթացներ են տեղի ունենում, իսկ մենք շարունակում ենք տեղեկություն (նաև՝ ապատեղեկատվություն) ստանալ մեր հարևանների աղբյուներից։ Հայաստանի ԱԳՆ ասում է այն, ինչ որ ասում էր մեկ, երկու...տարի առաջ. «Մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների ձևավորմանը»։ Ի՞նչ հարցեր են քննարկվում Շվեյցարիայում շարունակվող հայ-թուրքական գաղտնի բանակցություններում՝ դեռ պարզ չէ։Ու ստիպված պետք է կրկին անդրադառնալ ադրբեջանա-թուրքական աղբյուրներին։ Ընդհանրացնելով դրանք՝ ստանում ենք հետևյալ պատկերը.-սահմանի բացման հարցում Թուրքիան նախ և առաջ առաջնորդվում է իր շահերով։ Առաջին հերթին դա Հայոց ցեղասպանության հետ կաված «հակաթուրքական քարոզչության դադրեցումն է», ինչը շարունակում է խոչընդոտել Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելուն,-Հայաստանին սահմանակցող Թուրքիայի աղքատ վիլայեթները, որպես տարանցիկ ճանապարներ և առևտրի գոտիներ, սահմանի բացման դեպքում արագ զարգացման հնարավորություն են ստանում,-տնտեսապես ավելի զարգացած Թուրքիան կարճ ժամանակում կարող է գրավել հայկական շուկաները։Ստացվում է, որ Թուրքիան ցեղասպանության ճանաչման հարցը, այդուհանդերձ, կապում է սահմանի բացման հետ։ Բացի այդ, այս քայլով Թուրքիան Արևմուտքին փորձելու է ներկայանալ որպես տարածաշրջանում որպես «տոլերանտ» երկիր՝ զուգահեռաբար փորձելով կարգավորել Եվրամիությանն անդամակցելու հարցը, իսկ Հայաստանի վրա նախատեսվող տնտեսական ազդեցությունը, բնականաբար, փորձելու է վերածել քաղաքականի։Հիմա Ադրբեջանի մասով։ Վերջին շրջանում Իլհամ Ալիևը, սահմանի բացման վերաբերյալ, ոչ մի կտրուկ հայտարարություն չի արել։ Բաքվում դա կապում են, հաճախակի դարձաձ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների Ադրբեջան կատարվող այցերի հետ։ Այսինքն, սահմանի բացման շուրջ քննարկումները ընթանում են Բաքվի լուռ համաձայնությամբ, իսկ բարձրացվող աղմուկը, պարզապես թատերական բեմականացում է։ Ի՞նչ է դրա դիմաց ակնկալում Ադրբեջանը։ Հասկանալի է, որ սահմանի բացումը նրանք փորձելու են կապել ԼՂՀ հիմնախնդրի հետ։ Այս հարցում այնպիսի տարբերակներ են շրջանառվում ադրբեջանական մամուլում, որոնց անիմաստ է անդրադառնալ։ Փաստորեն, հայկական կողմի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություն հաստատելու դիմաց՝ մեր հարևանները մի շարք նախապայմաններ են առաջ քաշում։Դժվար թե Հայաստանի որևէ իշխանություն գնա այնպիսի քայլերի, որոնք որ հնարավոր են համարում մեր հարևանները։ Չնայած, ամեն ինչ էլ հնարավոր է և միայն մեզանից է կախված. թույլ կտա՞նք անցանկալի զարգացումներ, թե՞ ոչ։ Վախթանգ Մարգարյան7or

No comments: