Friday, June 19, 2009

Եվրամիությունը չափազանց մտահոգված է Իրանում ստեղծված իրավիճակով

/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Եվրամիությունը չափազանց մտահոգված է Իրանի իրավիճակով եւ կքննարկի իրավիճակն ու այն միջոցները, որոնք կարող են կիրառվել այդ առնչությամբ: Այդ մասին հայտարարել է արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության գծով եվրահանձնակատար Բենիտա ֆերերո-Վալդները: «Մենք չափազանց, չափազանց մտահոգված ենք: Մենք կքննարկենք իրավիճակն ու այն միջոցները, որոնք կարող են ընդունվել»,-ասել է նա ժամանելով Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունիսի 12-ին կայացած ընտրություններում Իրանի գործող նախագահ Ահմադինեժադը հավաքել է ձայների 62,63 տոկոսը, նրա հիմնական մրցակիցն է Միր Հոսեյն Մուսավին` 33,37 տոկոսով: Մուսավին դեռ մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը հայտարարել էր իր հաղթանակի մասին, իսկ ավելի ուշ մեղադրել իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ընտրությունների արդյունքները բողոքարկողների ցույցերը հանգեցրին բախումների, որոնց արդյունքում, ըստ իրանական ԶԼՄ-ների, ութ մարդ զոհվեց: Մի շարք երկրներ լուրջ մտահոգություն են հայտնել այդ իրավիճակի առնչությամբ: Նախօրեին Իրանի ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ ԵՄ-ում նախագահող Չեխիայի դեսպանները, որոնց բողոք է հայտնվել իրենց երկրների կողմից անցած ընտրությունների հանդեպ «ինտերվենցիոնիստական ու անամոթ» վերաբերմունքի համար:

No comments: