Tuesday, May 5, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՏ ԴԻՐՔՈՒՄ Է

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, երբ քննարկվում է ցանկացած հարց, անգամ ասենք բանտում կանանց վիճակի վերաբերյալ, ադրբեջանական պատվիրակներն անպայման խոսում են այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է իրենց տարածքի 20 տոկոսը: Այդ մտահոգությունը մայիսի 4-ին Հայացք ակումբում արտահայտել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նոր անդամ Զարուհի Փոստանջյանը: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ադրբեջանական պատվիրակներն ամեն թեմայի մասին խոսելիս հիշեցնում են այսպես ասած օկուպացիան, իսկ Հայաստանի պատվիրակությունից պատասխանը համարժեք չէ: Փոստանջյանն ասում է, որ մենք պետք է հակադարձենք եւ ասենք, որ եթե Ադրբեջանը իրեն հայտարարել է 1918 թվականի հանրապետության իրավահաջորդ, ապա այդ հանրապետության կազմում չեն եղել Ղարաբաղն ու Նախիջեւանը: Պատգամավորի խոսքով, մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում պետք է զբաղվի ոչ միայն ներքին հարցերով, այլ նաեւ արտաքին հարաբերության խնդիրներով, քանի որ այդ խնդիրներն էլ Հայաստանի համար շատ կարեւոր են: Միեւնույն ժամանակ, Զարուհի Փոստանջյանն ասում է, որ եթե երկրի ներսում չլինի այնպիսի վիճակ, որ մարդու իրավունքի եւ ազատության մակարդակը քաղաքացիներին կտա արժանապատիվ կյանքի հնարավորություն, Հայաստանը չի կարող արտաքին կարեւոր, այդ թվում Ղարաբաղի հարցում ակնկալել հաջողություն եւ լինել մրցունակ: Զարուհի Փոստանջյանի խոսքով, իր ելույթներից հետո իրեն են մոտեցել թուրքական պատվիրակության անդամներ եւ խոսել ցեղասպանության մասին: “Օրինակ, ասում էին, որ ոչ, ցեղասպանություն չի եղել, որ մեր իշխանությունները համաձայնվում են պատմաբանների հանձնաժողովին, ինչու եմ միայն ես խոսում այդ մասին”, նշում է Զարուհի Փոստանջյանը, ասելով, թե պետք է այդ ամենը հակադարձի Հայաստանի պատվիրակությունը: Պատգամավորի խոսքով, թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն լուրջ պատվիրակություն, որն ավելի բազմանդամ է՝ հաշվի առնելով երկրների տարածքի մեծությունն ու բնակչության թվի մեծությունը, բայց բացի այդ շատ են նաեւ պատվիրակների օգնականներն ու օժանդակողները, այդ թվում եւ ոչ կառավարական սեկտորի կազմակերպություններից: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ մեր պատվիրակությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ հարցերին եւ ավելի ակտիվ աշխատել:

No comments: