Saturday, May 9, 2009

ՔՐԴԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ազատամարտություն» 8-5-2009- Անջատական Քրդական աշխատավորական կուսակցությունն այլևս չի ձգտում Թուրքիայի հարավ-արևելքում անկախ Քրդստանի ստեղծմանը: Այս մասին «Միլիեթ» թերթի հարցազրույցում հայտարարել է կազմակերպության առաջնորդներից, ռազմական թևի ղեկավար Մուրատ Քաիրլանը: «Նախկինում կուսակցությունը հանդես է եկել քրդական անկախ պետության ստեղծման օգտին, սակայն դա մնացել է անցյալում: Այդ պատճառով կազմակերպությունն այլևս անջատական չէ: Ցանկանում ենք, որպեսզի քրդերը հավասարության և ազատության պայմաններում ապրեն Թուրքիայի տարածքում»,- ասել է նա: ՄԱԿ-ի ու Եվրամիության կողմից ահաբեկչական հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից պայքարում է Թուրքիայի տարածքում քրդերի ինքնավարության համար: Հակամարտությունն ավելի քան 40 հազար կյանք է խլել: Անջատականների առաջնորդ Աբդուլա Օջալանին թուրք հետախույզները ձերբակալել են 1999 թվականին Քենիայում, և նույն թվականին նա դատապարտվել էր մահապատժի՝ պետական դավաճանության համար: Հետագայում դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկմամբ: Օջալանը Մարմարի ծովի Իմրալի կղզու բանտում է: Քրդական աշխատավորական կուսակցությունը բազմիցս հայտարարել է Թուրքիայում զինված պայքարը դադարեցնելու մասին, սակայն հետագայում հրաժարվել է խոստումներից` զինադադարը տապալելու համար մեղադրելով պաշտոնական Անկարային: Իրենց հերթին թուրքական իշխանությունները հրաժարվում են անջատականների հետ երկխոսությունից և մտադիր են Քրդական աշխատավորական կուսակցությունը ոչնչացնել ուժով: Եվրամիությունը, որին Թուրքիան ձգտում է անդամակցել, վերջինից պահանջում է քրդական խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական թևի առաջնորդը նույնպես հանդես է գալիս հարցի քաղաքական լուծման օգտին` նշելով, որ սկզբնական փուլում պետք է դադարեցնել զինված առճակատումը, այնուհետև լուծել քրդերի մշակութային իրավունքների հարցը: «Ցանկանում ենք, որպեսզի քրդերը կարողանան ազատ ապրել իրենց մշակույթի պայմաններում»,- ասել է Քաիրլանը: Նա քննադատել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին, որը չի ցանկանում լուծել երկրում ապրող 15 միլիոն քրդերի հարցը: «Չեմ կարող լավատես լինել, քանի որ թուրքական իշխանությունները չունեն խնդիրը կարգավորելու քաղաքական կամք»,- ասել է Քաիրլանը: Նրա պնդմամբ, այսօր Քրդական աշխատավորական կուսակցությունն այնպիսին չէ, ինչ 10 տարի առաջ: «Մենք չենք իրականացնում զինված պայքար դասական մեթոդներով, այլ գործում ենք օրինական ինքնապաշտպանության ռազմավարության շրջանակում»,- ասել է նա` ավելացնելով, որ կուսակցության ուշադրության կենտրոնում է նաև քաղաքական գործունեությունը: Քաիրլանի խոսքով, քուրդ գրոհայինների թիվը կազմում է վեց-յոթ հազար:

No comments: