Thursday, June 25, 2009

ԵՐՐՈՐԴ “ՈՒԺԸ” ՆԱԵՎ ԱՅՍՏԵՂ

Lragir 24-6-2009- Միխայիլ Սահակաշվիլիի Հայաստան կատարելիք այցից առաջ հայ-վրացական սահմանում տեղի ունեցած միջադեպը, երբ պատգամավոր Շիրակ Թորոսյանին չէին թողել մուտք գործել Վրաստան, հայ-վրացական հարաբերության մասին դատողությունները դարձրին հայաստանյան օրակարգի թիվ մեկ խնդիր: Տպավորությունը նույնիսկ այն է, որ Շիրակ Թորոսյանը պարզապես դարձել է հայ-վրացական հարաբերության եւ մասնավորապես Միխայիլ Սահակաշվիլիի այցի PR-ի զոհ: Այսինքն, այնպիսի տպավորություն է, որ Թորոսյանին Վրաստան չեն թողել, որ Սահակաշվիլիի Հայաստան այցը արժանանա առավել մեծ եւ ընդգրկուն ուշադրության: Դժվար է այլ կերպ բացատրել, թե ինչու Թորոսյանին չեն թողել Վրաստան: Նա իհարկե բազմաթիվ անգամներ քննադատել է Վրաստանի իշխանությանն ու նրան մեղադրել Վրաստանում եւ մասնավորապես Ջավախքում հակահայ քաղաքականություն վարելու համար: Բայց Վրաստանի իշխանությունը մինչ այդ կարծես թե այդքան էլ ուշադրություն չէր դարձնում դրա վրա: Սահակաշվիլին իհարկե ունի անհավասարակշիռ անձնավորության համբավ, ինչին մեծապես նպաստեց օրինակ տեսախցիկի առաջ սեփական փողկապը ծամելու նրա քայլը: Բայց տարօրինակ է, որ հենց Հայաստան այցելելուց առաջ նա որոշեց Շիրակ Թորոսյանին նեղացնել: Տարօրինակ է նաեւ, որ Հայաստանն էլ Վրաստանին այդ բանի համար կարծես թե բավական դժկամությամբ կշտամբեց, չանելով հրապարակային դատապարտող որեւէ պաշտոնական հայտարարություն: Ստացվում է այնպիսի մի վիճակ, որ Վրաստանը կարծես թե փորձում է Սահակաշվիլիի այցից առաջ “սրել խաղը”, իսկ Հայաստանն էլ փորձում է “գցել խաղի տեմպը”: Ում մոտ է ի վերջո ստացվելու ձեռնտու արդյունք, թերեւս կերեւա Սահակաշվիլիի այցից ավելի ուշ: Այցի ընթացքում հավանաբար գերակշռելու են հայ-վրացական բարեկամության մասին խոսքերը, ռազմավարական կամ գործընկերային հարաբերության մասին հայտարարությունները, ասվելու է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկա անլուծելի խնդիր: Չի բացառվում նույնիսկ, որ Սահակաշվիլին հայտարարի, թե իր հաշվին Շիրակ Թորոսյանին 15 օրով հրավիրում է Վրաստան, նրա առաջ մեղքը քավելու համար: Հազիվ թե կողմերը որեւէ հրապարակային կոնկրետ հայտարարություն անեն Ջավախքի խնդրի վերաբերյալ: Այդ մասին վաղուց արդեն Հայաստանի ու Վրաստանի իշխանությունը բարձր մակարդակով գերադասում են հրապարակավ չխոսել, համենայն դեպս միջպետական հարաբերության շրջանակում: Ընդհանրապես, հայ-վրացական հարաբերությունն աչքի է ընկնում հիմնականում նրանով, որ դրա օրակարգը մեծ հաշվով ենթադրության մակարդակի է: Օրինակ, ենթադրվում է, որ նախագահները կխոսեն Ջավախքի մասին, կխոսեն Վրաստանում հայկական հուշարձանների եւ Առաքելական եկեղեցու գործունեությանը չխոչընդոտելու մասին, ռուս-վրացական սահմանի մասին, Բաթումի-Մեղրի ավտոճանապարհի մասին, բեռնափոխադրումների մասին, էլի ինչ որ բաների մասին, միգուցե Կարս-Ախալքալակ երկաթուղու մասին: Խոսելու շատ բան կա, սակայն թե ինչ կա խոսելուց հետո, դա արդեն ոչ միայն ենթադրության, այլ նույնիսկ գուշակության խնդիր է դառնում: Հայաստանի ու Վրաստանի իշխանությունը կարծես թե վերջին տարիներին, եթե չասենք անկախությունից ի վեր, թերեւս չեն ձեռք բերել եւ իրականացրել հիմնարար եւ երկարաժամկետ նշանակության որեւէ մի պայմանավորվածություն, որը կվկայեր երկու երկրի եթե ոչ ռազմավարական, ապա գոնե դրացիական գործընկերության մասին: Այդ առումով փոխելու է արդյոք ինչ որ բան Սահակաշվիլիի հերթական այցը: Կարծում եմ՝ հազիվ թե: Բանն այն է, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունը կարծես թե ավելի շատ ոչ թե երկկողմ հարցերի քննարկման, այլ երրորդ կողմերի հետ միջնորդավորված հարաբերության դեր ու նշանակություն ունի ավելի շատ: Խնդիրն այն է, որ երեւի թե Հայաստանը, թե Վրաստանը մտածում են, որ կարեւորը երրորդ կողմի հետ հարցերը լուծելն է, եւ եթե դրանք լուծվեն, ապա Վրաստանը կամ Հայաստանն այդքան կշիռ ու համարձակություն չունեն իրար համար խնդիրներ ստեղծել: Այսինքն, անհայտ է իհարկե, թե որքանով արդարացված, բայց թերեւս կա երկկողմ այն մտայնությունը, որ Հայաստանն ու Վրաստանը եթե իրար համար խնդիր են ստեղծում, ապա ստեղծում են բացառապես երրորդ կողմի թելադրանքով, հետեւաբար կարեւորը ոչ թե իրար, այլ երրորդ կողմի հետ պայմանավորվելն է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: