Thursday, June 25, 2009

Շարմազանովը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իշխող ՀՀԿ-ի կարծիքն ամփոփոխ է` մենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք»,- այսօր «Հայելի» ակումբում, ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի, ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերը չեն կարող դիտարկվել որպես նախապայման. «Շահնազարյանը խոսեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, իշխանությունները բազմաթիվ անգամ ասել են, որ որեւէ պատմաբանների հանձնաժողովի մասին խոսք լինել չի կարող: Դա մինչկառավարական հանձնաժողովի մասին է խոսքը, եւ մեզ համար Ցեղասպանության հարցը սակարկման առարկա չի կարող լինել»: Շարմազանովը համոզված է, որ ուշ, թե շուտ Թուրքիան էլ կճանաչի Ցեղասպանությունը: Իսկ այն, որ Թուրքիան հավակնում է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, Շարմազանովը մեկնաբանեց. «Կարող են տարբեր երկրներ տարբեր բաներ ցանկանալ, տարբեր բաների հավակնել, մենք պետք է մեր քաղաքական օրակարգով առաջնորդվենք` ելնելով մեր ազգային շահերից: Թուրքիան չի կարող դիտվել որպես միջնորդ, որովհետեւ ունի կողմնակալ մոտեցում»: Ըստ բանախոսի` գործընթացը դեռեւս չի ավարտվել, սակայն ավելի կարեւոր է այն, որ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ ինքը 21-րդ դարի քաղաքական գործիչ է, «բաց եւ հրապարակային մի մարդ է, որ խոսում է երկխոսության լեզվով, որի քաղաքականությունը բարձր գնահատեցին թե՛ ԱՄՆ պետդեպարտամենտը, թե՛ Բայդենը, թե՛ նախագահ Օբաման, թե՛ միջազգային հանրությունը»: Քանի որ բանախոսը ֆուտբոլից «քիչ թե շատ հասկացող մարդ է», ինչպես ինքը նշեց, ապա, «երբ գնդակին երկու հոգի են հարվածում, այն աուտ է լինում: Ուրեմն պետք է, որ թուրքական կողմը ճիշտ փոխանցի գնդակը»: Իսկ Վրաստանի քայլերը Շարմազանովը կոռեկտ չհամարեց մեկնաբանել, քանի որ նախագահ Սահակաշվիլին գալիս է Երեւան: Է. Շարմազանով. «Մարտի 1-ը ամենատխրահռչակ էջն է Հայաստանի նորագույն պատմության մեջ» «Իրավական խնդիրներին պետք է իրավապահ մարմինները գնահատական տան, իսկ անձնական որեւէ բան, գոնե ՀՀԿ-ի կողմից, չկա»,-Սասուն Միքայելյանի անազատության մեջ գտնվելը այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե անձնական «սիմպատիաներով կամ անտիպատիաներով», այլ` օրենքով. «Հայաստանում անցել է քաղաքական ռեպրեսիանների ժամանակաշրջանը եւ ՀՀԿ-ն ապացուցեց եւս մեկ անգամ, որ քաղաքական հանդուրժողականության, երկխոսության, ժողովրդավարական արժեքների ջատագով ենք»: Շարմազանովը նշեց, որ իրենք ժողովրդավարական բարեփոխումները իրականացնում են ոչ թե ելնելով «այս կամ այն կառույցի խնդրանքից, հորդորներից, պահանջներից, այլ նրա համար, որ ժողովրդական արժեքները ներքին պահանջ են»: Այս պարագայում, ինչո՞ւ հունիսի 19-ին որոշվեց համաներում իրականացնել. «Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին ասաց, որ եթե կա հասարակական պահանջարկ, հնարավոր է օգտվի սահմանադրական իր լիազորությունից: Այդ քսան օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունները, հանրային խորհրդի ներկայացուցիչները, քաղաքական ուժերը իրենց առաջարկություններով հանդես եկան նախագահին, եւ նա դիմեց Ազգային ժողովին, որն էլ իրականացրեց համաներում: Ինչ արտառոց բան կա՞»: Արդյոք այդ քայլով փակվե՞ց մարտի 1-ի էջը հարցին` Շարմազանովը պատասխանեց. «Մարտի 1-ը բավականին տխրահռչակ էջ է եւ կարող եմ ասել, որ ամենատխրահռչակ էջն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Մարտի 1-ի էջը վերջնականապես փակված չէ, քանի դեռ հասարակության մեջ կան որոշակի հարցականներ»: Սակայն բանախոսը համոզված է, որ Հայաստանում որեւէ քաղաքական ճգնաժամ չկա: Իսկ այն, որ ազատված քաղբանտարկյալները պատրաստվում են նոր պայքարի, ըստ Շարմազանովի, իրենց իրավունքն է. «Նաեւ կարծում եմ, որ ՀԱԿ-ը պատրաստվում է 2012 թ. պառլամենտական ընտրություններին: Քանի որ նրանք հրաժարվեցին ավագանու տեղերից, նրանց մնում է միայն այդ հանրահավաքային պայքարը»: «ՀԷՏՔ» 24-6-2009

No comments: