Wednesday, June 24, 2009

Հայաստանի հասարակական կարծիքը պետք է նախապատրաստել Ղարաբաղյան հարցում հայկական կողմերի զիջումների անհրաժեշտությանը. Կազիմիրով

HayInfo. 23-6-2009- Հայաստանի հասարակական կարծիքը պետք է նախապատրաստել Ղարաբաղյան հարցում հայկական կողմերի զիջումների անհրաժետշությանը, կարծում է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Ես կողմ եմ, որպեսզի Հայաստանում հասարակությանը նախապատրաստող աշխատանք տարվի այն ուղղությամբ, որ հայկական կողմերը որոշակի զիջումների պետք է գնան»,- ասաց նա երկուշաբթի Ծաղկաձորում «Տարածաշրջանը երեք ծովերի (Միջերկրական, Սև և Կասպից) համակարգում: Հայաստանի դերը Կովկասում» կլոր սեղանի ժամանակ «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Կազիմիրովը նշեց, որ Հայաստանի և ԼՂՀ հայերը պետք է շահագրգռված լինեն այս հակամարտության կարգավորմամբ և չի կարծում, որ «ռազմական գործողությունների ժամանակ գրաված բոլոր տարածքների պահպանումը ճիշտ ուղի է»: Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: