Saturday, May 9, 2009

Ոստիկանությունն «ամեն ինչ կանի»՝ բացահայտելու լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը

«Ազատություն» 8-5-2009- Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետ Հովհաննես Թամամյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգություններն իրավապահների ուշադրության կենտրոնում են եւ արվում է ամեն ինչ, որպեսզի դրանք բացահայտվեն։ «Սա դարձել է մեզ համար ամենօրյա, ամենժամյա ուշադրության համար առաջին հարցերից մեկը: Մենք ամեն ինչ անելու ենք այս արատավոր հանցատեսակի դեմ, որը, իրոք, մեր կատարած հսկայական աշխատանքի արդյունքին «ցեխ շպրտող» հարց է դարձել», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ վերջ կդրվի լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին։ Թամամյանի վերլուծությամբ՝ վերջին տասը տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ հանցագործությունների հիմնական ակտիվությունը նախընտրական ժամանակաշրջաններում է եղել:Հարցին, թե չի՞ կարծում, որ լրագրողները պետք է զենք կրելու իրավունք ունենան, Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը պատասխանեց. - «Այո, ես կողմնակից եմ, որ կիրթ, բանիմաց մարդը ունենա զենք»:«Այն, որ Armenia Today էլեկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ իրականացված բռնության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է Ազգային Անվտանգության ծառայության ենթակայության տակ, մտահոգիչ չէ», - հայտարարեց Թամամյանը։ - «Միգուցե հարմար գտան, որ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի: Ե՜վ ոստիկանության քննչական ծառայությունը, ե՜ւ քրեական հետախուզությունը համատեղ, Ազգային անվտանգության հետ զբաղվելու ենք Արգիշտի Կիվիրյանի դեպքի բացահայտման ուղղությամբ»:«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ դեպքի վայրում իրավապահները չէին հայտնաբերել հրազենի պարկուճներ այն դեպքում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ դեպքի վայրում արված լուսանկարներում պարկուճներ են երեւում, Հովհաննես Թամամյանը արձագանքեց. - «Ես չգիտեմ… Եթե մեկը վերցրել է պահել է, թող բերի, ներկայացնի: Մենք ունեցած փաստով, դեպքի վայրի զննությամբ չենք հայտնաբերել»: Հարկ է նշել, սակայն, որ ուրբաթ օրը Գագիկ Շամշյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ լուսանկարները խտասկավառակով հանձնել է իրավապահներին:Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի փաստի առիթով քրեական գործը հարուցվել է դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով: Մինչդեռ, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը օրերս հայտարարեց, թե կատարվածը մահափորձի տարրեր է պարունակում։ Հարցին, թե արդյո՞ք լրագրողի նկատմամբ կատարվածն իրավապահները մեղմ չեն որակել, Թամամյանը պատասխանեց. - «Երեւի թե, նախաքննությամբ համարժեք ապացույցներ ձեռք բերելու պարագայում… ես կարծում եմ, որ մեր նախաքննությունը շատ օբյեկտիվ է, եւ պրոֆեսիոնալ անձինք են, անպայման կվերաորակեն՝ եթե կդառնա սպանության փորձ: Եթե Արգիշտի Կիվիրյանը համարժեք ցուցմունքներ կտա, եթե մենք կողքից լրացուցիչ ապացույցներ ձեռք կբերենք»: Արգիշտի Կիվիրյանի կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի հավատում, որ գործը օբյեկտիվ լուծում» կստանա. - «Միայն այն, որ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, միայն այդ պարկուճների հետ կապված հանքամանքը, որ հայտնի է բոլորիս, որ անհայտացան դեպքի վայրից, արդեն իսկ ինձ հիմք է տալիս պնդելու, որ այս գործը օբյեկտիվ չի կարող քննվել»:Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին եւ դրանց բացահայտմանն ընդհանրապես, ապա Քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետի փոխանցմամբ, 1992 թվականից մինչ օրս բռնության է ենթարկվել 17 լրագրող։ Հովհաննես Թամամյանը նշեց ընդամենը երկու բացահայտված դեպք՝ 2005 թվականի հանրաքվեի քարոզարաշավի ժամանակ «Հայլուր»-ի թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի եւ 2008 թվականին «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի դեմ իրականացված ոտնձգությունները։Բաղդասարյանի մասով պաշտոնյան հավելեց հետեւյալը. - «Գործը ավարտված չէ, քանի որ, ըստ տուժող Բաղդասարյանի, իրեն ծեծի ենթարկողները եղել են ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Մնացածի մասով քննչական գործողությունները դեռ շարունակվում են»:

No comments: