Tuesday, June 9, 2009

Ֆրանսուա Ռոշբույոն. Ազգերի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ

/PanARMENIAN.Net/ 08.06.2009 - ԼՂՀ-ում է գտնվում Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբույոնը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ խորհրդարանի մամլո քարտուղար Միխաիլ Հաջյանը, արդեն տեղի է ունեցել Ռոշբույոնի հանդիպումը ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո հյուրը ելույթով հանդես է եկել Ղարաբաղի պատգամավորների առջեւ: «Իր ելույթում Ռոշբույոնը մասնավորապես ընդգծել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է եւ քննարկման ենթակա չէ: «Ճիշտ է, այն կարող է փոփոխություն կրել աշխարհաքաղաքական եւ այլ իրողությունների պատճառով, սակայն այն չի կարող անտեսվել եւ երկրորդական համարվել տարածքային ամբողջականության սկզբունքի համեմատ: Չկա ազգ առանց հողի, առանց տարածքի, եւ ԼՂՀ-ի կարճատեւ պատմությունը դա է ապացուցում»,-ասել է Ռոշբույոնը: Ըստ Հաջյանի, եռօրյա այցի շրջանակներում նախատեսվում է ֆրանսիացի պատգամավորի հանդիպումը Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանի հետ: Հավանաբար, Ռոշբույոնը կայցելի ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումը նախագահի հետ տեղի կունենա հունիսի 9-ին:

No comments: