Tuesday, June 23, 2009

ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՇԱՆԹ ՉԻՆՉԻՆՅԱՆ.

«Շարունակելու եմ ընտանիքիցս փոխանցված առաքելությունը» - Պարոն Չինչինյան, Ձեր հաղթանակը Լիբանանի վերջին խորհրդարանական ընտրություններում` «14 մարտ» քաղաքական ուժերի ընտրացանկից Զահլե քաղաքում, ամենամեծ անակնկալներից մեկն էր: Շատերի համար անսպասելի այս մեծ հաջողությունը ինչպե՞ս եք բացատրում: - Ծնվել եմ 1974-ին Զահլեում, որդին եմ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար անդամ Մարտիրոս Չինչինյանի: Հաղթանակս անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ 2004-ին արդեն մասնակցել էի Զահլեի քաղաքապետական ընտրություններին, իսկ 2005-ին` Լիբանանի խորհրդարանական ընտրապայքարին` որպես անկախ թեկնածու: Որոշ շրջանակներ չէին ուզում երեւի հետեւել իմ գործունեությանը: Այժմ, ինչպես միշտ, ձեռքս մեկնել եմ ամեն հայի, որը հավատարիմ է հայ ազգի ծառայությանը: - Ինչպե՞ս անցավ ընտրապայքարը, մանավանդ որ մինչեւ վերջին օրը եւ ժամերը հայտնի չէր, թե ո՞վ է լինելու հաղթականը: - Այո՛, պայքարը բուռն էր երկու տարբեր շարժումներու` «14 մարտ»-ի եւ «8 մարտ»-ի ուժերի միջեւ եւ բոլոր քաղաքացիները, հայ թե ոչ հայ, սկզբից էին որոշել, թե որ խմբավորման կողմն են բռնելու: Անձնական հողի վրա` բնիկ զահլեցի լինելս, տեղական ուժերի հետ ունեցած կապերս մեծ դեր խաղացին որպես թեկնածու նշանակմանս գործում: Առավել եւս, քաղաքական գիտություններում մասնագիտանալս համալսարանական մակարդակով, ինչպես նաեւ խաղաղասեր եւ ոչ ծայրահեղ լինելս կարեւոր դեր խաղացին հաղթանակիս մեջ: Նաեւ մեր ընտանիքի անցյալը (հորս գլխավորությամբ) բերեցին իրենց նպաստը հաջողության գործում: - Այժմ, այս կարեւոր պաշտոնի ստանձնման նախօրեին, ինչպես նաեւ որպես ՀԲԸ Միության Լեւոն Կ. Նազարյան վարժարանի տնօրեն` ինչպե՞ս եք տեսնում Ձեր կյանքն ու ծառայությունը հայ ազգին` խորհրդարանական կրթական բնագավառներում: - Խորհրդարանի աշխատանքը խմբային պիտի ըլլայ: Դպրոցին մեջ խմբային աշխատանքն է, որ հաջողություններ է բերել մեր դպրոցին` կրթական նվաճումներով թե նոր սերնդի դաստիարակման գործով: Նույնն ալ խորհրդարանի կյանքը` որպես «Զահլեն մեր սրտում...», որպես մեկ ճակատ եւ ուղեգիծ, նախարար Ֆաթթուշի ցուցումներով` նպատակադրվելով ծառայել Զահլեի եւ Բեքաայի լիբանանցի եւ լիբանանահայ ժողովրդին: - Այս իրադարձություններից հետո, որպես ավանդույթներ ունեցող ընտանիքի քաղաքական-ազգային գործունեության ներկայացուցիչ, ի՞նչ կցանկանայիք փոխանցել Ձեր 48.000 ընտրողներին: - Այն ազգային ոգին ու հայ ժողովրդին ծառայելու առաքելությունը, որ փոխանցվել է ինձ Չինչինյան ընտանիքից, շարունակելու են ծառայել Լիբանանին եւ Հայաստանին, մեր ազգին ու գաղթօջախին: «ԱԶԳ», 23-06-2009

No comments: