Friday, June 19, 2009

Իրանում հետընտրական հուզումները պետության ներքին գործն են

/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Իրանում հետընտրական հուզումները պետության ներքին գործն են եւ կողքից որեւէ գնահատական տալը ճիշտ չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, Իրանում նախագահի ընտրություններից հետո ստեղծված լարված իրադրությունը ոչ մի կերպ չի ազդի հարեւան երկրների վրա ու առավել եւս չի փոխի Հայաստանի հանդեպ Թեհրանի վերաբերմունքը: «Բայց կրկնում եմ, դա Իրանի ներքին գործն է եւ ավելի լավ է ձեռնպահ մնալ գնահատականներից»,- ընդգծել է քաղաքագետը: Թեհրանում արդեն մեկ շաբաթ շարունակ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում Իրանի նախագահի ընտրությունների արդյունքների դեմ: Ավելի քան մեկ միլիոն մարդ այսօր դուրս են եկել փողոց, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն ընդդիմության ղեկավար Միր Հոսեյն Մուսավիին, գրեթե ողջ քաղաքը մասնակցում է ցույցին: Իրանի ԿԸՀ կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում` հունիսի 12-ին, Մահմուդ Ահմադինեջադը հաղթանակ է տարել առաջին փուլում` հավաքելով ձայների 62,6%, Մուսավին` 33,75%, Մոյսեն Ռեազին` 1,7%, Մեհդի Կարրուբին` 0,85%:

No comments: