Thursday, June 25, 2009

Իրանի ՆԳՆ-ն պահանջել է Մուսավիից հարգել օրենքն ու ընտրությունների արդյունքները

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - Իրանի ՆԳՆ-ն վերջին 48 ժամվա ընթացքում երկրորդ անգամ պահանջել է բարեփոխիչների առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիից հարգել օրենքն ու ընտրությունների արդյունքները: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Մուսավին պետք է դադարեցնի բողոքի չարտոնված ակցիաների կոչերը: Հակառակ դեպքում նրան դատական հետապնդում է սպասում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Իրանի մեջլիսի օրենսդրության գծով հանձնաժողովի ղեկավար Ալի Շահրուրին կոչ է արել ձերբակալել Մուսավիին: Նախկին վարչապետի գործունեությունն, ըստ նրա, սպառնում է ազգային անվտանգությանը: Ըստ գործակալության, վերջին օրվա ընթացքում իրավիճակը Թեհրանում լիովին կարգավորվել է: Սակայն փողոցներում նկատելի է «կարգի պահապանների» եւ «Բասիջի» ժողովրդական կամավորականների ներկայությունը, որոնք սատարում են նախագահին: Ինչպես հայտարարել են Մուսավիի եւ նրա դաշնակից, նախկին խոսնակ Մեհդի Քյարուբիի շտաբում, հինգշաբթի, հունիսի 25-ին, ընդդիմությունը պատրաստվում է սգո միջոցառումներ անցկացնել Թեհրանում եւ այլ քաղաքներում, հարգելով զոհված ցուցարարների հիշատակը: Մինչդեռ, Մոհսեն Ռեզաին, որը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին, ետ է կանչել հունիսի 12-ի ընտրությունների ձայների հաշվարկը կեղծելու վերաբերյալ իր բողոքը:

No comments: