Wednesday, June 24, 2009

Եվրոպայի հայերը խորհուրդ են տալիս ԱՄՆ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեթոդներ չթելադրել

/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - Եվրոպայի հայկական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ի պատասխան Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: «Հունիսի 16-ին Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը խրախուսում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Երեւանի եւ Անկարայի քայլերը` պետությունների միջեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիճելի հարցերը լուծելու նպատակով: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ նախագահը չպետք է պատմությանը վերաբերող տարաձայնությունների լուծման մեթոդներ թելադրի»,- նշվում է Եվրոպայի հայկական կազմակերպությունների հայտարարությունում: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պատմաբանները 30 տարի առաջ հաստատել են, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ոչնչացումը Ցեղասպանություն է: «Պատմաբաններն իրենց պրոֆեսիոնալ գործունեության մեջ պետք է ազատ եւ անկախ լինեն: Ցանկացած հանձնաժողով, որը ստեղծվել է ինչ-որ երկրի կառավարության որոշմամբ, չի կարող պատմության դեպքերի վերաբերյալ որոշում ընդունել»,- ասվում է հայտարարությունում: Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ այն պայմաններում, երբ 30 հազար թուրքեր ներողություն են խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, երբ Թաներ Աքչամի նման հայտնի թուրք պատմաբաններն օգտագործում են «ցեղասպանություն» բառն Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնաջումը նկարագրելու համար, նախագահ Օբաման պետք է ընդունի, որ նման հանձնաժողովի ստեղծումն անօգուտ է: «ԱՄՆ նախագահն ավելի լավ կաներ օգներ Թուրքիային դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքումը եւ խրախուսեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների: Սա միակ ճանապարհն է, որն ընդունելի է հայ ժողովրդի համար»,- նշվում է հայտարարության մեջ:

No comments: