Tuesday, May 5, 2009

Շվեյցարացի աստղագետը հայնագործել է Երկրագնդին չափերով նման մոլորակ

Tert.am 5-5-2009- Անգլիայում անցկացված եվրոպական համաժողովի ընթացքում Ժնևի աստղադիտարանի աշխատակից Միշել Մայորը պատմել է իր նոր հայտնագործության մասին։ Շվեյցարացի աստղագետը հայտնագործել է մոլորակը արևային համակարգից դուրս։ Այն գտնվում է Gilese 581 համակարգում։ Այդ մասին Tert.am-ին հաղորդել է Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արեգ Միքայելյանը։ Ըստ վերջինիս՝ մոլորակը մեծ է Երկրագնդից ընդամենը 1,9 անգամ։ Բացի այդ, Երկրագունդն ու նոր մոլորակն ունեն նման պարամետրեր։ «Այդ մոլորակում ջերմությունը գրեթե նույն է, ինչ Երկրագնդում։ Հնարավոր է, որ այն բնակեցված է»,- նշել է Միքայելյանը։ Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցը հավելել է, որ այսօրվա դրությամբ՝ արևային համակարգից դուրս արդեն հայտնաբերվել է 270 մոլորակ։ Մայորի նոր օբյեկտը համարվում է տիեզերքում ամենափոքր էկզոմոլորակը։ «Արևային համակարգից դուրս հայտնաբերված առաջին մոլորակները հսկաներ են։ Համեմատության համար նշենք, որ որոշ մոլորակներ իրենց զանգվածով 500 անգամ Երկրագնդից մեծ են»,- բացատրել է Միքայելյանը։ Ըստ հայ աստղագետի՝ բոլոր այս քայլերն ուղղված են արտերկրային քաղաքակրթություններ հայտնագործելուն։ «Հնարավոր «այլմոլորակայինների» մասին առաջին հաղորդագրությունները ստացվել են 40-ականներին։ 68-ին հայտնաբերվել էին այսպես կոչված ազդանշաններ»,- հավելել է Միքայելյանը։ Սակայն այս ամենը գիտական տեսանկյունից ապացուցված չէ։ Միքայելյանը նաև հավելել է, որ ԱՄՆ-ում գործում է ուֆոլոգիայի ինստիտուտ, որտեղ ուսումնասիրվում են մեկ միլիոնից ավելի նման «հաղորդագրություններ»։

No comments: