Thursday, June 25, 2009

Ռազմավարական եվ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի» գրասենյակը` Ախալքալաքում

«ՀԷՏՔ» 24-6-2009- ԱԽԱԼՔԱԼԱՔ« 24 ՀՈՒՆԻՍԻ« Ա-ԻՆՖՈ.- Երկու օր առաջ Ախալքալաքում կայացավ «Ռազմավարական եվ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի» գրասենյակի բացման արարողակարգը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ շրջանային վարչությունից, նաեւ տեղում գործող տարբեր կազմակերպություններից: «Ռազմավարական եվ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի» գլխավոր փորձագետ-հետազոտող Արչիպ Գեգեշիձեի խոսքերով, այս կազմակերպությունը գործում է արդեն ութ տարի եւ ֆինանսավորվում Ֆինլանդիայի կառավարության կողմից: Ինչպես պարզվեց, մինչ օրս նրանց ջանքերով իրականացվել են տարբեր ծրագրեր, եւ այժմ էլ հասնելով որոշակի մարդակի, որոշել են երկրի` ազգային փոքրամասնություններով բնակեցված տարբեր շրջաններ այցելել ու տեղում, իրենց իրավասության շրջանակում եւ հնարավորությունների սահմանում, տեղաբնակներին օգնել` անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ հաղորդելով:«Այս ծրագրի ընթացքում մենք կօգնենք ավելի լավ հասկանալու, թե ինչպես ճիշտ գնահատել շրջանի խնդիրները, որոնք, ես համոզված եմ, շատ են, եւ, ամենագխավորը, գտնել այդ խնդիրների լուծման ուղիները… Վրաստանը բազմազգ պետություն է, նոր-նոր է ոտքի կանգնում, եւ չնայած անկախության 19-րդ տարին է, բայց մենք դեռեւս շատ-շատ ենք գնալու մինչ այն վիճակին, երբ կարող ենք ասել, որ մենք կայացած ժողովրդավարական պետություն ենք… եւ կարող ենք մեր փորձը տալ այլ երկրների: Եւ որպեսզի այդ ուղին ճիշտ գնանք, մեզ, առաջին հերթին, պետք է սովորել, թե ինչպես անել, որ բոլոր էթնիկ խմբերը սովորեն ներդաշնակորեն համագործակցել մեր ընդհանուր հայրենիքի օգտին»,- ելույթի ընթացքում հայտարարեց Արչիպ Գոգեշիձեն:Մինչ Ախալքալաք այցելությունը, կազմակերպության ավագ փորձագետ-հետազոտողը որոշակի տեղեկատվություն էր ձեռք բերել վրաստանաբնակ հայերի եւ նրանց` պառլամենտում ընդգրկվածության մասին: Ըստ այդմ, հյուրը մեջբերելով 2002 թ. վիճակագրական տվյալները` երկրում 248.000 հայերի առկայության, բայց պառլամենտում միայն երկու մարդու ներկայացվածության մասին, այս իրավիճակին տվեց հետեւյալ մեկնաբանությունը, որ ազգային փոքրամասնությունները վատ են ինտեգրված:Անդրադառնալով ծրագգրի նպատակին, Արչիպ Գոգեշիձեն տեղեկացրեց, որ իրենք ցանկություն ունեն օգգել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին որոշակի գիտելիքներով, որոնք օգտակար կլինեն տեղում առկա խնդիրների էֆեկտիվ լուծման գործում, որպեսզի ամեն անգամ չգնան Թբիլիսի եւ տեղական խնդիրների լուծումը չփնտրեն այնտեղ: Հյուրի կարծիքով, քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ երկխոսության բացակայությունը նույնպես բացասական գործոն է. չկա տեղեկատվության փոխանակում, հազվադեպ են խորհրդի, փորձի առումով դիմում քաղաքացիական հանրությանը. «Քաղաքացիական հասարակությունը նույնպես պետք է սովորի, թե ինչպես հետաքրքրի կառավարությանը, որպեսզի նրանք հետո հարցնեն ու խորհրդակցեն իր հետ: Այսինքն` իրազեկությունը պետք է եւ իշխանություններին, գոնե որպեսզի նրանք հասկանան, որ պետք է մշտական երկխոսության մեջ գտնվել քաղաքացիական հասարակության հետ: Եվ քաղաքացիական հասարակությունն էլ պետք է հասկանա, թե ինչպես մոտենալ իշխանություններին, ինչում օգնել եւ ինչպես օգնել»:«Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի` գլխավոր փորձագետ-հետազոտողը նաեւ այն տեսակետն արտահայտեց, որ նման ծրագրերը կօգնեն հորիզոնական կապ հաստատել շրջանների միջեւ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը միայն տեղեկացված է տեղում առկա իրավիճակի մասին, իսկ թե մյուս շրջաններում կամ մայրաքաղաքում ինչ է կատարվում, քիչ ինֆորմացիա կա:Միջոցառման ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ առաջիկայում կազմակերպության գրասենյակում անցկացվելու են դասընթացներ, որոնք ունկնդիրներին հնարավորություն կտան հասկանալ այն գործընթացների մասին, որոնք ե°ւ ուղղակիորեն, ե°ւ անուղղակիորեն կապ ունեն Վրաստանի հետ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ինտենսիվ կուրսեր` բաղկացած դասախոսություններից եւ գործնական աշխատանքներից, որոնք կտեվեն մինչեւ սեպտեմբերի կեսերը: Այս կուրսերի ավարտից հետո ընտրվելու են 10 առավել ակտիվ ունկնդիրներ, ովքեր հանձնարարականներ կստանան, ու հետագայում նրանց աշխատանքները կտրամադրվեն տեղական եվ կենտրոնական իշխանություններին ու միգուցե հաշվի առնվեն վերջիններիս որոշումներում:«Եթե հանկարծ այդ հանձնարարականները չլսվեցին, դա հենց որոշում ընդունողների դժբախտությունն է: Մեր գործն է, որ իրենց տրամադրենք, թե մեր տեսակետով ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրը, նրանց գործն է լսել… Ամեն դեպքում, մենք արդյունքի կհասնենք, եթե այդ զեկույցները որակյալ լինեն, եթե նրանք այն չափանիշերին համապատասխանեն, որոնք ընդունված են աշխարհում: Մենք ունենք այն ծրագիրը, որով ամեն տեղ ուսուցանվում է քաղաքականության վերլուծությունը: Ես հույս ունեմ, որ 10 զեկույցները համապատասխան մակարդակի կլինեն, եւ որ չինովնիկները, պետծառայողները նվազագույնը դրանք կլսեն»,- ասաց Ա. Գեգեշիձեն:Հանդիպման ավարտին հյուրը նաեւ հավելեց, որ այս ծրագիրը 15 ամսվա համար է նախատեսված, բայց եթե սպասված արդյունքի հասնեն, ապա հնարավոր է` ֆինանսավորումը երակարացվի:

No comments: