Thursday, August 13, 2009

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը չեն մեկնաբանում Մեթյու Բրայզայի հնարավոր փոխարինումը Թինա Քեյդենաուով

/PanARMENIAN.Net/ 12.08.2009 - «Մենք չենք կարող հաստատել կամ հերքել Մեթյու Բրայզային Թինա Քեյդենաուով փոխարինելու մասին հայտարարությունը, քանի որ ոչ մի տեղեկատվություն չունենք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնում կփոխարինի Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուն: Երեւանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ Քեյդենաուին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում հնարավոր նշանակման մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային: Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:

No comments: