Thursday, May 7, 2009

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ» ՀԱՍՈՒ ԿԴԱՌՆԱ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Panorama. 6-52009-Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի դրա վերջնական մշակումից հետո: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: «Այն կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանի պետական ատյանները որոշեն լրիվ բացել այն ու մատչելի դարձնել հասարակությանը»,- ասաց Կ. Ղազինյանը։ Փոխարտգործնախարարը կրկին նշեց, որ «ճանապարհային քարտեզում» այն ուղղություններն են, գործողությունների ուղեցույցը, որոնք առայժմ ընթանում են և որոնց հիման վրա հաստատվելու են երկկողմ հարաբերությունները:Նրա կարծիքով, ժամանակակից պայմաններում չի կարելի աշխարհից մեկուսացած լինել ու պետք է բացել վերջին փակ սահմանը Եվրոպայում:Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի Հայաստանը և Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը համոզված է, որ ղարաբաղցիների անհանգստությունն ու այնտեղի պաշտոնյաների կողմից հնչող բացասական կարծիքները կապված ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի վարած ներկայիս քաղաքականության վերաբերյալ, վատ իրազեկվածության արդյունք է:«Ղարաբաղյան գործընկերների հետ միգուցե պետք էր ավելի սեղմ համագործակցություն, ժամանակին իրազեկում, տեղեկացում կատարվածի մասին: Արտաքին գործերի նախարարը վերադառնալով Հայաստան` անմիջապես մեկնելու է Ղարաբաղ, որտեղ անցկացնելու է առանձին խորհրդակցություններ Ղարաբաղի իշխանությունների հետ ու մանրամասն տեղյակ է պահելու տեղի ունեցող գործընթացների մասին, որից հետո բոլորը կհասկական գործողությունների ընթացքի ողջախոհությունը, ինչպես նաև` ինչ քայլեր են կատարում Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ուղղություններով»,- ասուլիսում ասաց փոխարտգործնախարարը:Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ է այս շաբաթվա վերջին այցելելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվան և Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառումներին:

No comments: