Thursday, May 7, 2009

Հիլարի Քլինթոն. Ղարաբաղյան խնդրի լուծումը նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի համար

Tert.am 6-5-2009- Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցերի մասին։ Ըստ այդմ, աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 5-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ով նշեց, որ ԱՄՆ շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմամբ և զարգացմամբ, և նախագահ Օբամայի վարչակազմը հաստատակամ է ընդարձակելու երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը, կարևորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը և համագործակցության ընդլայնմանը։ Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվեց մայիսին Երևանում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, քննարկվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Զրուցակիցները քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Պետքարտուղար Քլինթոնը որպես պատմական որակեց ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունը։ Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը` շարունակել ամենայն աջակցության ցուցաբերումը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը։ Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը ցուցաբերել հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռքբերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը, ինչը նրա բնորոշմամբ նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար։ Էդվարդ Նալբանդյանը Հիլարի Քլինթոնին հրավիրեց այցելել Հայաստան։

No comments: