Thursday, May 28, 2009

Ստեփան Սաֆարյանը Օսլոյում խոսել է Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների մասին

Tert.am. 27-5-2009- Մայիսի 24-ին «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի Վեհաժողովի Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկման առարկա էին փոփոխական ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի համարժեքության, Իրան-աշխարհ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների «վերագործարկմանը», Պակիստանին, Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությանը նվիրված զեկույցները։ Սաֆարյանն իր դիտարկումները ներկայացրեց Իրանի ու Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների վերաբերյալ` ընդգծելով Իրանի վարքագծի իրական շարժառիթների ճշգրիտ ճանաչման ու ըմբռնման կարևորությունը, ինչպես նաև` Իրան-միջազգային հանրություն լարվածության հաղթահարման և հարաբերությունների կարգավորման չօգտագործված հնարավորությունների ու ներուժի իրացումը։ Նա ներկաների փոխանցեց Իրանից իր ստացած տպավորությունները, որոնք վերահաստատում էին այդ ներուժի, Մեծ մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանի, ՆԱՏՕ-ի ու միջազգային հանրության համար ընդհանուր խնդիրների առկայության` բանախոսի պնդումները։ Մայիսի 25-ին հայ խորհրդարանականն ու պատվիրակության քարտուղարը հանդիպեցին «Նորվեգիայում Հայաստանի ընկերներ» ցանցի անդամներ, նորվեգացի ներկա եւ նախկին խորհրդարանականներ Սվերե Միրլիի և Քյել Էնգեբրեթսենի հետ։ Հայ խորհրդարանականը հույս հայտնեց Հայաստան-Նորվեգիա բարեկամության լավագույն ավանդույթների շարունակման եւ համագործակցության խորացման կապակցությամբ և խոստացավ իր համեստ նպաստը բերել այդ գործին։ Ինչպես ասված է «Ժառանգություն» կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ, մայիսի 26-ին հայկական պատվիրակությունը մասնակցեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ու փակման արարողությանը։ Վեհաժողովի աշխատանքների ընթացքում և դրանցից դուրս Ստյոպա Սաֆարյանը ծանոթություններ հաստատեց բազմաթիվ երկրների (Դանիա, Նորվեգիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Ալժիր, Մոլդովա, Գերմանիա, Ֆրանսիա, Հորդանան և այլն) պատվիրակությունների անդամների հետ, համատեղ քննարկեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հայկական պատվիրակությունը Երևան է վերադառնում մայիսի 27-ին։

No comments: