Wednesday, May 6, 2009

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄՔԸ

«Առավոտ» 5-5-2009- Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հավաքի ժամանակ՝ մայիսի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե ԼՂ խնդրի լուծումը «մենք տեսնում ենք փոխզիջումների հիման վրա, միայն ու միայն խաղաղ ճանապարհով, տեսնում ենք խնդրի հետագա լուծումը միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համատեքստում: Գտնում ենք, այո՛, որ այս խնդիրը կարող է լուծվել տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ուժի կիրառման բացառմամբ»: Նա նշել է, թե ուրախ է, որ 2008-ը եզրափակել են ԵԱՀԿ արտգործնախարարների վեհաժողովում ընդունված փաստաթղթով, որտեղ հենց այս 3 սկզբունքներն են համարվում խնդրի լուծման հիմք. «Երբ մամուլից տեղեկանում եք Մադրիդյան սկզբունքների մասին, դա հենց այդ 3 սկզբունքների վրա հիմնված մի փաստաթուղթ է, որն այսօր ծառայում է որպես մի նախնական հենք, հիմք՝ մեր եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող բանակցություններում»: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ երբ 1988-ին ելանք պայքարի. «Ընդամենը մի նպատակ ունեինք՝ տեսնել ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Ղարաբաղ: Փառք Աստծո, որ մենք կարողացանք մեր ժողովրդի հետ միասին հասնել այդ նպատակին: Ունենք ազատ, անկախ Հայաստան, որը տարեցտարի ամրապնդում է իր պետականությունը: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, որը դե ֆակտո վաղուց Ադրբեջանի կազմում չէ, հիմա մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր երկրորդ երազանքն էլ իրողություն դառնա»: Նշենք, որ Ծաղկաձորում կայացած այս հավաքը կազմակերպել էր ՄԻԱԿ-ը՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։ Հավաքին մասնակցել են 30 երիտասարդ քաղաքական գործիչներ 12 երկրներից եւ 20-ը՝ Հայաստանից։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը հավաքի մասնակիցներին նաեւ ասել է, թե հպարտ է իր կոմերիտական անցյալով. «Ես գլխավորել եմ Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունն ու հպարտ եմ դրանով, քանի որ դա շատ մեծ կյանքի դպրոց է, որը հետո օգնեց ինձ ճիշտ կողմնորոշվել 1988-ին, երբ սկսվեց ԼՂՀ ինքնորոշման համար պայքարի հերթական փուլը»: Եվս մի մեջբերում այս հավաքում նրա խոսքից. «Ավելի լավ է՝ ֆինանսատնտեսական ճգնաժամ ունենալ, քան բարոյական ու քաղաքական»:

No comments: