Friday, June 19, 2009

Հայաստանի և Սիրիայի քաղաքական ու տնտեսական գործակցության մակարդակները պետք է ձգտեն հավասարության, Սերժ Սարգսյան

Tert.am. 18-6-2009- Այսօր կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի և Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար համաժողովի բացումը։ Հայ-սիրիական գործարար համաժողովում կայացած իր ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-սիրիական բարեկամությունը ամուր հիմքեր ունի։ «Ներկա քաղաքական, տնտեսական իրողությունների պայմաններում մեր երկրները կառուցում են նոր որակի` ջերմ և դինամիկ զարգացող հարաբերություններ, որոնցում քաղաքական ու տնտեսական գործակցության մակարդակները պետք է ձգտեն հավասարության։ Այս նպատակը ոչ միայն բարի ցանկություն է, այլև հասանելի թիրախ է, առավել ևս, որ Սիրիայի գործարար շրջանակներում հայազգի ձեռներեցները լուրջ ներկայացվածություն ունեն։ Նշված նպատակի իրացման կարևորագույն միջոցներից մեկը ես համարում եմ մեր երկրների տնտեսավարողների միջև շփումների ակտիվացումն ու գործարարության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված մեր, վստահ եմ, երկուստեք քաղաքական կամքը։ Իմ և նախագահ ալ-Ասադի հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրներին» , - ասել է Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախագահը արձանագրել է, որ երկու ժողովուրդների միմյանց նկատմամբ ունեցած բարեկամական ու եղբայրական զգացումներին ու ձևավորված քաղաքական հարաբերություններին լիովին անհամապատասխան է առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը։ «Երկու երկրների կառավարությունների ջանքերով բավականաչափ նպաստավոր իրավապայմանագրային դաշտ է ձևավորվել՝ առևտրատնտեսական համագործակցություն զարգացնելու համար։ Նախագահ Բաշար ալ Ասադի այցելության ընթացքում ստորագրվել է «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, ինչը առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է», - նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, տնտեսական կապերի ակտիվացմանն ու աշխուժացմանն ուղղված յուրաքանչյուր նախագիծ ստանալու է Հայաստանի աջակցությունը։

No comments: