Thursday, June 25, 2009

Հայ-թուրքական սահմանի բացումը չի անդրադառնա Ադրբեջանի վրա, կարծում է ռուս լրագրողը

Tert.am. 24-6-2009- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում մեծ դեր են խաղում ոչ թե դիվանագետները, այլ երկու երկրների մշակութային գործիչները, «Новости-Азербайджан»-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկին: «Օրինակ, հայ հնագետներն Էրզրումում պեղումներ են անցկացրել` փաստորեն այս շրջանը ճանաչելով Թուրքիայի տարածք: Չի կարելի թուրքական կողմից ընդունել պեղումներին մասնակցելու հրավեր` այդ տարածքները թուրքական չճանաչելով: Չէ՞ որ այնտեղ նկարահանվել են Թուրքիայում ապրող հայկական սփյուռքի մասին ֆիլմեր: Այդ ֆիլմերը ցուցադրվել են նաև Հայաստանում, ինչը մարդկանց սովորեցրել է առանց ագրեսիայի ընդունել թուրքական խնդիրը, ինչպես դա եղել է Հայաստանի պատմության երկար տարիների ընթացքում»,- ավելարցրել է լրագրողը: Նրա կարծիքով` եթե Թուրքիային ձեռնտու լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա նա կգնա այդ քայլին` անկախ Ադրբեջանի արձագանքից: «Ավելին՝ թուրքական էլիտան հասկանում է, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու կողմնորոշվել Հայոց ցեղասպանության հարցում: Այլ հարց է, որ բոլոր թուրք քաղաքական գործիչները ձգձգելու են այդ հարցը, որպեսզի պատասխանատվությունը գցեն մյուսի վրա: Այդ մասին, որպես կանոն, առաջինը սկսում են խոսել մտավորականները և պատմաբանները: Օրինակ, Օրհան Փամուկն առաջինն է հայտարարել այդ մասին, այնուհետև այդ մասին կխոսի ժողովուրդը, և վերջապես, քաղաքական գործիչները»: Արխանգելսկին նաև հայտարարել է, որ չի տեսնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար խաղաղ ճանապարհ»: «Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացման դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվի: Այստեղ միակ դեղամիջոցը ժամանակն է»,- եզրափակել է նա:

No comments: