Thursday, May 7, 2009

«Պրահայում եռակողմ հանդիպում չի նախատեսվում»,-պարզաբանում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը

Tert.am 6-5-2009- Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած այն տեղեկատվությանը, թե Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում, չի համապատասխանում իրականությանը։ «Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում և, բնականաբար, տեղի չի ունենալու, այլև բացառվում է»,- «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը։ Ս.Ֆարմանյանն անդրադարձել է նաև թուրքական և արդբեջանական լրատվամիջոցների պարբերաբար հաղորդած այն տեղեկություններին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը քննարկվում է հայ-թուրքական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը հայ-թուրքական բանակցային գործընթացքում որևէ մակարդակով երբևէ չի քննարկվել և չի քննարկվում։ Կարծում եմ, որ այս ակնհայտ իրողությունը բոլորի համար նույնքան պարզ է, որքան մեր հասարակության։ Վստահ եմ, որ ժամանակն է լուրջ չընդունելու նմանատիպ տեղեկությունները և այս բնույթի ստահոդ հրապարակումները, որոնք առանձնանում են այս կամ այն երկրի պետական գերատեսչություններին մոտ կանգնած, այսպես կոչված, «վստահելի» ու անանուն աղբյուրներին հղումներով, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող սենսացիաներով»,- հայտարարել է Սամվել Ֆարմանյանը։

No comments: